...

ՌԵՏՐՈ. Ռոբերտ Քոչարյանն ընդունում է «ընդհանուր պետության» առաջարկները

ՌԵՏՐՈ. Ռոբերտ Քոչարյանն ընդունում է «ընդհանուր պետության» առաջարկները

ԷՎՈԼՅՈՒՑԻԱ

Կոմպլեմենտար արտաքին քաղաքականության դիմակը պատռվեց: Բացահայտվեց «ընդհանուր պետություն» կոչվող փաստաթղթի բուն էությունը՝ այն, ինչը իշխանությունները, օգտվելով հասարակության անտեղյակությունից, գավառական հարայ-հրոցով ներկայացնում էին որպես դիվանագիտական հաղթանակ:

Պարզվեց, որ «ընդհանուր պետություն» կոչվող առաջարկությունների փաթեթն ընդամենը մի փաստաթուղթ է, որը վերջնականապես ամրագրում է Ղարաբաղի գոյությունն Ադրբեջանի կազմում՝ միաժամանակ հայկական կողմին պարտադրելով զորքերը դուրս բերել առանց բացառության բոլոր գրավյալ տարածքներից (այդ թվում՝ Լաչինից): Եվ խայտառակ այս փաստաթուղթն ընդունել է և՛ Հայաստանի նախագահ, աննկուն վոին Ռոբերտ Քոչարյանը, և՛ ԼՂՀ նախագահ (մանավանդ՝ Սամվել Բաբայանին մեկուսացնելուց հետո) Արկադի Ղուկասյանը

Փոքրիկ երեխան, բանալու անցքից տեսնելով, թե ինչ է կատարվում ծնողների ննջարանում, ինքն իրեն քրթմնջում է. «և այս մարդիկ ինձ արգելում են քիթս քչփորել»: Իսկապես. և այս մարդիկ «նախորդ հանցավոր ռեժիմին» քննադատում էին Ղարաբաղը ծախելու և պարտվողական քաղաքականության համար: Եվ ոչ միայն «այս մարդիկ»: Նաև՝ Կինոյի տանը հավաքված նոմենկլատուրային մտավորականները (հատկապես իրենց զավակների համար արտասահմանյան քաղաքացիություն դզելուց հետո), Աստվածաշունչը թողած՝ ատրճանակի վրա երդվող կոմպլեքսավոր ազգափրկիչները, կոմսոմոլի վերացումից հետո տիրոջը կորցրած շան նման ամեն զիբիլ հոտոտող ու «հայրենասիրությունը» որպես ոսկոր գտնելու վերջին հնարավորություն տեսնող ձրիակերները... 

Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրաժարականի խոսքում ասաց՝ ժամանակը ցույց կտա, թե իրականում ով է ծախում Ղարաբաղը: Ռոբերտ Քոչարյանը ոչինչ չի ասում: Նա ընդունում է «ընդհանուր պետության» առաջարկները, որը, մեր մեջ ասած, ավելի շատ ընդունման-հանձնման անդորրագիր է հիշեցնում: Հետո դիմում է սփյուռքահայությանը՝ «վստահեք ինձ ղարաբաղյան հարցի լուծումը, ես դրա համար շատ մեծ գին եմ վճարել»: Իսկ մենք, միամիտներս, կարծում էինք, թե դեռ նոր է վճարելու: Պարզվում է՝ արդեն վճարել է: 

Իսկ մենք՝ միամիտներս, կարծում էինք, թե Ռոբերտ Քոչարյանը ոչ թե սփյուռքահայության նախագահն է, այլ Հայաստանի և պարտավոր է առաջին հերթին դիմել Հայաստանի բնակչությանը: Հայաստանում որևէ մեկը վստահո՞ւմ է Քոչարյանին, համաձա՞յն է, որ նա միանձնյա որոշում կայացնի Ղարաբաղի հարցում: Թե՞ Ռոբերտ Քոչարյանը մտածում է, որ Հայաստանում այլևս հասարակություն չկա, մնացել են մի խումբ սոված ու վախեցած խեղճեր, որոնց կարելի է ահաբեկել, բանտարկել, վերջապես՝ ինքնասպանել... 

Հուսանք՝ սխալվում է: 

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ իշխանություն», No 156, փետրվարի 23, 2001թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ