...

«Ազգային գաղափարախոսության» չարչիները

«Ազգային գաղափարախոսության» չարչիները

ՓՈ՞Ղ, ԹԵ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկու տարի շարունակ Դաշնակցությունը քննադատում էր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, մեղադրում նրան մարդկությանը հայտնի բոլոր մեղքերի մեջ, խոսում ժողովրդի անունից և այլն: Ու հանկարծ... վերջին պահին հայտարարեց, թե Ղարաբաղի Դաշնակցությունը ԼՂՀ նախագահական ընտրություններում պաշտպանում է Արկադի Ղուկասյանի թեկնածությունը: Ճիշտ է՝ դրանից մի քանի օր առաջ Ղարաբաղի մի քանի շահութաբեր ձեռնարկություններ տրվել էին դաշնակներին: 

Ճիշտ նույն կերպ Դաշնակցությունը վարվում է Հայաստանում. ամեն անգամ որևէ շահութաբեր ձեռնարկության սեփականաշնորհման նախօրեին մի թեթև գռմռում է՝ թե իբր իր դիրքորոշումը կարտահայտի Քոչարյանի հերթական խայտառակ քայլի վերաբերյալ, հետո ստանում է ձեռնարկությունը (որևէ շուկա) կամ որևէ պաշտոն ու սկսում «ըմբռնումով մոտենալ»: Ընդ որում, Հայաստանում սա կոչվում է «ազգային գաղափարախոսություն», թեև, հավաստի տեղեկությունների համաձայն, նման կերպ «ըմբռնումով մոտեցողներին» Փարիզի Պիգալ հրապարակում կամ Մոսկվայի Տվերսկայա փողոցում միանգամայն այլ անունով են կոչում: 

Բայց էականը սա չէ: Ի վերջո ՀՅԴ ներկա ղեկավարներից որևէ այլ կեցվածք (քաղաքական իմաստով) ակնկալելը միամտություն կլիներ: Էականն այն է, որ հաճախ շարքային դաշնակցականներն իրենց հերթին «ըմբռնումով են մոտենում» ղեկավարության այս կեցվածքին (քաղաքական իմաստով): Նույնիսկ նրանք, ովքեր եղե՛լ են Պիգալ հրապարակում կամ Տվերսկայա փողոցում: Որպես կանոն, արդարացումը հետևյալն է. «Իհարկե, Քոչարյանի իրականացրած քաղաքականությանը հավանություն տալն ու նրան սատարելը անբարոյականություն է, բայց ՀՅԴ-ն վերջին հաշվով դա անում է հանուն ազգի: Փորձում է ձեռք բերել քաղաքական ու տնտեսական լծակներ, և երբ դրանք բավարար կլինեն (ևս մի քանի շուկա, մի քանի մարզպետի պաշտոն, մի քանի միլպետ և այլն), ՀՅԴ-ն կտապալի Քոչարյանին և կսկսի ազգային գաղափարախոսություն իրականացնել»: 

Սա ընդամենը նշանակում է, որ ՀՅԴ-ն պատրաստվում է վերցնել իշխանությունը: Ընդ որում՝ վերցնել ուժի և փողի միջոցով: Դրա համար էլ ուժ և փող կուտակելու ճանապարհին միջոցների միջև խտրություն չի դնում: Պարզ ասած, կա իշխանության հասնելու երկու ճանապարհ. առաջինը ժողովրդի վստահության քվեն ստանալու ճանապարհն է (դա ամրագրված է Սահմանադրությամբ), երկրորդը՝ հեղաշրջումը (ուղղակի կոպիտ ուժով կամ ուժային մեթոդներով ընտրությունների արդյունքները կեղծելով): Դաշնակցությունը չի էլ թաքցնում, որ ընտրել է երկրորդ ճանապարհը: Եվ բացահայտորեն նախապատրաստվում է դրան՝ աստիճանաբար իր շոշափուկները տարածելով թե՛ տնտեսական դաշտում, թե՛ պետական կառավարման մարմիններում և ուժային կառույցներում: Իսկ թե քանի թաքնված դաշնակցական կբացահայտվի վերջին պահին՝ դեռ հայտնի չէ: 

Հանուն ճշմարտության պետք է խոստովանել սակայն, որ իշխանության հասնելու ճանապարհների միջև ընտրություն կատարելիս Դաշնակցությունն այլընտրանք չուներ: Որովհետև ժողովուրդը շատ լավ ծանոթ է Դաշնակցության կեցվածքին (քաղաքական իմաստով) և ոչ մի դեպքում իր ձայնը չի տա այդ կուսակցությանը: 

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 380, հուլիս 23, 2002 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ