...

Ղազագրերի շքերթը շարունակվում է

Ղազագրերի շքերթը շարունակվում է

ՄԵՐ ՕՐԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

Թե ինչպես էր Ստալինը պայքարում իր քաղաքական հակառակորդների դեմ՝ հայտնի է: Ասենք, Իրկուտսկի մարզի Նովոմիխայլովի կոլխոզից որևէ կթվորուհի հայտարարում էր, թե այսինչը տրոցկիստ է, և այսինչին անմիջապես հայտարարում էին պետության թշնամի, նորվեգական լրտես կամ ուղղակի էլեմենտ: Ըստ ճաշակի:

Իհարկե, Քոչարյանի գործելակերպը Ստալինի քաղաքականության հետ համեմատելը նույնն է, թե դիխլոֆոսը համեմատես ատոմային ռումբի հետ, բայց հարցի էությունը դրանից չի փոխվում: Սկզբունքը նույնն է. ամեն ինչ արվում է իբր «ներքևից» եկած նախաձեռնության հիման վրա: 

Զորօրինակ, մի քանի օր առաջ Հայաստանի համայնքների ղեկավարները հանդես են եկել մի ուշագրավ հայտարարությամբ, որի հիմնական իմաստն այն է, որ «որոշ հավակնոտ գործիչներ, քաղաքական և կուսակցական ուժեր, ցավոք, փորձում են ստեղծել անհանդուրժողականության մթնոլորտ... հոկտեմբերի 27-ի ավելորդ քաղաքական շահարկումներն իրականացնում են նրանք, ում ձեռնտու չէ երկրի կայունությունն ու առաջընթացը... մենք դատապարտում ենք նման նեղմիտ և անհեռատես գործելաոճը...»: Հայտարարությունը ստորագրել են Երևանի գրեթե բոլոր թաղապետերն ու Հայաստանի գրեթե բոլոր քաղաքապետերը: 

Ահա այսպես: Մի խումբ ոճրագործներ ներխուժել են ԱԺ դահլիճ, գնդակահարել վարչապետին, ԱԺ նախագահին ու ևս վեց պաշտոնյաների, հայտարարել են, թե իրականացնում են պետական հեղաշրջում, փորձել են հրավիրել ԱԺ նիստ, բանակցել են նախագահի հետ, և հանկարծ... համայնքների ղեկավարները հայտարարում են, թե այս ամենը «անհարկի քաղաքական շահարկում» է: 

Ի՞նչ քաղաքական շահարկման մասին է խոսքը, պարոնայք: Ինչպե՞ս կարող է փաստերի պարզ շարադրանքը կոչվել «անհարկի շահարկում»: Կամ գուցե ժողովո՞ւրդը լավ չի հիշում: Գուցե ոճրագործներն իրականում չե՞ն կատարել այս ամենը: Գուցե չե՞ն բանակցել նախագահի հետ: Գուցե նախագահի հրամանագրով ազատ չե՞ն արձակվել ոճրագործության մասին իմացող-չհայտնողները: Գուցե կարևորագույն վկաները չե՞ն հայտնվել արտասահմանում: Գուցե Քոչարյանի իշխանությունը չի՞ ամրապնդվել հոկտեմբերի 27-ից հետո: Այս փաստերից ո՞ր մեկն է սուտ, պարոնայք համայնքապետեր: 

Բայց «ղազագրերի» շքերթի այս հերթական փայլատակման հիմնական նպատակն այլ է: «Հասկանալի է, որ նման պայմաններում նրանք (հավակնոտ գործիչներն ու քաղաքական ուժերը) իշխանության հասնելու որևէ հնարավորություն չունեն», ասվում է հայտարարության մեջ: Հետաքրքիր է՝ որտեղի՞ց է «հասկանալի»: Չէ՞ որ ՀՀ Սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ իշխանությունները ձևավորվում են ոչ թե համայնքապետերի, այլ ժողովրդի կողմից: Եվ այն էլ՝ ընտրությունների միջոցով (ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց հենց այդպես էլ գրված է): Իսկ համայնքապետերը ժողովրդի հետ կապ ունեն ճիշտ այնքան, որքան Միրզախանյան Ռոբիկը՝ ազատական գաղափարախոսության հետ: 

Պարզ ասած, այս հայտարարությամբ Քոչարյանի խայտառակ վիճակը «տագնապով արձանագրողները» պարզապես հավատարմության երդում են տալիս նրան՝ հավաստիացնելով, որ իրենց համայնքներում արդար ընտրություններ թույլ չեն տա: Եվ իսկապե՛ս թույլ չեն տա, որովհետև իրենց այս հայտարարությամբ նրանք փաստորեն այրեցին բոլոր կամուրջները, և իշխանափոխության դեպքում քավարան պիտի անցնեն: 

Գրիգոր Ոսկանյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 381, հուլիս 26, 2002 թ.

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ