ՔԱՂԱԶԴ
Հզորագույն բնազդներից մեկը, ինչպես հայտնի է, վախն է: Մասնավորապես՝ կատարած հանցագործությունների համար պատժվելու վախը: Եվ բնականաբար, որքան մոտենում է հնարավոր հատուցման պահը, այնքան վախը մեծանում է:
Իշխանություններն ամենաշատը վախենում են Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձից: Եվ դրա դեմ պայքարելու միջոցներ են փնտրում: Միջոցներից մեկն էլ հետևյալն է. հասարակության մեջ բանավեճ են սկսում «Կվերադառնա՞ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը» թեմայով և փորձում հասարակության մեջ այն միտքը ներարկել, թե նրա վերադարձն անհնար է, որովհետև նա վերադառնալու է իր շրջապատի հետ միասին, իսկ նրա շրջապատը վարկաբեկված է...
Օրինակ, վերջերս այս միտքն էր զարգացնում Տիգրան Թորոսյանը՝ սեփական համառ նախաձեռնությամբ հայտնվելով «Արմատ» կազմակերպությունում և բանավեճ ծավալելով վերոհիշյալ թեմայով: Հիշեցնենք, որ սա այն նույն Տիգրան Թորոսյանն է, որը նախորդ իշխանությունների օրոք թրև էր գալիս ՀՀՇ-ի մերձակայքում և աղերսում, որ իրեն ընդունեն կուսակցության մեջ, իսկ երբ չստացվեց, վշտից դարձավ տարոնական՝ հետո ամիսներ շարունակ ուրախությունից տեղում ցատկոտելով, որ իր կուսակցությանը հաջողվեց մտնել «Հանրապետություն» դաշինքի մեջ: Բայց էականը սա չէ: Նախ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է որոշելու՝ վերադառնո՞ւմ է, թե՞ ոչ: Եվ որևէ բանավեճ այս թեմայով անիմաստ է: Երկրորդ՝ նա ինքն է որոշելու, թե որ շրջապատի հետ է վերադառնում (մանավանդ որ նրա հետ միասին իշխանությունից հեռացել են միայն քաղաքական հստակ գաղափարների կրողները, իսկ մյուսներն այսօր Քոչարյանի շրջապատում են ու վաղն էլ ուրիշի շրջապատում են լինելու՝ եթե չվռնդեն): Եվ վերջապես՝ ամենակարևորը:
Ինչո՞ւ պիտի վերադառնա Լևոն Տեր-Պետրոսյանը: Եթե դա անձնական հավակնությունների խնդիր է, ապա նրա համար հնարավոր չէ պատկերացնել ավելի լավ վիճակ, քան հիմա է: Նա Երրորդ հանրապետության առաջին նախագահն է, ում օրոք ստեղծվել են պետական կառույցները, ստեղծվել է բանակը, ընդունվել է Սահմանադրությունը, հաղթահարվել է էներգետիկ ճգնաժամը: Նրա օրոք հաղթել ենք ղարաբաղյան պատերազմը և զինադադար պարտադրել հակառակորդին: Այսինքն՝ մեր պատմության էջերում նրա համար փառավոր տեղն ապահովված է: Հետևաբար, եթե նա որոշի վերադառնալ, այդ քայլին դիմելու է ոչ թե անձնական նկատառումներով, այլ երկիրը այս վիճակից դուրս բերելու մտահոգությամբ:
Որովհետև Քոչարյանի իշխանության օրոք է, որ թուրքի մոլեռանդությամբ ոչնչացվում են քաղաքական հակառակորդները, գավառական ջեբկիրի ճարպկությամբ ու հապճեպությամբ վաճառվում է այն ամենը, ինչին «գին են տալիս», Քոչարյանի իշխանության օրոք է, որ արտագաղթի տեմպերը համեմատելի են Լենկթեմուրի ժամանակների հետ, որ երկրի ողջ տնտեսությունը բաժանվում է մի քանի (անպայման՝ ծագումով բաքվեցի) հոգու միջև, որ ժամանակին Հայաստանից փախած ու ռուսաստաններում ռեկետով հարստացած ինչքան «խառոշի» կա՝ գալիս-Հայաստանում «բիզնես» է անում, որ Սփյուռքում ինչքան տեռորիզմի դեմ պայքարող մարմիններից մազապուրծ բաշիբոզուկ կա՝ գալիս-Հայաստանում Հայաստանի բյուջեի հաշվին մեզ հայրենասիրություն է սովորեցնում...
Երկիրն այս աղբից ազատելը ոչ թե հաճույք է, այլ ծանր աշխատանք: Եվ եթե կուզեք՝ Հայաստանին ոչ թե նախագահ է պետք, այլ հավաքարար: Որ գա և երկիրը մաքրի այս աղբից: Իսկ երկրի ու ժողովրդի համար մեծագույն պատիժը հենց այն կլինի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշի չխառնվել այս ամենին:
Ի դեպ, դա նաև Քոչարյանի համար կլինի մեծագույն պատիժը: Որովհետև այլ է, երբ փորձում են քաղաքակիրթ մեթոդներով երկիրը երկիր դարձնել. և միանգամայն այլ, երբ դա անում է ժողովուրդը՝ ներքևից: Ասում են՝ ցավոտ է:
Գրիգոր Ոսկանյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 385, օգոստոսի 9, 2002 թ.