...

Մինչև վերջին փամփուշտը

Մինչև վերջին փամփուշտը

Այսօր Հայաստանում անթաքույց փորձում են ամեն գնով, բացի օրինական ճանապարհից, իշխանության գալ այն ուժերը, որոնք, ըստ էության, կանգնած են 1998 թվականի հեղաշրջման թիկունքում: Թե ինչ կարելի է սպասել այդ ուժերից, տեղեկացեք դեռևս 2001 թվականին «Չորրորդ իշխանություն» թերթում տպագրված ստորև ներկայացվող հոդվածից: Տպագրվում է աննշան կրճատումներով:

«Չորրորդ իշխանություն», No171, 23 մարտի, 2001թ.

Թուրքերը մարտի 16-ին բարեկամական դաշինք էին կնքել Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի հետ, որի միջազգային դիրքը ամրացել էր: Ի՞նչ կարող էր անել փոքրիկ Լեռնահայաստանը ռուսական ահարկու ուժի հանդեպ: Եվ հերոսական ազատամարտը անխուսափելիորեն պիտի վերջանար կամ անպայման անձնատվությամբ և կամ կռվով մինչև վերջին փամփուշտն ու պարտությամբ: 

Վերջին փամփուշտը պարպելով՝ Հայաստանի մարտիկները, կառավարությունն ու պաշտպանությունը, բոլոր նրանք, որոնք մերժեցին ենթարկվել ստրկության անարգ լծին՝ հաշտվելով հայրենիքի անկախության կորստի հետ, հուլիսի 10-ին ճեղքեցին կամուրջներ չհանդուրժող կատաղի Արաքսը և անցան Պարսկաստան՝ տանելով իրենց հետ անկախ Հայաստանի դրոշը՝ շարունակելու համար գաղափարական պայքարը հայրենիքի ազատության համար: 

Ս. Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», 1993թ., Ե., էջ 600

Եվ ուրեմն մեր «փառապանծ» ազգայինները դարասկզբին մեկ անգամ արդեն հաշտվել են հայրենիքի անկախության կորստի հետ: Եվ ոչ միայն... 

Սակայն այս նախաբանին կանդրադառնանք քիչ անց: Իսկ հիմա՝ Մեղրին, իշխանափոխությունը և գաղտնի բանակցությունները: 

Արցախյան պատերազմում հաստատված զինադադարից հետո, համոզված ենք, Ադրբեջանի մտքով իսկ չէր անցնի, որ առևտրի առարկա կարելի է դարձնել ՀՀ տարածքը: 

Հայաստանի այն ժամանակվա դիվանագիտության ջանքերով միջազգային հանրությունը չէր կարող չընդունել, որ պատերազմի երկու կողմերը Ադրբեջանն ու Արցախն են: Հայաստանը հանդես էր գալիս հայկական կողմի անվտանգությունը պաշտպանելու դիրքերից: Հիշեցնենք. Արցախը հայտարարել էր իր անկախության մասին՝ հենվելով ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: Իսկ ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ճանաչված է և մարդու իրավունքների անկապտելի մասն է: Հայաստանն այն ժամանակ պաշտպանում էր մարդու իրավունքները: Զինադադարից հետո բնականաբար պետք է սկսվեր պատերազմի եզրափակիչ փուլը՝ բանակցային գործընթացը, որը կկարգավորեր առաջացած ծանրագույն խնդիրները: Հայկական կողմը հաղթել էր, Հայաստանը կարողացել էր խուսափել ագրեսորի պիտակից, բայց հայտնվել էր աննախադեպ տնտեսական շրջափակման մեջ: Հիշեցնենք նաև, որ Բաքվի պնդումները Նախիջևանի շրջափակման մասին անհիմն էին և հերքվում էին անմիջապես: Հայաստանը չէր փակել Մեղրիով անցնող երկաթգիծը, այն անգործության էր մատնվել հենց Ադրբեջանի նախաձեռնությամբ: Ուրեմն այս մտացածին պրոբլեմը որևէ կապ չէր կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների հետ: Պարզ էր ևս մեկ բան. փոխզիջումների մասին խոսելիս հայկական կողմը պատկերացնում էր մի համաձայնություն, որը շահավետ կլիներ Արցախի համար: Հայաստանը բազմիցս էր հայտարարել, որ կսատարի ԼՂՀ հիմնահարցի այնպիսի լուծմանը, որն ընդունելի կլինի հենց իրենց՝ արցախցիների համար: Հայաստանի տարածքի որևէ սանտիմետրի մասին, Հայաստանի կողմից արվող որևէ զիջման մասին խոսք լինել չէր կարող:

1998-ի իշխանափոխությունից հետո «ազգայինները» հայտարարեցին, որ իրենց համար ընդունելի չեն զիջումները: Առաջ քաշվեցին բազմաթիվ պոպուլիստական կարգախոսներ, օրինակ՝ արյունով նվաճված հողերը չենք վերադարձնի: Եվ... առևտրի առարկա դարձավ Հայաստանի Հանրապետության տարածքը: Մեղրիի մասին խոսակցություններին հայ հասարակությունը տեղեկացավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո: Պարզ էր, որ նախագահի աշխատակազմը փորձում էր հերքել Ռ. Քոչարյանի համար ոչ շահավետ այս «բացահայտումը»: Բայց ինչպե՞ս... Այսպես. տարածքների փոխանակման մասին առաջարկություն եղել է, բայց մերժվել է: Նկատենք. խոսվել է ոչ թե Ադրբեջան-Նախիջևան երկաթուղային ճանապարհը բանուկ դարձնելու մասին, այլ տարածքների փոխանակման: Այսինքն, Մեղրին՝ Լաչինի դիմաց: Եվ սա բնական էր. նախ՝ Ռ. Քոչարյանի իշխանության գալու պահից Արցախն այլևս բանակցությունների ինքնուրույն կողմ չէր, որովհետև ԼՂՀ նախկին նախագահն այդպես էլ չդարձավ ՀՀ նախագահ, և նրան թվաց, թե կարող է միայնակ լուծել Արցախյան խնդիրը՝ օտարի հոգեբանությամբ «ապրանք» դարձնելով Հայաստանը: Երկրորդ. անօրինական իշխանություններ ունեցող Հայաստանն անընդհատ զիջում էր դիրքերը միջազգային ասպարեզում, իսկ երկրի ներսում հասարակության «գլուխը հարթուկում» էին ազգայնական գաղափարներով: Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիր հռչակվեց Ցեղասպանության միջազգային ճանաչումը: Ֆրանսիան ճանաչեց: Բայց Ռ. Քոչարյանը չհապաղեց սառը ջուր լցնել հայերի գլխին՝ հրաժարվելով հողային պահանջներից: Թուրք լրագրողին տված իր «հանճարեղ» հարցազրույցով նա տխմար վիճակի մեջ դրեց իրեն սատարող «ազգայիններին»: Եվ սրանք ստիպված էին արդարանալ: Ընդ որում, զարմանալի հետևողականությամբ ազգային խնդիրների մասին աղմուկ-աղաղակ են բարձրացնում հենց այն ժամանակ, երբ Քոչարյանն ուզում է կոծկել Ղարաբաղյան բանակցությունների միտումնավոր տապալումները: Մի դեպքում օգնության եկավ Ցեղասպանության ճանաչումը, բայց՝ ժամանակավոր: Այսօր օգնության է հասնում ազգային-քաղաքական գործերի նկրտումներ ունեցող Հայրիկյանը: Նա արծարծում է 1921թ. մարտի 10-ի պայմանագրի խնդիրը: Եթե այն չեղյալ համարվի, ապա, ըստ Հայրիկյանի, Հայաստանը կարող է հավակնել Կարսին, Արդահանին և Նախիջևանին: ՀՅԴ-ն լռում է: Դերակատարները փոխվում են. ասելիքը նույնն է: Իրենց սիրելի նախագահը ազգային է, իրենք ազգային են, և սա իրավունք է տալիս անընդհատ խոսել հողերից և հողերն էլ դարձնել «փոխ»-զիջումների առարկա: 

Վերադառնանք հոդվածի նախաբանին: 1921թ. փետրվարյան դեպքերի կազմակերպիչները հաշտվեցին հայրենիքի անկախության կորստի հետ և լքեցին նույն այդ հայրենիքը: Ի՞նչ էր տեղի ունենում այդ ժամանակ Հայաստանից դուրս և ինչպե՞ս էր վճռվում մեր երկրի ճակատագիրը հայաստանցիների կամքից անկախ: 

1920թ. դեկտեմբերի 15-ին, երբ Հայաստանի խորհրդայնացումն արդեն իրականություն էր, Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնակատար Մուխթար փաշան հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Գ. Չիչերինին. «... թուրք-հայկական խաղաղությունը (նկատի ունի 1920թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը) բռնի չէ, այլ խաղաղություն է, որ հիմնված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, և մենք ցանկացել ենք անեքսիայի ենթարկել միայն թուրքերով բնակեցված տարածքները...»: 

Իսկ 1921թ. հունվարի 12-ին Չիչերինը զեկուցում է Ստալինին, որ թուրքերը բանակցում են դաշնակցականների հետ և կարող են նորից իշխանության գալ: Եվ ահա 1921թ. փետրվարից հետո Թուրքիան օգտվում է նպաստավոր պայմաններից և «վերակենդանացնում» Հայաստանի դաշնակցական իշխանությունների հետ կնքած խայտառակ պայմանագիրը (Ալեքսանդրապոլի): Խորհրդային Ռուսաստանում գտնվող Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչը կանգնում է փաստի առաջ, քանի որ Հայաստանում «իշխանափոխություն» էր տեղի ունեցել, և Թուրքիան պահանջեց, որ Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչները Հայաստանին վերաբերվող բանակցություններին չմասնակցեն: Այն ժամանակ Թուրքիան լավ խաղաքարտ ուներ. նախ՝ Հայաստանը չուներ կայուն իշխանություն, երկրորդ՝ ժամանակավորապես իշխանության գլուխ էին անցել հենց այն փառապանծ ազգայինները, որոնց ստորագրությամբ Ալեքսանդրապոլում Հայաստանին վերապահվեց ընդամենը 10.000 ք/կմ տարածք՝ այն էլ Թուրքիայի հովանավորությամբ: Բնականաբար. 1921թ. մարտին Թուրքիային հաջողվեց Ռուսաստանից ստանալ Կարսի, Արդահանի, Սուրմալուի տարածքները, իսկ Ադրբեջանին հանձնել Նախիջևանը, քանի որ ռուսները բնավ պարտավորված չէին Հայաստանի (այն էլ՝ դաշնակցական) շահերը պաշտպանելու, իսկ Հայաստանը դարձյալ չուներ «լեգիտիմ» իշխանություն: Ավելին՝ եթե չեղյալ համարվի ռուս-թուրքական 1921թ. մարտի 10-ի պայմանագիրը, մեզ դեմ կտան 1920թ. դեկտեմբերի 2-ինը: Պատրա՞ստ եք Թուրքիայի հովանավորության տակ ապրելու, պարոնայք ազգայիններ, թե՞ ձեր նախորդների պես թարմ արյուն պիտի թափեք հերթական անգամ ու «հաշտվեք» հայրենիքի կորստյան հետ: 

Ուրեմն՝ հողերով առևտուր անողների և հետո էլ հողերը լալահառաչ պահանջողների նախագահը Ֆլորիդայում դարձյալ կաշխատի տապալել բանակցությունները, կբռնի ղարաբաղցու հանրահայտ «կողը», ինչը ակնհայտորեն ձեռնտու կլինի Ադրբեջանին: Որովհետև որքան ձգվի կարգավորման գործընթացը, այնքան կթուլանա Հայաստանը՝ թե՛ տնտեսապես, թե՛ ռազմական տեսանկյունից: 

Սրան զուգահեռ կմեծանա Ադրբեջանի ախորժակը, որն այլևս չի թաքցնում իր պահանջները: Պարզ է, որ 1997-ը 2001-ը չէ: Այն ժամանակ հայկական Արցախը հաղթել էր, իսկ Հայաստանը ուժեղ էր ու կամակատար չէր և աշխարհի համար ընդունելի դեմոկրատիայի համարում ուներ: Այսօր Հայաստանը թույլ է, իսկ հաղթանակած Արցախին այլևս ոչ ոք բանի տեղ չի դնում: Չէինք ուզենա, որ կրկնվի XX դարի սկզբի պատմությունը: Որովհետև այդ պարագայում անխուսափելի կլինի պատերազմն ու անիմաստ՝ արյունահեղությունը, անխուսափելի կլինեն նաև տարածքային կորուստներն ու Հայաստանի պետականության հետագա խարխլումը: Իսկ Ռ. Քոչարյանն ու իր արբանյակները Հայաստանից դուրս ապրելու տեղ կգտնեն, երբ ստիպված կլինեն հանձնել իշխանությունը որևէ մեկին՝ Ռուսաստան թե Թուրքիա՝ ի՞նչ տարբերություն:

Գրիգոր Խաչիկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2871 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ