ԷԼԻ ՄԵՂՐԻՆ
Հայտնի փաստ է, որ կենցաղային պայմաններում որևէ մեկը չի ցանկանում բանավեճի մեջ մտնել հոգեկան հիվանդի հետ: Արդյունքում ցանկացած բանավեճում հոգեկան հիվանդը հաղթում է: Ավաղ, այս սկզբունքը միջազգային հարաբերություններում կիրառելի չէ, որովհետև հիվանդին կարող են «ըմբռնումով մոտենալ» իր ընտանիքում, իսկ հասարակությունը պարտավոր չէ հանդուրժել նրա քմահաճությունները: Սա՝ իմիջիայլոց:
Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի իրականացրած արտաքին քաղաքականությունը խայտառակ ձախողում կրեց: Այնքան խայտառակ, որ նույնիսկ «կոմպլեմենտար» Վարդան Օսկանյանն այդ մասին խոսելիս ներվային շարժումներ է անում ու անհեթեթ նախադասություններ հորինում՝ մտքում զարմանալով հայոց լեզվի անսպառ հնարավորությունների վրա: Անդրդվելի է միայն Ռոբերտ Քոչարյանը. նա դիվանագիտական փայլուն հաջողություն է համարում այն փաստը, որ իր գցած քարը հարյուր իմաստուններ (իմա՝ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը և այլն) չեն կարողանում հանել:
Երբ տարեսկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելեց Բաքու, Հայաստանի իշխանությունները անհարմար վիճակից դուրս գալու համար քիչ էր մնում հայտարարեին, թե իրենք են կազմակերպել այդ այցը: Հետո մեր պանծալի նախագահը գերադասեց դադարեցնել ԿՀՁ-ի հեռարձակումը Հայաստանում մետրային ալիքով՝ զուտ նրա համար, որ ծծովի կոնֆետների անթագակիր արքան ավելի էժան տեղադրի իր անորակ վերմիշելի գովազդը (թուրքերն ասում են՝ նաղդ օլսուն՝ սողան օլսուն): Հետո բաշխիչ ցանցերի մրցույթից դուրս թողնվեցին ռուսական ընկերությունները, ու Ռուսաստանը կիսով չափ կրճատեց Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Հայաստանում երևի լավ չհասկացան: Եվ ահա ՌԴ դաշնային խորհրդի նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի անդամ Եգոր Ստրոևը որոշեց ամեն ինչ ուղիղ ասել. «Ադրբեջանի պես դաշնակիցն արժանի է պահպանման ու պաշտպանության, երբ այդ երկրի չարամիտ հարևանները խախտում են նրա տարածքային ամբողջականությունը»:
Իսկ ի՞նչ է ասում ԱՄՆ-ը: Ասում է, որ մտադիր է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, որպեսզի հնարավոր լինի արտահանել կասպիական նավթը: Իսկ այդ նավթը, տեղեկացնենք, գտնվում է ոչ թե Հայաստանում, այլ Ադրբեջանում: Իսկ Ադրբեջանն այն պիտի արտահանի իր տարածքով: Իսկ ամենակարճ ճանապարհն անցնում է Մեղրիով...
Ի դեպ, ապրիլի 17-ը Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն էր: Նրա զինակիցներից մեկը նշեց, որ Մեղրիի հարցը կար դեռևս խորհրդային տարիներին, և Կարեն Դեմիրճյանն էր, որ ասաց՝ «Միայն իմ դիակի վրայով»: ճանապարհը բաց է: Ընդ որում, հստակ է նաև աշխատանքի բաժանումը. մեկը խոչընդոտներն է վերացնում, մյուսը գործարքն է իրականացնում, երրորդը քարոզչական մասն է ապահովում, չորրորդը դժգոհներին պատժելու մասին է մտածում...
Սա ընդամենը վարկած է: Վարկած, որի ճիշտ կամ սխալ լինելը միայն ժամանակը ցույց կտա:
Գրիգոր Ոսկանյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 185, ապրիլի 19, 2001 թ.