«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ» ԵՎ ԳԱՎԱՌԱԿԱՆ «ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԸ»
ԵՐԵԿՎԱ ՕՐԸ
Ի՞նչ է կատարվում այժմ Հայաստանում, և ովքե՞ր են գլխավոր դերակատարները:
Այս հարցերի պատասխանը գտնելու համար պետք է վերադառնանք հետ՝ 1988-90 թվականները: Մենք՝ ԽՍՀՄ-ից հող ուզողներս, ակամա անկախացանք: Ակամա անկախությունն, անշուշտ, իր հետևանքները պետք է ունենար:
Մեր առաջին դեմոկրատ իշխանավորները փորձեցին (գոնե՝ սկզբում) քաղաքակիրթ աշխարհի օրենքները ներդնել ասիական ու գավառամիտ այս հասարակության «զարգացման» անցումային փուլում: Բազմիցս ենք ասել, որ տոտալիտար ռեժիմից անակնկալ ազատվածները ազատության մեջ ապրելու սովոր չեն և թշնամանում են հենց այդ ազատության դեմ: Եվ հասարակության «ճարպիկ» մասը կարողացավ ոչ թե հարմարվել նոր պայմաններին, այլ պայմանները նենգափոխել հօգուտ իրեն: Դեմոկրատիան տապալվեց: Դեմոկրատիան տապալեցինք: Եվ այնպիսի հաջողությամբ, որ այսօր ատելության է արժանանում «դեմոկրատիա» բառն իսկ: Ոչ բառը հասկացանք, ոչ էլ՝ էությունը: Ինչների՞ս է պետք: Նորից դառնանք դեպի սկիզբը:
Բուռն դեմոկրատիայից՝ գավառական ավտորիտարիզմ
Խորհրդային վերլուծաբաններից շատերն էին կանխատեսում, որ բուռն ու հանկարծահաս դեմոկրատական «հեղափոխությունը» նույնքան բուռն և հանկարծահաս վերափոխումների չի հանգեցնելու: Նրանք կարծում էին, որ կոմունիզմի՝ տոտալիտարիզմի օրոք դաստիարակված ժողովուրդները պետք է անցումային մի շրջան ապրեն: Այդ շրջանն անվանում էին ավտորիտարիզմ: Այսինքն՝ կուսակցության համատարած իշխանությանը պետք է փոխարիներ որևէ «բռնակալի» միանձնյա տիրակալությունը, որի օրոք անհրաժեշտաբար կիրականացվեին տնտեսական ռեֆորմներ: Տնտեսության աստիճանական ազատականացումը կստիպեր հասարակությանը նորովի մտածել և գործել (գուցե՝ գործել, հետո՝ մտածել): Ինքնուրույն գործունեություն իրականացնելու կարիքը կհանգեցներ հասարակական քաղաքակիրթ ինստիտուտների ստեղծման անհրաժեշտության (որոշակի խավի շահերը ներկայացնող կուսակցություններ, ազատ ընտրություններ, մարդու իրավունքների իրական ըմբռնում, իսկական ազատ մամուլ): Սակայն... Խորհրդային Միությունը Եվրոպային կից վերջին տոտալիտար կայսրությունն էր, և նրա բնակչությունը երազանքով էր նայում քաղաքակիրթ աշխարհին՝ մտածելով, որ ազատագրումն անմիջապես բերելու է երազային աշխարհի բոլոր բարիքները: Թե՛ Ռուսաստանի, թե՛ մյուս հանրապետությունների առաջին իշխանավորները, որոնք իրենց երկրների ղեկին կանգնեցին դեմոկրատական կարգախոսներով, չկարողացան հասնել բարեփոխումների գլխավոր նպատակին: Եվ չէին էլ կարողանալու, որովհետև մենակ էին, զուրկ էին հասարակական աջակցությունից, որովհետև փտած տնտեսության և ազգամիջյան կոնֆլիկտների պայմաններում սոցիալական վիճակն օբյեկտիվորեն պետք է վատթարանար: Հասարակության ներսում առաջացած շերտավորումը՝ փոքրաթիվ հարուստներ (օլիգարխներ) և աղքատացած ու գործազուրկ բազմահազար մարդիկ, նույնպես օբյեկտիվ էր: Անհրաժեշտ էր ժամանակ, անհրաժեշտ էր հասարակական հոգեբանության փոփոխություն: Բայց հենց նույն չփոխված հոգեբանությունը դարձավ առաջին դեմոկրատների պարտության պատճառը: «Մասսաների» դժգոհությունը հմտորեն ուղղորդեցին այսպես կոչված ընդդիմադիրները՝ իշխանությունն անձնավորելով և բոլոր մեղքերը նրա գլխին բարդելով:
Սա նախերգանքն էր: Շարունակությունն ավելի ակներև է մեզ համար՝ Հայաստանի օրինակով: Մեր երկրում դեմոկրատիան վարկաբեկելու փորձն ավելի «հաջող» ստացվեց, քան Ռուսաստանում: Դրա համար առկա էին լրացուցիչ պայմաններ՝ հեղափոխության առաջին սերնդի որոշ գործիչների անհագուրդ ամբիցիաները (Վազգեն՝ նախագահ), Արցախյան ծանրագույն պատերազմը, շարունակական շրջափակումը, մեր՝ հայերիս, երկիրը լքելու դարավոր սովորույթը: Իշխանությունը փոխվեց: Իշխանության եկան մարդիկ, որոնց ՀՀ առաջին նախագահն անվանեց պատերազմի կուսակցություն: Այս մարդիկ իրենց նախագահին բերեցին կոշտ լոզունգներով՝ որպես «ուժեղ ձեռք»: Եվ ավտորիտարիզմի ձգտող ժողովուրդը կուլ տվեց այս «հաբը», չնայած ընտրություններում ձայն էր տվել բոլորովին այլ թեկնածուի:
Ի՞նչ փոխվեց Հայաստանում, ի՞նչ արեց «պատերազմի կուսակցությունը» իր իշխանության երեք տարում (ի դեպ՝ համաձայն չենք Լևոն Տեր-Պետրոսյանի այս բնորոշմանը. կարծում ենք ավելի սազական է «տեռորի կուսակցություն» բնորոշումը), ինչպիսի՞ն է մեր երկիրն այսօր...
ԱՅՍՕՐՆ ԱՌԱՆՑ ՎԱՂՎԱ
2001 թվականի Հայաստանը դժվար է անվանել անկախ պետություն: 1998 թվից մենք քայլ առ քայլ կորցնում ենք ինքնուրույն պետականության կարևոր ատրիբուտները:
1. Հանրապետությունը չունի օրինական նախագահ: Այն, որ Ռոբերտ Քոչարյանը լեգիտիմ չէր, ակնհայտ էր մեզ համար հենց սկզբից, այժմ «ակնհայտ» է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի համար:
2. Չկա լեգիտիմ խորհրդարան, որովհետև 1999թ. մայիսյան ընտրություններին մեր ավտորիտար հասարակությունը ձայն էր տվել երկու անհատների՝ Վ. Սարգսյանին և Կ. Դեմիրճյանին, այլ ոչ «Միասնություն» դաշինքին: Երկու ընտրյալներն էլ սպանված են: Թե ի՞նչ է «Միասնությունը», տեսնում են բոլորը:
3. Չի լուծվել Արցախյան հիմնահարցը: «Ծովից ծով Արցախ» պահանջող ԼՂՀ նախկին նախագահը՝ Ռ. Քոչարյանը, անհասկանալի հանդիպումներ է ունենում իր նախկին կուսակցական առաջնորդի՝ Հ. Ալիևի հետ՝ մերթընդմերթ քննարկումների «ոսկոր» գցելով հասարակությանը:
Վերջին «ոսկորը» պատերազմի սպառնալիքն է, որին կանդրադառնանք առանձին:
4. Իշխանափոխությունից հետո Հայաստանում սովորական երևույթ է դարձել ահաբեկչությունը: Սպանված են բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ գլխավոր դատախազը, ՊՆ փոխնախարարը, ՆԳ փոխնախարարը: Սպանությունների բարձրակետը հոկտեմբերի 27-ն էր, երբ գլխատվեց հայոց պետությունը: Սպանություններից որևէ մեկը չի բացահայտված: Սակայն որոնցից յուրաքանչյուրն էլ մի-մի ծանր ցնցում էր ողջ հասարակության համար:
5. Տեռորի ֆոնի վրա իրար են փոխարինում բազմաթիվ դատավարություններ, որոնց քաղաքական ենթատեքստը կասկած չի հարուցում: Սրանց մի մասն ուղղված է «նախկինների» դեմ, այսինքն՝ այն մարդկանց, ովքեր համարձակություն էին ունենալու չհպատակվել Ռ. Քոչարյանին: Ա. Բլեյանի դեպքում ակնհայտ է գավառական քինախնդրությունը, Վ. Սիրադեղյանի պարագայում՝ կենսաբանական վախը (նախկին ՆԳ նախարարը շատ բան գիտի ներկաների մասին): Յուրաքանչյուր դատավարություն վերածվում է երկարատև ներկայացման: Միտումը մեկն է՝ զբաղեցնել ժողովրդին, ուշադրությունը շեղել, որ չերևա կառավարիչների ապաշնորհությունը:
6. Տեռորի ապոֆեոզից՝ հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո ՀՀ իշխանություններին հաջողվեց ստեղծել կասկածամտության ու վախի մթնոլորտ հատկապես «քաղաքական» շրջանակներում, իրար դեմ հանել նախկին զինակիցներին, առնել կամ ահաբեկել հակառակորդներին, նախաքննությունը վերածել երկարատև, անպտուղ շոուի, հանրապետության տնտեսական և քաղաքական անհաջողությունները «բացատրել» տեղի ունեցած ոճրագործությամբ:
Այժմ նույն կարգի ներկայացման է վերածվում նույն գործի դատաքննությունը: Ընդ որում, ակնհայտ է գործը «նախկինների» կամ Վազգենի «շրջապատի» վրա բարդելու միտումը:
Այսքանից հետո տրամաբանական է հետևյալ եզրակացությունը. Հայաստանի Հանրապետությունում այսօր անիշխանություն է: Հայաստանի Հանրապետությունը կառավարում են մարդիկ, որոնց բնավ չի հուզում այս երկրի ապագան: Կրկնում ենք՝ չունենք լեգիտիմ նախագահ, չունենք լեգիտիմ խորհրդարան, չունենք Սպարապետ: Մեր կառավարիչներին հեշտ է կառավարելը՝ դրսից: Մեզ ինչ ասես կստիպեն: Իսկ «ազգայնականների» հոխորտանքն առնվազն ծիծաղելի է: Եվ կառավարում են:
Եվ իրենք (ոչ՝ մենք) ընտրություն չեն ունենա
Անդրադառնանք Արցախյան հիմնահարցին: Մարտի 3-ին Ռ. Քոչարյանը դարձյալ մեկնեց Փարիզ: Դարձյալ հանդիպեց Ալիևին: Դարձյալ Շիրակը հույս հայտնեց, որ խնդիրը շուտով լուծում կգտնի (այս տարի): Իսկ ի՞նչ էր նախորդում 15-րդ պատմական հանդիպմանը: Ադրբեջանի նախաձեռնությամբ մեր հասարակության համար բացահայտվեցին կարգավորման երեք պատմական տարբերակները՝ փուլայինը, փաթեթայինը և «ընդհանուր պետությունը»: Հայաստանցիները քննարկումներ ծավալեցին՝ որն էր լավը, որն էր վատը թեմայով: Սակայն դիսկուսիան անպտուղ է, քանի որ այսօրվա իրավիճակը բոլորովին այլ լուծումներ է ենթադրում: Հիշեցնենք՝ «ընդհանուր պետության» գովերգման շրջանում հայտնի դարձավ, որ «ինչ-որ» ժամանակ քննարկվել է տարածքների փոխանակման խնդիր՝ Մեղրի-Լաչին: Այսինքն՝ առևտուր են արել արդեն Հայաստանի տարածքներով: Դիսկուսիան անպտուղ էր, որովհետև փաթեթային տարբերակի և «ընդհանուր պետության» համեմատական վերլուծությունը ցույց տվեց, որ «նախկինը» ակնհայտ առավելություն ուներ: Ավելին՝ «ընդհանուր պետությունը» որոշակի աղերսներ ունի Օսմանյան կայսրությունում հայտարարված սահմանադրության հետ: 1908-ին երիտթուրքերը բարեհաջող օգտագործեցին դաշնակցականների հեղափոխական կորովը և վստահեցրին նրանց, որ հայերն էլ օսմանյան իրավահավասար քաղաքացիներ են: Իսկ մեր այն ժամանակվա քաղաքական էլիտան՝ ՀՅԴ-ն, հավատարմության ցույցեր արեց բոլոր ազգերի ընդհանուր պետությանը՝ Օսմանյան Թուրքիային: Սակայն չշեղվենք թեմայից:
Ուրեմն բանակցային գործընթացի հույժ գաղտնի փաստաթղթերը բացահայտվեցին, և Ադրբեջանում սկսվեց պատերազմական հիստերիա: Սա ձեռնտու է նաև հայաստանյան կառավարիչներին:
1. Նախ՝ պատերազմի սարսափը ընդունելի կդարձնի կարգավորման ցանկացած տարբերակ:
2. Պատերազմ սանձազերծելուց առաջ անհրաժեշտ է հոգեբանական նախապատրաստություն:
Իսկ որ պատերազմը կարող է ձեռնտու լինել մեր տեղական վարչակարգին՝ ակնհայտ է: Իշխանությունը կարելի է երկարաձգել: Իզուր չէ, որ արդեն մարտի 6-ին հնչում են կարծիքներ (Ս. Սարգսյան, պատգամավոր Հ. Հարությունյան), որ Ռ. Քոչարյանի հրաժարականը չի կարելի պահանջել (պահանջեց, վերջապես, Մ. Գասպարյանը): Չի կարելի, որովհետև նա՛ է մեր գերագույն հրամանատարը, իսկ երկրին վտանգ է սպառնում: Ինչպիսի՞... պատերազմական: Իսկ դրսից, այնուամենայնիվ, կառավարում են: Դրսից ստիպում են կարգավորել խնդիրն այնպես, ինչպես ձեռնտու է Արևմուտքին: Եվ ուրեմն՝ թե՛ Քոչարյանին, թե՛ Ալիևին անհրաժեշտ է պատերազմի «բոբոն»: Անհրաժեշտ է՝ որպես պահեստային տարբերակ: Որովհետև՝
ա) կարգավորումը կարող է «շահեկան» չլինել ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի համար: Այսպիսի տարբերակ ստորագրելու դեպքում երկու երկրների ղեկավարներն էլ կկորցնեն իշխանության ամրությունը. հետևաբար պետք է վախեցնել թե՛ «դրսիններին», թե՛ «ներսիններին».
բ) պատերազմը կարող է իրականություն դառնալ, եթե «դրսինները» չընկրկեն և շարունակեն պահանջել ստորագրել խաղաղության փաստաթուղթը. կարող է իրականություն դառնալ, որովհետև անձնական-կլանային իշխանությունը պահելու այլ ճար չի լինի (վկա Ս. Սարգսյանի հարցազրույցը մարտի 6-ի «Գոլոս Արմենիի»-ում):
Հանուն հայրենիքի՞, թե՞ Քոչարյանի իշխանության
Եվ մենք ընտրություն չենք ունենա,- Ս. Սարգսյան:
... Զոհվելու պատրաստ շատերը կան. մի խանգարեք նրանց,- պատգամավոր Հ. Հարությունյան:
Ո՞ւմ առաջնորդությամբ են կռվելու և զոհվելու այդ շատերը.
Սպարապետը սպանված է, Լեռնային Ղարաբաղի հրամանատարը՝ բանտված: Մերոնց ձեռքով, ոչ՝ թշնամու:
Ո՞ւմ հետևից է գնալու բանակը: Ո՞վ է պատրաստ իր զավակին կռվի ուղարկելու՝ հանուն Ռ. Քոչարյանի իշխանության ու նրա գրպանային կուսակցությունների ամբիցիաների:
Ինչպե՞ս է պաշտպանվելու գլխատված Արցախը, որի հերոսները վարկաբեկված են: Ինչպե՞ս է պաշտպանվելու Հայաստանը, որը չունի օրինական իշխանություն, որի ժողովուրդը հիասթափված է, հոգնած ու քաղցած:
Կրկնում եմ. Հայաստանն այսօր ապագա չունի, Հայաստանն այս իշխանությունների «տիտանական ջանքերով» անկարող մի խամաճիկ է օտարների ձեռքին:
Ի՞նչ ենք ստանալու պատերազմի դեպքում. անթիվ զոհեր, դատարկված Արցախ, և, չեմ կասկածում, Հայաստանի տարածքի զգալի կորուստ: Այսպես արդեն եղել է, եղել է դարասկզբին: 1920թ. դաշնակցական իշխանությունների «հանճարեղ» կառավարման շնորհիվ մենք կորցրել ենք թե՛ Արցախը, թե՛ Զանգեզուրը, Հայաստանին մնացել էր 10000 ք/կմ տարածք, այն էլ Թուրքիայի հովանավորության տակ: Իսկ դրանից առաջ՝ 1918 թվին, Բաթումում ստորագրված խայտառակ պայմանագրով հայրենի իշխանությունը պարտավորվել էր զինաթափել զորավար Անդրանիկին: Եվ զինաթափեց: Բարեբախտաբար, Անդրանիկը ֆիզիկապես ողջ մնաց. ոչնչացվեց որպես զորավար, և բարեբախտաբար, նրան չդատեցին որպես ահաբեկիչ:
Զուգահեռներ չե՞ք տեսնում...
Եթե տեսնում եք, արեք ձեր ընտրությունը:
Գրիգոր Խաչիկյան
«Չորրորդ իշխանություն», No 164, մարտի 9, 2001թ., ուրբաթ