ЭТО ВЕСНА, МАУГЛИ
Գարունը բռնակալների կենսագրության մեջ խիստ կարևոր տեղ է զբաղեցնում: Դատեք ինքներդ. մարտի 5-ին մահացավ Ստալինը, ապրիլի 20-ին ծնվեց և ապրիլի 30-ին ինքնասպան եղավ Հիտլերը, վերջապես` ապրիլի 22-ին լույս աշխարհ եկավ Վոլոդյա Ուլյանովը՝ ապագա Լենինը:
Պետք չէ լինել մեծ քաղաքագետ ենթադրելու համար, որ Հայաստանի նախագահական ընտրություններն արդեն իրենց արժանի տեղն են զբաղեցրել այդ գեղեցիկ ընտանիքում: Մենք նույնիսկ կենթադրենք, որ նույն շարքում իրենց տեղը կունենան նաև մեր խորհրդարանական ընտրությունները: Դա ես չեմ, որ ասում եմ, դա ասում է պատմական զարգացման օրինաչափությունը:
Ասենք, ինչպե՞ս հնարավոր դարձավ, որ կիսագրագետ ենթասպան կարողացավ դառնալ եվրոպական երկրի ղեկավար: Բնական է, որ ազնիվ ընտրություններով դա նրան չէր հաջողվի: Հիտլերը նախընտրեց այրել խորհրդարանի շենքը, մեղքը գցել կոմունիստների վրա և փաստացի պետական հեղաշրջում կատարել: Ավելի օրիգինալ չէր ընկ. Լենինը: Նա պարզապես հեղաշրջում կատարեց, վռնդեց ժամանակավոր կառավարությանը և իրեն հռչակեց վարչապետ: Այս առումով կարելի է ասել, որ պարոն Քոչարյանը տաղանդավոր, սակայն, ավաղ ոչ հնարամիտ աշակերտ է, քանզի նա էլ առանց երկար-բարակ մտածելու 1998 թ. փետրվարին կատարեց պետական հեղաշրջում` իրեն հռչակելով նախագահ:
Սակայն նմանությունները դրանով ամենևին էլ չեն ավարտվում: Իշխանությունը գրավելուց հետո պետք է կազմակերպել ընտրություններ: Տարօրինակորեն ընտրությունների հարցով ամենամիամիտը ընկ. Լենինն էր, որը զարմանալիորեն 1917-ին կազմակերպեց Սահմանադիր Ժողովի ազատ (իրապես), արդար (առանց կատակի) և թափանցիկ (որքանով հնարավոր է հաղթանակած հեղափոխության պայմաններում) ընտրություններ: Խիստ չդատապարտենք ընկ. Լենինին: 20-րդ դարում դա պետական հեղաշրջման առաջին փորձն էր, և թերություններ, իհարկե, կարող էին լինել: Ընկ. Լենինը կարծում էր, որ բոլշևիկները կստանան ժողովրդի քվեն: Սակայն շատ շուտով ամեն ինչ տեղն ընկավ. նավաստի Ժելեզնյակը ցրեց Սահմանադիր ժողովը, իսկ պատգամավորները ձերբակալվեցին:
Հիտլերն ու Ստալինը ավելի խելոք գտնվեցին: Ընտրությունները անցկացվում էին պարբերաբար և ընթանում էին խիստ կազմակերպված նավաստի ժելեզնյակների և նրանց նացիստական նմանակների ղեկավարությամբ: Եվ այստեղ էլ Քոչարյանը տաղանդավոր աշակերտ էր: Կիսագրագետ նավաստի Ժելեզնյակին Հայաստանում փոխարինեց թվաբանության բոլոր չորս գործողությունները սերտած Արտակ Սահրադյանը: Ընտրություններ կազմակերպելուց հետո ցանկացած իրեն հարգող ուզուրպատոր փոխում է օրենսդրությունը: Վայրի գազանների մեջ մի բնազդ կա: Գերիշխանություն ստացած և խմբի ղեկավարին սպանած արու գազանը սպանում է նաև պարտվածի ձագերին: Դա ինքնահաստատման և սեփական «կառավարման» ապահովման ամենահուսալի միջոցն է: Ուզուրպատորների կողմից օրենսդրության փոփոխությունը մոտավորապես նույն նպատակն է հետապնդում: Հիտլերը իշխանության գալուց հետո միավորեց նախագահի և վարչապետի պաշտոնները, Լենինը փոխեց պետական ողջ համակարգը, Քոչարյանը փոխում է Սահմանադրությունը` ապահովելով իրեն խորհրդարանի միջոցով անվերջ «ընտրվելու» հնարավորությունը:
Իսկ Սահմանադրության նոր նախագծով կազմավորվելիք Ազգային անվտանգության խորհուրդը խիստ հիշեցնում է իրաքյան Հեղափոխական հրամանատարության խորհուրդը: Խորհրդարանի մասին պետք է խոսել առանձնապես: Ոչ մի բռնապետի նորմալ գործող և ընդհանրապես մտածող խորհրդարան պետք չէ: Դա հասկանում էին և Հիտլերը, և Լենինը: Ինչպես Գերմանիայում, այնպես էլ Սովետում խորհրդարանը դարձել էր կատարյալ մասխարա:
Նույն քաղաքականությունն է որդեգրել նաև Ռ. Քոչարյանը, և այդ քաղաքականության ամենափայլուն ապացույցը Արմեն Խաչատրյանի թամադայական վարքն է: Մեկ նմանություն ևս: Մի գեղեցիկ օր Ադոլֆ Հիտլերը հասկացավ, որ հեղափոխական գարեջրատնային կուսակցությունը ապագա չունի: Եվ կուսակցության կազմում հայտնվեցին գործարանատերերը և արդյունաբերողները: Ճիշտ այդպես դաշնակներն էլ հասկացան, որ հեղափոխական պապլավոկային վարքագիծը հարիր չէ իրենց նման «քաղաքական» ուժին: Արդյունքում դաշնակցության փառապանծ ցուցակում հայտվել է Հրանտ Վարդանյանը: Մի խոսքով, նմանությունների մասին կարելի է խոսել գրեթե անվերջ: Քոչարյանն իսկապես բավականաչափ լավ աշակերտ է և այդ առումով մեզ ոչ մի լավ բան չի սպասում: Միայն մայիսն էլ է գարուն: Իսկ մայիսը հաղթանակի ամիս է:
Ա. Ալեքսանյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 289, Ապրիլի 25, 2003 թ.