...

Դետեկտիվը շարունակվում է

Դետեկտիվը շարունակվում է

ՈՒՂՂՈՐԴՈՒՄՆԵՐ

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կատարողների դատավարությունը լավ կազմակերպված, ուղղորդված քարոզչական բեմադրություն է: Ուստի՝ դետեկտիվի շարունակությունը:

Հիշեցնենք, որ այս դրվագաշարի (սերիալի) սկիզբը բացահայտվել էր դեռ 1994-ին՝ «Դրոյի» ցուցակում: Ի դեպ՝ այն ժամանակ էլ հիանալի աշխատեց ահաբեկիչներին քաղաքական ստատուս տվող քարոզչամեքենան: Գործում էր լավագույն, փորձված զենքը՝ բամբասանքը (գաղտնի ծառայությունները հաճախ են դրանից օգտվում): Գործում էր ընտրաբար՝ մեկիկ-մեկիկ աղտոտելով վերոհիշյալ ցուցակով դատապարտվածներին՝ այն ժամանակվա իշխանավորներին:

Դեմոկրատիայի առաջին շնչից արբած մեր ազատական մամուլն էլ իր մասնակցությունն ունեցավ ահաբեկչությունն արդարացնելու «սուրբ» գործում: «Դրոյի» գործով մեղադրյալները հերոսացվեցին, սակայն իշխանափոխությունից հետո էլ բանտից ազատվեցին միայն «իրադրության փոփոխման» արդյունքում: Նրանք այժմ էլ չեն թաքցնում ահաբեկչության հանդեպ իրենց տածած ջերմ սերը: Ատրճանակի վրա երդվող պերմանենտ հեղափոխականները խիստ գաղափարական են և գերադասում են զանազան դատողություններ անել դրա օգուտի մասին: Եվ հենց սրանով էլ ֆոն են ստեղծում մարդասպանների համար:

Իսկ մարդասպանը խոսում է: Առաջին խնդիրը, անշուշտ, որ նա պետք է իրականացնի, հանցագործության ողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելն է: Պատվիրատուից ստացած այս առաջադրանքը կատարվում է այնքան անթաքույց, որ ակամա մտածում ես հակառակ ուղղությամբ: Ոճրագործն այս պահին նաև անձնական խնդիր է լուծում: Նա շատերին է պահում լարվածության մեջ: Հատկապես նրանց, ում «արդարացնում» է: Առայժմ՝ նրանց: Մարդասպանն անընդհատ անուններ է տալիս՝ հերքելով նախաքննական ցուցմունքները: Դատապաշտպանի կեցվածք ընդունած՝ անդադար կրկնում է, որ Ռ. Քոչարյանի շրջապատում եղածներին նախճիրից առաջ չի հանդիպել, նրանց չի պատմել իր ծրագրերի մասին: Սակայն, սույն ելույթներից առաջ էլ նա հող էր նախապատրաստում՝ պաշտպանելով Ռ. Քոչարյանին: Սա առաջադրանքի առաջին մասն է:

Փորձենք կռահել, թե ինչպիսին է լինելու երկրորդը, մանավանդ որ նախադրյալներն արդեն կան: Այսպես. «Ա1+» հեռուստաընկերության եթերում Աշոտ Մանուչարյանի սուր ելույթից անմիջապես հետո Նաիրի Հունանյանը հանկարծ հիշեց, որ նրան հանդիպել է... Այսինքն՝ դատավարության բարձր ամբիոնից տրվեց իշխանություններին այսօր բազմաթիվ տհաճություններ պատճառող գործչի անունը: Պարզ է, որ ոճրագործին օգտագործելու են նաև այս «ուղղությամբ»: Նրա հետ են կապվելու անուններ, դեպքեր, որոնք անհրաժեշտ է «կեղտոտել»: Կրկնում եմ՝ նախադեպ ունեցել ենք: Ոչ վաղ անցյալում ընթացող դատավարության ժամանակ իշխանությունների գործիքը դարձած ամբաստանյալ Վահան Հարությունյանը անուններ էր տալիս՝ Արծրուն Մարգարյան, Վազգեն Սարգսյան: Երկուսն էլ արդեն սպանված էին: Երկուսն էլ չէին կարող հակառակն ապացուցել: Ընդ որում՝ բոլորովին էական չէ, թե հանցագործն ինչպես է պատմում որևէ անձի մասին: Արդարացնում է, մեղադրում է, թե... Կարևորը հետևյալն է. անձն այսպես կամ այնպես առնչվել է հանցագործության հետ, ուրեմն հասարակական գիտակցության մեջ նրա կերպարն աղտոտվում է: Հետո մեր անտարբեր հասարակության բերանը ծամոնի պես մի բան կգցեն, և ամենակարող բամբասանքը կապացուցի կամ կհերքի՝ ինչ ուզենա: Ուրեմն կարելի է եզրակացնել, որ ստուգված այս մեթոդով լարվածության մեջ են պահելու ընդդիմադիր շատ գործիչների՝ հատկապես Վ. Սարգսյանի շրջապատից: Եվ ոչ միայն գործիչների. տուժողների հարազատներն էլ, կարծում ենք, մտավախության իրենց բաժինն ունեն: Ո՞վ գիտի՝ մարդասպանի խելքին երբ կփչի մեղքեր բարդել հենց իր զոհերից մեկի գլխին: Մեռածներն այլևս չեն խոսի...

Եվ այնուամենայնիվ... Ինչու՞ է այսքան վստահ ոճրագործը: Ի՞նչ երաշխիքներ ունի: Չէ՞ որ այսօր գործող օրենքներով բոլոր դեպքերում (կազմակերպիչ է, թե կատարող) նա մահապատիժ է վաստակել:

1. Սա գիտակցելով՝ նա ձգտելու է ժամանակ շահել, օգտվել իրեն ընձեռված խոսելու հնարավորությունից, հերոսի «իմիջ» վաստակել տեռորի ջատագովների օգնությամբ և գոնե որպես ազգափրկիչ մեռնել:

2. Այսօրը անվերջ չէ, Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ և մի օր ստիպված է լինելու վերացնել մահապատիժը: Եվ այդ մի օրը այնքան էլ հեռու չէ: Հետևաբար այս խայտառակ դատավարությունը կարելի է այնքան ձգձգել, մինչև Ն. Հունանյանին «հասնի» ցմահ բանտարկություն: Այս պարագայում արդեն կակտիվանան նրա մարդու իրավունքները պաշտպանող որոշ կազմակերպություններ, ու մի քանի տարի հետո ոճրագործը դուրս կգա բանտից՝ պարգևատրվելով ծառայությունների դիմաց:

Սա քստմնելի հանցագործության սցենարի մի տարբերակն է: Սա ոճրագործին մատուցվող լավագույն վերջաբանն է: Սակայն կա նրա համար աննպաստ վարկած ևս: Իրենց անհրաժեշտ խնդիրները լուծելուց հետո գլխավոր վկայից կաշխատեն ազատվել: Նաիրի Հունանյանը Վահան Հարությունյան չէ: Նա շատ բան գիտի: Եվ երբ դառնա բալլաստ, նրան պարզապես կվերացնեն: Սրա համար էլ կա երկու տարբերակ.

ա) Դատարանը կվճռի մահապատիժ՝ խփելով միանգամից երկու թիրախի. 1. վկայից կազատվեն, 2. ժողովուրդը կբավարարվի:

բ) Նրան կվերացնեն բանտում (միջոցներ շատ կան՝ դանդաղ գործող թույն, ինֆարկտ առաջացնող դեղ՝ ի՞նչ իմանաս)՝ ազատվելով Եվրոպային տհաճություն պատճառող մահապատիժն իրականացնելուց:

Սրանք, անշուշտ, վարկածներ են: Սակայն դետեկտիվը շարունակվում է: Հիշեցնենք, որ մերը՝ հայկականը, քաղաքական է: Ուրեմն՝ հեղաշրջումը շարունակվում է: Ո՞ր հեղաշրջումը: Հոկտեմբերի 27-ին սկսվածը: Իսկ այդ օրը մենք ազգովին չհասկացանք, որ ետ ենք շպրտվում, որ մեր կիսարթուն գիտակցությունն են սպանում, մեր ինքնուրույն մտածելու առաջին ծիլերն են կոխկրտում: Կրակում էին ոչ թե Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի վրա, այլ բոլորիս: Որովհետև բոլորս ենք այս պետության բաղկացուցիչ մասը: Կրակում էին նաև մեր ուղեղին, որ վերջնականապես սպանեն հայոց պետականության միֆը: Կարծես՝ հաջողվում է: Եվ հաջողվում է մեր պատճառով: Որովհետև հազարամյակների մեր պատմությունը քստմնելի ոճրագործությունների հսկայական «ցուցակ» ունի: Որովհետև վերջին հարյուրամյակում անընդհատ գովերգվել է ահաբեկչությունը՝ դասվելով ազգային հերոսությունների շարքը:

Կրակում են մեր չկայացած պետականության վրա, որի տասնամյակն ենք պատրաստվում տոնել այս տարի: Ի՞նչ վաստակով, ու՞մ ենք հռչակելու գլխավոր հերոս...

Լևոն Ասատրյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 198, մայիսի 11, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ