...

Ո՞վ է մեղավոր Քըրք Քըրքորյանի փողերի փոշիացման համար

Ո՞վ է մեղավոր Քըրք Քըրքորյանի փողերի փոշիացման համար

ՓՈՇԻԱՑՈՒՄ

ՀԱՐՑԻ «ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» 

Քաղաքապետարանի նախկին ղեկավարությունից ստացված տեղեկության համաձայն, մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատման և մշակութային օջախների վերանորոգման համար Լինսի հիմնադրամից գումարներ պետք է տրամադրվեին դեռևս 1998 թվականին: Սակայն Ռ. Քոչարյանն արդեն ոչ լեգիտիմ կարգով զբաղեցրել էր նախագահի պաշտոնը, և այդ գումարների ստացումը հետաձգվել էր, հավանաբար, նախագահական հաջորդ ընտրությունների համար` «նպատակամետ» ծախսելու մտադրությամբ: 

Տնտեսական աճի մասին հեքիաթապատմանը, անշուշտ, շատ քչերը կարող էին հավատալ, ուստի անհրաժեշտ էր ինչ-որ հստակ երևացող աշխատանքներ կատարել, որպեսզի վարչախմբի քարոզչությունը գոյություն չունեցող ձեռքբերումների մասին հավաստիացումների համար գոնե առարկայական մեկ հիմնավորում ունենար: Եվ գործող վարչախումբն էլ իր նախագահացուի համար հարմար գտավ օգտագործել.... թաղային հեղինակությունների գործելաոճը, այն է` որոշակի թաղի ինչ-որ մասերում ասֆալտապատում իրագործել: Իհարկե, երկրի ղեկին հավակնողը այս մտայնությամբ առաջնորդվելով, ստիպված պետք է ասֆալտապատման լայնածավալ գործունեություն ծավալեր ամբողջ հանրապետության ընդգրկմամբ: Սակայն ընտրվեց թաղային հեղինակությունների ծավալային ընդգրկման չափանիշը` մեկ թաղի (կոնկրետ` մայրաքաղաքի կենտրոնի) մի քանի փողոցների ասֆալտապատման տարբերակը: Սակայն ի տարբերություն թաղային հեղինակությունների, ոչ թե սեփական գրպանի, այլ Քըրք Քըրքորյանի` Լինսի հիմնադրամին պահ տված միլիոնավոր դոլարների օգտագործման հաշվին: Լիովին անտեսվեց հասարակության որոշակի շրջանակների հնչեցրած այն տեսակետը, որ Քըրք Քըրքորյանի նվիրաբերած 150 մլն դոլարը կարելի է օգտագործել առավել կարևոր նպատակների, օրինակ, աշխատատեղերի ստեղծման համար: 

Քանի որ նախագահական ընտրություններին հաշված ամիսներ էին մնում, ուստի վարչախումբը արագորեն կապալառու շինարարական ընկերությունների «մրցույթ» անցկացրեց, «ընտրեց» հաղթողներին և, ավանդույթի համաձայն, նրանց հետ գաղտնի կիսելով տրամադրած միլիոնավոր դոլարները, նույն հապճեպությամբ իրականացրեց մի քանի փողոցների ու մայթերի ասֆալտապատման և սալահատակման աշխատանքները: Արդյունքներն առավել քան ցայտունորեն երևակվեցին ձյան ծածկույթի գարնանային «քողազերծումից» հետո: Փողոցների և մայթերի ահավոր վիճակից այն տպավորությունն ես ստանում, որ անգլո-ամերիկյան զինուժի ռմբակոծությանը ենթարկված իրաքյան քաղաքների թվում է եղել նաև Հայաստանի մայրաքաղաքը: Եվ սա թերևս ոչ լեգիտիմ նախագահի առաջին հետընտրական նվերն է մեր ժողովրդին, նաև բնության յուրօրինակ նախազգուշացումը գալիք չարիքների մասին.... 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԵՂԱՅԱԿԱՆԸ 

«Ազատություն» ռադիոկայանին տված բացատրություններում Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը խոստովանում է, որ «երևի մայրաքաղաքում երբեք այնպիսի վատ վիճակ չի եղել, ինչպես հիմա է»: Քաղաքապետը փորձում է մեղքը առաջին հերթին բարդել բնության վրա. «Ցավոք սրտի, այս տարի տեղացած աննախադեպ ձյունն ու աննախադեպ ցուրտ ձմեռը ամբողջությամբ շարքից դուրս են բերել Երևանի փողոցները և եթե նկատում եք, բավականաչափ անհարմար վիճակ է ստեղծվել վարորդների համար»: Պարոն քաղաքապետին նախ հիշեցնենք, որ անգամ վերջին տասնամյակում ավելի ցրտաշունչ և տեղումներով առատ ձմեռներ է տեսել հայոց մայրաքաղաքը: Առկա վիճակին էլ բնորոշ է ոչ թե «անհարմար», այլ «վտանգավոր» ձևակերպումը, այն էլ ոչ միայն վարորդների, այլ նաև նրանց կողմից տեղափոխվող ուղևորների, քանդված փողոցներով ու մայթերով անցնող հետիոտնի և շարքից դուրս եկող տրանսպորտային միջոցների համար: 

Շարքից դուրս են եկել նաև Լինսի հիմնադրամի 6 մլն 400 հազար դոլարի ծախսերով վերանորոգված փողոցներն ու մայթերը, որոնք ընդամենը 2-3 ամսվա «կյանք» ունեցան: Այս կապակցությամբ էլ Ռ. Նազարյանը մեղայականով է հանդես գալիս և նշում, որ ինքն էլ շատ «զղջում է, որ շտապողականության և սխալ գործընկերներ ընտրելու պատճառով փաստորեն նույն գործը, այդ թվում` մայթերի սալահատակումը, երկրորդ անգամ է կատարվելու»: Թե ինչով էր պայմանավորված շտապողականությունը, ինչպես ասում են, պարզից էլ պարզ է. «Ուզեցինք շատ լավ լինի (կարդա` Ռ. Քոչարյանի համար - Վ.Տ.), շատ կարճ ժամկետներում լինի և երևի թե դա էր պատճառը: Ռուսական ասացվածք կա` շատ էինք ուզում լավ անել, բայց ստացվեց` ինչպես միշտ»: 

Սակայն քաղաքապետը հանրությանը հուսադրում է, որ ապրիլի 11-ին կայանալիք կապալառուների նոր մրցույթից հետո ընտրվելու են շինարարական նոր ընկերություններ, որոնք ավելի բարեխղճորեն կօգտագործեն Լինսի հիմնադրամի տրամադրած հերթական 8 մլն դոլարը և նախկինների տեղադրած անորակ սալաքարերը կփոխարինվեն որակյալներով, կկարկատեն նոր-նոր ասֆալտապատած փողոցների շարքից դուրս եկած հատվածները և կվերանորոգեն նոր փողոցներ ու մայթեր` արդեն բարձր որակով. «Այս տարի բոլոր թերությունները կշտկվեն: Իսկ դա ի՞նչ է նշանակում` համբերություն է պետք: Նորից որոշ հատվածներում մայթերը հիմնովին կքանդվեն, և կապալառուները կշտկեն իրենց սխալները»: 

Զոհասեղանին հայտնված Լինսի հիմնադրամի հերթական 8 մլն դոլարով սկսվելու է ասֆալտապատման երկրորդ փուլը, ասում է քաղաքապետ Ռ. Նազարյանը: Այս փուլում ասֆալտապատվելու են Արշակունյաց պողոտան` մինչև Նորագավիթի կամուրջը, Գ. Լուսավորիչ, Թումանյան, Հերացու փողոցները, Զեյթուն-Ավան ուղետարը և Հանրապետության հրապարակը: Այսինքն, քաղաքի մեծագույն մասի շարքից դուրս եկած փողոցներն ու մայթերը մնալու են նույն վիճակում: Դրանց վերակառուցման հոգսերն էլ հավանաբար թողնվում է անգլո-ամերիկյան կողմի վրա, որոնք Իրաքի բնակավայրերը վերականգնելու ընթացքում ձեռքի հետ կվերանորոգեն նաև մեր փողոցներն ու մայթերը: Նրանց կհամոզենք, որ դրանք շարքից դուրս են եկել Իրաքի ռմբակոծության ժամանակ տարածաշրջանում ստեղծված սեյսմիկ անկայունության հետևանքով: 

Վաղինակ Տերտերյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 285, ապրիլի 11, 2003 թ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ