Պարտություն
Արդեն մի քանի ամիս է, ինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հայրենի իշխանությունների ու միջազգային հանրության գործունեությունը պասիվ փուլում է գտնվում: Համենայն դեպս, մեր հասարակության համար, որը սովոր է հետևել Քոչարյան-Ալիև հանդիպումներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցող բանակցություններին՝ Փարիզում, Քի Ուեսթում կամ այլուր, այսօր հակամարտության կարգավորման ակտիվ և գործուն քայլերը, եթե այդպիսիք նույնիսկ կան, տեսանելի չեն:
Այն, որ մենք Ղարաբաղի հիմնախնդիրը տակավին չենք լուծել, վերջերս հիշեցրեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցելությունից և հակամարտող երկրներին հիմնախնդրի լուծման նոր առաջարկների մասին տեղեկատվություն տարածելուց հետո նա մասնավորապես ակնարկեց, թե չի բացառվում, որ այդ նոր առաջարկների համատեքստում Հայաստանն ու Ղարաբաղը վերամիավորվեն: Հիշյալ հայտարարությունը կարելի էր սենսացիոն ու հաղթական համարել, եթե այն մեր պետության համար այդքան վտանգավոր չլիներ: Իհարկե, ղարաբաղյան շարժումից՝ 88-ից ի վեր, դա յուրաքանչյուրիս համար հարցի լուծման իդեալական տարբերակ է: Բայց հարցն այն է, որ անցած տասը տարիների մեր ջանքերը, պատերազմն ու տնտեսական շրջափակումը, Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, ի վերջո, նաև մարդկային կորուստներն ու 98-ի իշխանափոխությունը միայն մի պատճառ ունեին՝ Ադրբեջանն ու այն նույն միջազգային հանրությունը, որն իբր այսօր պատրաստ է համակերպվել Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման հետ, մինչև վերջերս բացառում էր իրադարձությունների նման զարգացման տարբերակն ու հեռանկարը:
Հարց է առաջանում, թե ինչ է փոխվել այսօր: Միանշանակ պետք է ասել՝ ոչինչ: Արևմուտքն ու Ռուսաստանն, ինչպես երեկ, այսօր էլ չեն կարող ընդունելի համարել տարածքային ամբողջականության սկզբունքի խախտում՝ առավել ևս մեր տարածաշրջանում: Դա նրանց ծրագրերի մեջ հաստատ չի մտնում: Ուրեմն ինչի մասին է ակնարկում Վ.Օսկանյանը:
«Կոմպլեմենտարիզմի» կնքահայրը իրականում նոր ոչինչ չի ասում: Այդպիսի ծրագիր իրականում եղել է դեռևս մինչև 99-ի հոկտեմբերի 27-ի հեղաշրջումը, երբ դեռ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն էր հայտարարում, թե 2000-ին Ղարաբաղի հիմնախնդիրը լուծվելու է: Դեռ մինչև «27»-ն էր խոսք գնացել հակամարտության կարգավորման հակամարտող երկրների կողմից իբր փոխադարձորեն ընդունելի և միջազգային հանրության երաշխիքներով ամրապնդվող մի տարբերակի մասին, որին տեղյակ էին և որի մասին ակնարկել էին մասնավորապես Հեյդար Ալիևը, Ժակ Շիրակը և Բիլ Քլինթընը: Հավաստի աղբյուրների պնդմամբ այդ նույն տարբերակի մասին տեղեկացված է եղել նաև նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանը: Ընդ որում, Հայաստանի և Ղարաբաղի միավորման, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի որոշակի տարածք Հայաստանին իբր զիջելու հնարավորության մասին Վ.Սարգսյանին համոզել էր նախագահ Քոչարյանը: Վ.Սարգսյանը նույնիսկ չափազանց ոգևորված է եղել այդ գաղափարից ու իր մտերիմ զինակիցների շրջապատում հայտարարել, թե ղարաբաղյան հիմնախնդրի փայլուն տարբերակ է առաջարկվում Հայաստանին, որի դեպքում իբր Մասիսն էլ է Հայաստանինը լինելու:
Ավելի ուշ, սակայն, նախկին վարչապետը հասկացել է Հայաստանին իբր արվող տարօրինակ «նվիրատվության» իրական հետևանքներն ու դրա ամբողջ լրջությունը: Այդ հարցով, ըստ մեր աղբյուրների, նախագահ Քոչարյանի հետ մեկ-երկու զրույց-պարզաբանումներից հետո նախկին վարչապետը հայտարարել է՝ մենք Ռոբերտի հետ կոնցեպտուալ տարաձայնություններ ունենք՝ մտածեք այդ մասին: Միանշանակ է, որ Վ.Սարգսյանն ու ԱԺ նախկին խոսնակ Կարեն Դեմիրճյանը լիովին տեղյակ էին այդ տարբերակի մասին և կտրականապես դեմ էին Արևմուտքի կողմից մեր մանուկ պետությանն առաջարկվող այդ «շռայլ նվիրատվությունից»: Ի վերջո, պետք չէր նույնիսկ հանճար լինել հասկանալու համար որ ոչ ոք ոչ մեկին հողային տարածքներ հենց այնպես՝ գեղեցիկ աչքերի համար չի նվիրում, առավել ևս՝ ուրիշի հաշվին: Իսկ խոսքը տվյալ դեպքում դարձյալ տարածքային փոխանակման մասին է: «Տարածքային փոխանակում» անվանը, որին ողջ կարողությամբ դիմադրում է Քոչարյանի ռեժիմը և նախընտրում այն անվանել, ըստ էության, «հաղորդակցական միջանցքների բացում», նույնն է և ճիշտ այն, ինչ այսօր արդեն փոքր դոզաներով, բայց հասարակության ենթագիտակցության մեջ ամրապնդելու համար շրջանառվում է՝ Մեղրին և Լաչինն ունենալու են նույն կարգավիճակը: Թե աշխարհաքաղաքական իմաստով դա ինչ է նշանակում՝ բազմիցս է ասվել, ուստի կրկնելու հարկ չկա: Պետք է, թերևս, մեկ անգամ ևս հիշեցնել, որ այդ առաջարկը նշանակում է, որ Հայաստանը կորցնելու է իր ինքնիշխանությունն ու վերահսկողությունն իր տարածքների վրա, Թուրքիայի համար ճանապարհ է հարթելու դեպի Ասիա: Ավելին, դրանով Արևմուտքը Հայաստանը հանձնելու է Թուրքիայի վերահսկողությանն ու տնօրինությանը՝ իբրև տարածաշրջանում Արևմուտքի լիազոր ներկայացուցչի, որի դեպքում Հայաստանը հայտնվելու է թուրքական աշխարհի աքցանի մեջ՝ դառնալով մի փոքրիկ անկլավ, ըստ էության, ոչնչություն: Դա այն է, ինչի հետ չէին կարող համակերպվել մեր սպանված առաջնորդները: «27»-ին այդ ծրագրի իրագործման հիմնական խոչընդոտները՝ Կ.Դեմիրճյանն ու Վ.Սարգսյանը չեզոքացվեցին, բայց, թերևս, պետք էր սպասել: Հայաստանին առաջարկվող «իդեալական» տարբերակը 99-ին և 2000-ին առժամանակ չէր կարող կյանքի կոչվել. հոկտեմբերի 27-ից հետո ներքաղաքական լարված իրավիճակում և կատարված ոճրագործության կազմակերպման մեջ կասկածվող ՀՀ բարձրագույն իշխանություններն ու նաև Արևմուտքը, բնականաբար, սպասելու էին ավելի հարմար ժամանակների ու նպաստավոր պայմանների՝ մինչև ներքաղաքական կյանքը համեմատաբար հանդարտ հունի մեջ մտներ:
Հիմա նրանք, թերևս, որոշել են, որ 99-ից առաջարկվող հակամարտության լուծման իրենց «հանճարեղ» ծրագիրն իրականացնելու ժամանակը մոտեցել է: Հուսանք, որ նրանք սխալվել են: Ամեն դեպքում, մեր հասարակությունն էլ, կարծում ենք, ձեռքերը ծալած չպետք է նստի: Նա առաջին հերթին հակամարտության լուծման նման տարբերակները բացառելուց զատ պետք է պահանջի նաև «27»-ի լիարժեք բացահայտում, որի դեպքում միայն հնարավոր կլինի պարզել կատարվածի ներքաղաքական և աշխարհաքաղաքական շարժառիթներն ու խուսափել Հայաստան պետության գլխին կախված վտանգներից:
Արման Հեքեքյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 307, դեկտեմբերի 4, 2001 թ.