...

Ստրկության իներցիայի շահագործումը

Ստրկության իներցիայի շահագործումը

«Ռետրո» խորագրով ներկայացնում ենք «Չորրորդ իշխանություն» թերթում առնվազն 10-20 տարի վաղեմությամբ հրապարակված այն նյութերը, որոնք մեր օրերի հետ, թերևս ոչ զարմանալիորեն, համահունչ են։

ԿԱՐՈՏԱԽՏ

Մարդկությանը բավականին մեծ ճշգրտությամբ հայտնի է, թե կոնկրետ ինչ բուսատեսակների վրա էին գտնվում ուրիշ ազգերը, երբ հայերը թատրոն ունեին: Նույնքան ճշգրտորեն հայտնի է նաև, թե Հայաստանը կոնկրետ ինչ մշակութային օջախ է բաց երկնքի տակ:

Բայց ահա վերջերս մի բավականին ընդգրկուն սոցիոլոգիական հետազոտություն էինք իրականացրել երևանցիների շրջանում, որտեղ, ի թիվս այլ հարցերի, խնդրել էինք նաև համեմատել Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներին: Առաջին նախագահի ձայները, բնականաբար, ավելի շատ էին, բայց... հարցվածների կեսից ավելին դժվարացել էր պատասխանել (կոնկրետ թվեր չենք հրապարակում՝ հնարավոր շահարկումներից խուսափելու նպատակով): Այս ֆենոմենը բացատրության կարիք ունի, այլապես կարող է սխալ պատկերացում ստեղծվել ՀՀ ազգաբնակչության մտավոր ունակությունների վերաբերյալ:

Եվ այսպես, որպես ելակետ ընդունենք հետևյալ աքսիոմները.

  1. Հայ ժողովուրդը հիմար չէ,
  2. Առաջին նախագահի օրոք արձանագրվել են ե՛ւ փայլուն հաջողություններ, ե՛ւ մեծ ձախողումներ,
  3. Երկրորդ նախագահի օրոք արձանագրվել են բացառապես մեծ ձախողումներ (մեղմ ասած):

Ուրեմն ինչու՞ ժողովուրդը (որն, ըստ առաջին աքսիոմի, հիմար չէ) չի կարողանում կողմնորոշվել, թե ում տա նախապատվությունը: Պատճառները մի քանիսն են:

1. Մենք այդպես էլ չսիրեցինք մեր անկախությունը: Աֆրիկյան ցեղերն, օրինակ, հարյուրավոր տարիներ պայքարում էին հանուն այդ անկախության, միլիոնավոր զոհեր էին տալիս և, բնականաբար, անկախանալուց հետո պիտի հպարտանային դրանով: Մեր անկախությունը մեզ տրվեց գրեթե առանց պայքարի: Իսկ խորհրդային կայսրությունում երշիկը էժան էր... Ի դեպ՝ էժան չէր: Ավելին՝ անկախացման պահին ընդհանրապես չկար: Երկրում սով էր: Սա, չգիտես ինչու, քչերն են հիշում: Քչերն են հիշում, որ երբ Հայաստանն անկախացավ, ու ժողովրդավարները ստանձնեցին նորանկախ պետության ղեկը, երկրում նույնիսկ հացն էր կտրոնով, իսկ ֆինանսական համակարգն այնքան կաթվածահար էր, որ ռուբլին կիլոգրամով էին չափում:

Բայց ժողովուրդն Առաջին նախագահին չներեց մեր անկախությունը: Իհարկե, առանձին-առանձին բոլորը հասկանում են, որ էներգետիկ ճգնաժամի ու շրջափակման պայմաններում պատերազմ հաղթելը հերոսություն էր, բայց սա՝ առանձին-առանձին: Բոլորը միասին՝ արդեն չեն ուզում հասկանալ: Անհարմար են զգում: Եվ հոգեբանորեն սա հասկանալի է. ո՞վ կհամարձակվի գարեջրատանը Բախ լսել, և ո՞վ կհամարձակվի չծաղրել Բախ լսողին:

2. Որքան էլ տարօրինակ հնչի, բայց Քոչարյանին հանդուրժելը նույնպես ուղղակիորեն կապված է խորհրդային կարոտախտի հետ: Իհարկե՝ ո՛չ նյութական իմաստով: Պարզապես գոյություն ունի նաև հոգեբանական կարոտախտ: Անկախության առաջին տարիներին ժողովուրդը հոգեբանական դիսկոմֆորտի մեջ էր ընկել: Ինչպիսի~ խայտառակություն, կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք քննադատում են իշխանություններին, կան բազմաթիվ թերթեր և հեռուստաընկերություններ, որոնք ինչ ուզում՝ ասում են, և այլն: Ափսոս չէ՞ր Խորհրդային Միությունը. կար մի կուսակցություն, կար մի թերթ (տարբեր անվանումներով), բոլորը գիտեին, թե ինչ այլանդակություններ են կատարվում իշխանության վերին օղակներում, բայց ձևացնում էին, թե չգիտեն... ու կյանքը հեշտ էր...

Հենց այսպիսի երկիր է փորձում սարքել Քոչարյանը, և ժողովուրդը ըմբռնումով է մոտենում սրան: Որովհետև հայտնի ճշմարտություն է՝ եթե ժողովուրդը ոչինչ չունի կորցնելու՝ շղթաներից բացի, ուրեմն նաև կարոտով հիշելու ուրիշ բան չունի շղթաներից բացի:

Իսկ ո՞ւր մնաց բարոյականությունը: Չէ՞ որ ընտրություն կատարել Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև, ըստ էության, նշանակում է հանրապետության առաջին նախագահին համեմատել մի մարդու հետ, ով հրապարակավ մեղադրվում է ծանրագույն հանցագործությունների հետ կապ ունենալու մեջ, և իր ցանկացած քայլով է՛լ ավելի է ամրապնդում առկա կասկածները:

Հետաքրքիր է՝ այդ երբվանի՞ց հասարակության կեսից ավելին սկսեց «ըմբռնումով մոտենալ» մարդասպանությանը: Այդ երբվանի՞ց սկսեց քննարկել, թե մարդասպանությունը պետության համար օգտակա՞ր էր, թե՞ վնասակար: Դա ի՞նչ քննարկելու թեմա է:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի հույսը հենց նրանք են, ովքեր «դժվարանում են պատասխանել»: Որովհետև հենց նրանք են ըմբռնումով մոտենում ցանկացած ոճրագործության՝ պատճառաբանելով, թե «երեխա ենք պահում», հենց նրանք են պատրաստ ոտնահարել ցանկացած բարոյական արժեք, և հենց նրանց նմանների համար էր կազմակերպված Կուկուի հրապարակային մուշտին: Ցավոք, նրանք մեծամասնություն են:

Իսկ ընդհանրապես, եթե մարդը դժվարանում է ընտրություն կատարել ստրկության և ազատության միջև, ուրեմն նա արդեն կատարել է իր ընտրությունը. ազատությունը նրան հակացուցված է:

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 382, հուլիս 30, 2002 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ