ԿԵՆՍԱԿԵՐՊ
Օրերս մամուլում տեղեկատվություն հայտնվեց, թե հանրապետականների որոշակի մասը վերջնագրով դիմել է իր ղեկավարությանը՝ պահանջելով ջանքեր գործադրել, որպեսզի խորհրդարանը լուծարվի, և կազմակերպվեն արտահերթ ընտրություններ: Խորհրդարանի նախավերջին նստաշրջանի նախօրեին մամուլ թափանցած այս գերինքնաքննադատական տեղեկատվությունն առաջին հայացքից հույս է ներշնչում, որ հարգարժան երեսփոխանները մեկ անգամ ևս վերագնահատելով իրենց գործունեությունը, հիշելով, թե ինչպես էին ահաբեկչի սպառնալիքներին ենթարկվելով մտել աթոռների տակ, հիշելով, թե ինչպես էին խեղճացել, երբ Ռ. Քոչարյանն իրենց վրա մատ էր թափ տալիս, վերջապես մտաբերելով, թե ինչպիսի օլիմպիական հանգստությամբ էին վերաբերվում գործող նախագահի կողմից Սահմանադրության և օրենքների պերմանենտ խախտումներին, մի խոսքով, արժևորելով անցած փառավոր ուղին, որոշեցին ինքնուրույն լուծարվել, որպեսզի փրկեն արժանապատվության մնացորդները:
Ավաղ, խոր ցավով պետք է նշենք, որ վերոգրյալ երկարաշունչ նախադասությունը լիովին անիմաստ է: Ինչ-ինչ, քաղաքացիական կեցվածքը երբեք չի կազմում մեր երեսփոխանների բարոյական կերպարի հիմքը: Արդ, ինչու են հանրապետականները պահանջում խորհրդարանի արտահերթ ընտրություններ: * * *
Թեպետ Քոչարյան - ՀՀԿ քաղաքական սիրավեպը դեռ շարունակվում է, և երկու կողմն էլ ջանք չեն խնայում, որպեսզի հանրությանը ցույց տան, թե փոխադարձաբար որքան ջերմ են իրենց զգացմունքները (մանավանդ այդ գործում ակտիվ է քնքույշ Տիգրան Թորոսյանը), ակնհայտ է, որ Քոչարյանը փորձում է կողմնակի կապեր, այսինքն՝ հենարաններ որոնել: Ճիշտն ասած, Քոչարյանի այս մարտավարությունն ամենևին էլ նոր չէ: Դեռևս 1998թ. ընտրություններից առաջ նա քաղաքական չուլանից հանեց և շրջանառության մեջ դրեց մի շարք միկրոսկոպիկ քաղաքական ուժեր, որոնցից էլ կազմեց իր թիմը:
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ այդպիսի քաղաքական ուժերից էր սկզբնական շրջանում կազմվել նաև Հանրապետականը. որը Աշոտ Նավասարդյանի անժամանակ մահվանից հետո հայտնվել էր բավականաչափ երկիմաստ վիճակում: Սակայն հանրապետականների բախտը բերեց, քանի որ մի գեղեցիկ օր Վազգեն Սարգսյանը որոշեց ստեղծել կուսակցություն, և նրա ընտրությունը կանգ առավ ՀՀԿ-ի վրա: Չեմ ուզում նորից վերաշարադրել Մոխրոտի և արքայազնի սիրավեպը, նշեմ միայն, որ շնորհիվ Վազգեն Սարգսյանի հեղինակության և քաղաքական կշռի ՀՀԿ-ն սկսեց արագ թափ հավաքել, ետևում թողնելով բոլոր գաճաճային կուսակցությունները: Որպես թափ հավաքող քաղաքական ուժ, հանրապետականները արդեն լուրջ վտանգ էին ներկայացնում Քոչարյանի միահեծան իշխանության համար: Այդ իսկ պատճառով Քոչարյանը՝ չեզոքացնելով ՀՀԿ իր համար առավել անցանկալի հատվածը (Արամ Սարգսյանին և նրա թիմը), մնացյալին թողեց կառավարող կուսակցության կարգավիճակում: Այ, այստեղ ՀՀԿ-ն պետք է հասկանար, որ իրեն նորից վերադարձրել են միկրոսկոպիկ կուսակցությունների շարքը: Բայց իշխանության համը փորձած կուսակցությանն արդեն դժվար էր ստիպել մեղմացնել ախորժակը: Արդյունքում Ռ. Քոչարյանը սկսեց փնտրել նոր ընկերներ:
Ովքե՞ր կլինեն Քոչարյանի հերթական հենարանները: Ամենայն հավանականությամբ այդ խայտաբղետ կոլեկտիվում հիմնական դերը հատկացվելու է «Հաղթանակ» անունով հանելուկային կուսակցությանը, որի ստեղծմանը ուղղվելու է ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսը: Իրենց արժանի դերակատարումը, իհարկե, կունենան նաև ՀԿԿ-ից, ՀԺԿ-ից, ԱԺՄ-ից, ԱԻՄ-ից առանձնացված նորացված կոմունիստները, ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, Սեյրան Ավագյանի ԺԱՄ-ը և Ներսես Զեյնալվանդյանի թևը ԱԻՄ-ից, որը չնայած դեռ չունի անվանում, բայց արդեն հասցրել է զարմացնել բոլորին՝ հայտարարելով, որ իրենց կուսակցությունը լինելու է առանց հավակնությունների, այսինքն, Քոչարյանից մի մինիստրի պաշտոն էլ չեն ուզելու:
Սակայն, նույնիսկ այս պայմաններում, ՀՀԿ-ն ունի իր վերջին դերակատարումը: Այն, օգտագործելով ադմինիստրատիվ ողջ ներուժը, պետք է ապահովի նախագահական ընտրությունները: Սակայն ոչ մի ՀՀԿ-ական գոնե կես տոկոսի երաշխիք չունի, որ Ռ. Քոչարյանը իրենց համար կպահպանի խորհրդարանական մեծամասնությունը: Իհարկե, չի բացառվում, որ Մարգարյանը կպահպանի իր աթոռը: Բայց Մարգարյանի աթոռն էլ շատ քիչ է հետաքրքրում կուսակցական շարքերին:
ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՂԵՏԸ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԴՐԱ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ
Խորհրդային տարիներին, երբ կինն ամուսնուն կասկածում էր դավաճանության մեջ, նա բողոք էր գրում տեղկոմ, պարտկոմ, կոլեկտիվին: Մոտավորապես նույն քայլին են դիմել նաև հանրապետականները: Եթե Քոչարյանը մինչև նախագահական ընտրությունները լուծարի ԱԺ-ն, ապա հնարավոր կլինի վարչարարական լծակներ օգտագործելով մեծամասնություն կազմել ապագա ԱԺ-ում, առավել ակտիվ դերակատարում ունենալ նախագահական ընտրություններում և դրանից հետո պահանջել Քոչարյանից մի շարք ռեալ իշխանական լծակներ:
Անկեղծ ասած, չեմ կարծում, որ Քոչարյանը համաձայնվի և լուծարի ԱԺ-ն: Այնպես որ, այս վերջնագրի արդյունքը, կարծում ենք, նույնն է լինելու, ինչ-որ անհավատարիմ ամուսնուն վերադարձնելու պահանջով տեղկոմին հասցեագրված նամակինը:
Ա. Ալեքսանյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 230, սեպտեմբերի 20, 2002 թ.