...

Աշխարհի դեմ պայքարողը

Աշխարհի դեմ պայքարողը

ՊԱՐՍՊՎԻ՛Ր, ՊԱՐՍՊՎԻ՛Ր, ՍՏԵՓԱՆՈՍ

2003թ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանում որակապես նոր տեսակի իշխանություն է ձևավորվում: Իր հոգեբանությամբ, մտածելակերպով, վարվելաձևով և գործունեությամբ այն նման չէ մինչ այդ եղած բոլոր իշխանություններին: Եվ այսօրվա Քոչարյանը այլևս երեկվա Քոչարյանը չէ: 

Երբ Ռ. Քոչարյանը 1998թ. հեղաշրջմամբ զավթեց իշխանությունը, արդեն այն ժամանակ կար որոշակի ձևավորված հասարակական կարծիք, կար Լ. Տեր-Պետրոսյանի և նրա թիմի կողմից տարվող հստակ արտաքին և ներքին քաղաքականություն: Արտաքին քաղաքականության հիմքում մասնավորապես դրված էին եվրոպական կառույցներին ինտեգրվելու, տարածաշրջանում հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, միջազգային հանրության կարծիքը հաշվի առնելու, խոշոր գերտերությունների հետ առճակատումներից խուսափելու քաղաքականություն: Ներքին քաղաքականության մեջ աստիճանաբար ներդրվում էր համամարդկային, միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրություն, ընդունվեց մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները երաշխավորող Սահմանադրություն, տնտեսության մեջ մրցակցային դաշտի ապահովում: Իհարկե, այս ամենը արվում էր լուրջ թերություններով և սխալներով, սակայն ընտրված ուղղությունը արտաքին և ներքին քաղաքականության մեջ ճիշտ էր: Պարզապես աստիճանաբար այդ թերությունները և սխալները շտկվեցին: 

Ահա այս մթնոլորտում իշխանության գալով` Քոչարյանը ստիպված էր համակերպվել առկա իրողության հետ: Նրան համարում էին արևմտամետ, ինքն անընդհատ շեշտում էր արևմտյան արժեքների կարևորությունը: Փորձում էր հանդես գալ ժողովրդավարի իմիջով՝ բոլորս ենք հիշում նրա հարցազրույցները երկրի առաջատար հեռուստաընկերությունների հետ: Անգլերեն էր պարապում: Եվ վերջապես, Ղարաբաղի հարցում Քոչարյանը որոշակի պարտավորություններ էր իր վրա վերցրել՝ առաջին հերթին արևմուտքի առջև, այսինքն՝ լուծել Արցախի հիմնահարցը: 

Բայց այդպիսի չափանիշներով Քոչարյանը երկար ժամանակ չէր կարող գործել: Մարդու այդ տեսակը չէր կարող հանդուրժել, որ իրեն կարող են քննադատել, կարող են երկրում անկախ լրատվամիջոցներ լինել, որոնք կարող են եթեր տալ ում ցանկանան, երբ ցանկանան: Նա չէր կարող հանգիստ քնել իմանալով, որ ինչ-որ մեկը առանց իրեն հարցնելու կարող է խանութ բացել: Նա միշտ տանջվել է այն մտքից, որ իրենից ավելի բարձր մարդիկ կան՝ մտքով և հոգով: 

Սակայն մինչև վերջին ընտրությունները Քոչարյանը դեռևս շարունակում էր ձևացնել, թե իր համար շատ կարևոր է ժողովրդավարությունը, երկրի հեղինակությունը և այլն: Ընտրություններից հետո Քոչարյանի այդ հոգեբանական արգելքը վերացավ: Եթե նախկինում, օրինակ, ապօրինի ձերբակալությունները կարող էին միջազգային աղմուկ բարձրացնել, և Քոչարյանը ելնելով դրանից ստիպված էր բաց թողնել նրանց, ապա այժմ դրա կարիքը չունի: Նրա համար այլևս ոչ մի ներքին կամ արտաքին զսպող արգելակներ չկան: Քանի որ ոչ հայ հասարակությունը, ոչ էլ միջազգային հանրությունը չընդունեցին նրա վերընտրման փաստը և ըստ էության անօրինական համարեցին ընտրությունները, նրա համար այլևս մուկ ու կատու խաղալը իմաստ չունի: Նա հանգիստ կարող է հայտարարել, որ, այո, ընտրությունները չէին համապատասխանում միջազգային չափանիշներին: Հետո ինչ. անկախ պետություն ենք, ինչ կուզենք, այն էլ կանենք: Հիմա արդեն նա կարող է հանգիստ ասել, որ մեր մենթալիտետը այս եվրոպացիները չեն հասկանում, դրա համար էլ խիստ են: Իսկ ահա մեր մենթալիտետը շատ լավ հասկանում են Ռուսաստանը, Բելոռուսը, Ուկրաինան, Թուրքմենստանը: Ընդ որում, ինչ որ ասում է այսօր Քոչարյանը, արդեն անկեղծ է ասում: 

Այսօր արդեն Քոչարյանը թքած ունի միջազգային հանրություն, երկրի հեղինակություն, հասարակական կարծիք և նման այլ հասկացությունների վրա: Իսկ սա արդեն նշանակում է բեսպրեդելի և ահաբեկչության նոր ալիք Հայաստանում: Արդեն առանց դատ ու դատաստանի ում ցանկանա, կձերբակալի. ում գլխին որոշի` կսարքի, ԶԼՄ-ների մասին օրենք կմոգոնի, որպեսզի ընդհանրապես անկախ կամ ընդդիմադիր մամուլն էլ վերացնի: Ավելին, կարող եք չզարմանալ, եթե հանկարծ Քոչարյանը հայտարարի, թե ինքն է կանգնած հոկտեմբերի 27-ի ետևում և լավ է արել, որ կանգնել է, որովհետև Վազգեն Սարգսյանը իրեն խանգարում էր: Կամ հայտարարի, որ Պողոս Պողոսյանին ինքն է սպանելու հրաման տվել և լավ է արել, որովհետև Պողոսը իրեն վատ-վատ բաներ է ասել (իրականում այս ամենը նա ենթատեքստերով արդեն ասել է): Վերջ, այլևս այս ամենը թաքցնելու անհրաժեշտություն չկա: Հիմա մենք կտեսնենք Քոչարյանին այնպիսին, ինչպիսին նա եղել է իր ողջ գիտակցական կյանքում: 

Եվ այսպես Քոչարյանը կանի այնքան ժամանակ, որքան թույլ տան: Եվ Քոչարյանի լինել-չլինելը արդեն իրենից կախված չէ: Թե Հայաստանը՝ իր քաղաքացիներով, թե քաղաքակիրթ աշխարհը այս մարդուն ասացին՝ ոչ: Բայց այդ ոչը Քոչարյանի համար դատավճռի պես մի բան է: Եվ նա ստիպված է դիմադրել ամբողջ աշխարհին: Իսկ դա անհնար է: Միլոշևիչն էլ էր ցանկանում աշխարհի դեմ քյալլա տալ՝ ականջներից բռնեցին, տարան Հաագա: 

Ներսես Սայադյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 281, մարտի 28, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   519 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ