...

Իսկ դրոշները կարմիր են

Իսկ դրոշները կարմիր են

ԵՐԻՏԴԱՇՆԱԿ

Մի քանի օր առաջ իրենց մասին յուրովի հիշեցրին երիտասարդ դաշնակցականները: Երևանի Կինոյի տանը թուրքական կինոնկարի ցուցադրումից առաջ դահլիճ են ներխուժել (պետք է նկատել, որ սրանց մոտ դահլիճ ներխուժելը լավ է ստացվում, լինի դա ԱԺ-ի կամ Կինոյի տան դահլիճը.- խմբ.) փոքրիկ վահանհովհաննիսյաններ՝ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական կազմակերպությունից և չեն թույլատրել, որ թուրքական ֆիլմը ցուցադրվի: Ավելին, այդ դեբոշի ժամանակ նրանք հասցրել են նաև երգել մի շարք ոգեշունչ երգեր՝ «Ստամբուլը պետք է արյան ծով դառնա» երգի գլխավորությամբ, և մի քանի արտահայտություններ հնչեցրել, որոնցից կանիբալիզմի հոտ է գալիս: Մասնավորապես՝ «Մենք ի՞նչ ենք ուտում» տեսական հարցին ամբողջ խումբը գոչել է. «Մենք ուտում ենք թուրքի միս»: Իսկ «Մենք ի՞նչ ենք խմում» հարցին հետևել է «Մենք խմում ենք թուրքի արյուն» պատասխանը: 

2003թ. ապրիլի 23-ին դաշնակներն այրում էին Թուրքիայի կարմիր դրոշը` վրան կիսալուսին և, իհարկե, հրեական աստղը: Ինչո՞ւ հրեական աստղը տուժեց. որովհետև նախընտրական հրդեհման շոուին պետք էր մի քիչ այլ բնույթ հաղորդել, պետք էր այն ծանրակշիռ դարձնել: Ու նրանց անհեռատես, տափակ երևակայությունը ուրիշ ոչինչ երկնել չկարողացավ: Տեսարանը, սակայն, հզորության լիցք չուներ, այն պարզապես քստմնելի էր ու խղճուկ: Հերթական դաշնակցական հոխորտանքն էր, այս անգամ` նախընտրական: Չգիտեմ` ով էր բեմադրության ռեժիսորը, բայց համոզված եմ` անտաղանդ էր: 

Այրում էին կիսալուսնով կարմիր դրոշը` բարձր ծածանելով նույնքան կարմիր դրոշներ` մեկ այլ նշանով: Մի խոսքով, ամեն ինչ կարմիր էր ու դարչնագույն... Բայց այս արնակարմիրն ունի իր նախապատմությունն ու հետագիծը մեր ժողովրդի կյանքում, այս արնակարմիրն ունի նաև ընդհանուր ծագում ու հրեշավոր խորհուրդ: Եվ որովհետև այն համառորեն եկել-հասել է մեզ հետ 21-րդ դար և որովհետև հենց հիմա սպառնում է հայոց պետականությանը, ստիպված եմ նորից անդրադառնալ դաշնակցական դրոշակակիրների անփառունակ անցյալին ու ներկային: 

ԱՆՑՅԱԼԸ 

1908թ. Օսմանյան Թուրքիայում հեղափոխության հետևանքով իշխանության եկած երիտթուրքերի հիմնական գործիքն ու սատարողը դաշնակցականներն էին: Իթթիհատի և ՀՅԴ դրոշներով, հայերեն և թուրքերեն պաստառներով «զինված» ամբոխը ողջունում էր Օսմանյան սահմանադրությունը և Թուրքիայում հռչակում մեկ ժողովրդի գոյություն` օսմանցիներ: Ավելին, ՀՅԴ-ն այդ ժամանակաշրջանում հավակնում էր որոշակի քաղաքական մենաշնորհի և երիտթուրքերի միջոցով այն ստացավ: Համիդյան ռեժիմի տապալումից հետո թուրքերն ամեն ինչ արեցին, որպեսզի իրենց դաշնակիցները` դաշնակները, ընկալվեն որպես հայ ժողովրդի շահերը ներկայացնող միակ կազմակերպության ներկայացուցիչներ: Սրանք էլ իրենց հերթին ժամանակ չէին կորցնում թշնամիներին` հայազգի հակառակորդներին, ոչնչացնելու ջիհադը հաղթական վերջակետին հասցնելու համար: Դավաճանություններ, քաղաքական հաշվեհարդարներ ազգակիցների նկատմամբ, կեղտոտ ինտրիգներ Ռուսաստանում ու Եվրոպայում. սա էր նրանց գործունեության հիմնական ոլորտը: Իսկ մենք` հայերս, կորցրինք ժամանակ, թանկ ժամանակ` սեփական ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար: Մեր անհեռատեսությունն ու կուսակցական կոմիտեճիների խառնակչությունը թանկ արժեցան: 1895-96թթ. կոտորածները, նույն թվականների և հետագայի թուրք տարատեսակ ղեկավարների արտահայտած կարծիքները հայկական հարցի մասին, 1908-09թթ. արդեն երիտթուրքերի կազմակերպած ջարդերը մեզ չսթափեցրին: Ոչ մի կերպ չէինք ուզում հասկանալ, որ Օսմանյան կայսրության պետական քաղաքականության մեջ հայերիս ինքնավարությունը տեղ չունի, ոչ մի կերպ չէինք ուզում հասկանալ, որ Թուրքիան ուզում է «ազատվել» մեզնից, իսկ Ռուսաստանին պետք է միայն հայկական տարածքը: Ուրեմն 1908-ից դաշնակների թեթև ձեռքով և երիտթուրքական սահմանադրությամբ մենք մեզ պիտի օսմանցի հորջորջեինք... Պատմական բազմաթիվ փաստաթղթեր ապացուցում են, թե ինչպես հենց նույն կուսակցության ջանքերով այն ժամանակ սառեցվեց ինքնավարության խնդիրը: Պատմական փաստաթղթերն ու եղեռնը վերապրողների հուշերն ապացուցում են նաև, թե ինչ տկարամտությամբ և ինքնասիրահարվածությամբ էին սրանք պաշտպանում կուսակցական շահերը: Երբ վրա հասավ Առաջին աշխարհամարտը, ռուսահայ դաշնակները հայ կամավորական ջոկատներ էին պատրաստում ռուսական բանակի շարքերում կռվելու համար, իսկ թուրքահայ դաշնակները կոչ էին անում հայ երիտասարդներին ծառայել թրքական բանակում, բայց ռուսների դեմ զենք չվերցնել: Հիշեցնեմ` թուրքերն օգտվեցին սրանից: Նրանք զենք չէին տալիս հայերին, այլ պարզապես հավաքում էին նրանց ու տանում սպանդանոց: Ավելին, դաշնակներն իրենք էին «որսում» հայ դասալիքներին ու հանձնում թուրքերին: Պետական գործ էին անում: Սա մինչև 1915-ն էր: Եվ սա միայն մի չնչին մասն էր այն հրեշավոր հանցանքների, որ նրանք գործել էին Արևմտյան Հայաստանում: Իսկ 1915-ին թրքական պետությունն իրականացրեց իր ծրագիրը, իրականացրեց` լուրջ, կազմակերպված, համազգային դիմադրության չհանդիպելով: Համոզված եմ` մենք ժամանակ կորցրինք իրար կոկորդ կրծելով և արձակեցինք թշնամու կապերը: Կորցրինք ժողովուրդ, կորցրինք հայրենիք: 

Եվ գուցե սեփական մեղքը կոծկելու համար է, որ այս կուսակցությունը 1921 թվից հետո սփյուռքում, հիմա էլ Հայաստանում բոլորիս փորձում է հավատացնել, որ իրենն է Ցեղասպանության զոհերի արդար դատի պաշտպանությունը: Գուցե այս է պատճառը, որ դաշնակներն ընտրում են ամենաճղճղան, ամենահոխորտալից տոնայնությունն այս հարցի մասին խոսելիս: «Ստամբուլը դարձնենք արյան ծով»,- գոչում են մերօրյա կուսակցականները, մեկը հարցնող լինի` ինչպե՞ս: Ցեղասպանության զոհերի վրեժը լուծելու պատրվակով արդեն 80 տարի է ինչ արդարացնում են ահաբեկչությունը: Միայն այս կարմրադարչնագույն մեթոդն ավելի հաճախ օգտագործում են մեզ` հայերիս, վախեցնելու, սպանելու, ստորացնելու նպատակով: Շահերն այն ժամանակ ու հիմա էլ նույնն են` կուսակցական-թայֆայական: Երբեք էլ չեն հասկացել ազգային նպատակը, երբեք էլ չեն հարգել օրենքը, երբեք էլ նրանց պետք չի եղել ազգային պետությունը: 1918-20թթ. դաշնակցականներն իշխանություն էին անկախ Հայաստանում: Ինչ ստացվեց` գիտենք, ինչով ավարտվեց` նույնպես: 

Ինչպես միշտ ձգտում էին ոչնչացնել հայ հակառակորդներին: 1918թ. Բաթումում ստորագրված պայմանագրով թուրքերին խոսք էին տվել ազատվել Անդրանիկ զորավարից: Արեցին: 1919-ին զինաթափեցին նրա վաշտը և զորավարին ստիպեցին հեռանալ հայրենիքից: Ո՞վ տուժեց: Իհարկե, Հայաստանը: Եվ 1920-ին Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրն էր սրանց քաղաքական մտքի արգասիքը: Մեծ եղեռնի շարունակությունն էին տենչում թուրքերը: Չստացվեց: Որովհետև Ալեքսանդրապոլի պայմանագիրն ուժի մեջ չմտավ: Որովհետև քիչ ավելի իրատես դաշնակները Հայաստանը հանձնեցին բոլշևիկներին: Եվ երկիր մտան ուրիշ կարմիր դրոշներ: Կարմիր դրոշակներով մաուզերիստական տեռորը փոխարինվեց բոլշևիկյանով` նույնքան կեղտոտ: Միայն թուրքերի վտանգը հեռացավ, որովհետև սահմանը ռուսական-սովետական էր: Անցյալն այսպիսին էր: (Սփյուռքում կատարած բազում գործերի մասին լավ գիտեն սփյուռքահայերը, թող նրանք խոսեն): 

Շարունակելի

Գրիգոր Խաչիկյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 290, Ապրիլի 29, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   426 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ