...

Պարտակում են խմբակային հանցագործությունը - 2

Պարտակում են խմբակային հանցագործությունը - 2

(Ինքնապաշտպանության բնազդ)

Եվ այսպես, հրապարակում երկու ուժ կա՝ իշխանությունը և իրեն ընդդիմություն հռչակած նախկին և ներկա ոչմիթիզականների խումբը:

Երկու կողմն էլ հանրային խոսույթը շեղում են իրական խնդիրների արծարծումից՝ բեմադրելով պայքար իշխանության համար, իսկ իրականում ինքնապաշտպանության բնազդն է գործում: 

Իսկ ինչպե՞ս են խուսափում, փախչում իրականության ճշմարիտ գնահատականից, ինչո՞վ են փորձում լցնել հասարակության ուղեղը: Միանգամից ասենք, որ ոչ մի նոր բան չեն ասում: Ընդհանրապես ոչինչ չեն ասում: Վերջին տարիներին ոչ ոք, բացի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից, քաղաքական, գիտականորեն հիմնավորված խոսք չի ասել: Բայց սրա մասին կզրուցենք մեկ այլ հոդվածում: Այժմ վերադառնանք բեմահարթակում եղած ուժերին:

1. Իշխանությունը և նրան ուղղակի կամ անուղղակի սատարող ուժերը ձգտում են համոզել հասարակությանը, որ Նիկոլ Փաշինյանը մեղք չունի: Ատելության սլաքներն ուղղված են նախկիններին: Պարզունակ բացատրություն են գտել՝ եթե նախկինները չթալանեին երկիրը, պատերազմում չէինք պարտվի, 30 տարի բանակ չենք սարքել, ընդհանրապես 30 տարի միայն քանդել ենք, և 2,5 տարում նոր իշխանությունը ոչինչ անել չէր կարող: Կամ՝ նախկիններն Արցախի հարցը չլուծեցին, գցեցին խեղճ Նիկոլի գրպանը, դե նա էլ հո դավաճան չէ՞ր դառնալու: Մեկ այլ խումբ պնդում է, որ պատերազմն անխուսափելի էր. այդպես էր պետք Ռուսաստանին, որովհետև այդ երկիրը տարածաշրջանում անելիք չէր ունենա:  Բոլորը մեղավոր են, բացի ազգակործանից: Իսկ ազգակործանը, առիթից օգտվելով, մեղքը փորձում է գցել բանակի վրա և վրեժ լուծել այն գեներալներից, որոնք համարձակվում են իրեն առարկել: Այ, եթե բանակում դավաճաններ չլինեին, մենք չէինք պարտվի: Իսկանդերի մասին էլ, պարզվում է, իրեն սխալ են զեկուցել: Ինքն անտեղյակ է եղել:

2. Ընդդիմության հարթակում կանգնածները պնդում են, որ Նիկոլը դավաճան է, կատարում է Թուրքիայի և Ադրբեջանի պատվերները, նրա թիմը բաղկացած է սորոսականներից, որոնց հիմնական ծրագիրը Հայաստանը կործանելն է: Ռ. Քոչարյանը, օրինակ, հետ չի մնում Նիկոլից և հայտարարում է, թե տեղյակ չի եղել, որ իր իշխանության օրոք են Հայաստանում հաստատվել սորոսականները: Փաստորեն սա էլ է անտեղյակ, անմեղսունակ:

Ընդդիմությունը կրկնում է 2018-ի նիկոլական քայլերը և ուզում է դրանով գրավել հասարակության ուշադրությունը: Չէ՛, չի ստացվի: Խեղկատակություն է: Որովհետև դաշնակցությունն արդեն վաղուց անելիք չունի Հայաստանում, իսկ մնացածները բնավ խրոխտ հեղափոխականների դերին չեն համապատասխանում: Ո՛չ ասելիք ունեք, ո՛չ անելիք: Ճիշտ իմքայլականների նման, որոնց միակ փրկօղակը նախկիններից կառչելն է: Բայց դա էլ այլևս չի աշխատում: 

Եզրափակենք: Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը և նրանց հարող ուժերը 1997 թվականից հակադրվել են խաղաղության գաղափարին, երկիրը տարել են դեպի կործանարար փորձություն՝ հընթացս ջախջախելով, սպանելով հայկական քաղաքական միտքը, պարտակել են իրական խնդիրները՝ զարգացնելով միֆը, փչացնելով հասարակությունը: Նիկոլ Փաշինյանն իր դըմփ-դըմփ-հուով նրանց իշխանավարման շրջանի բնական շարունակությունն էր: (Անկեղծ ասած՝ զարմանում եմ, երբ խելքը գլխին մարդիկ խոսում են 18-ի հեղափոխության արժեքներից և պնդում, որ Նիկոլը մսխել է դրանք, չի արդարացրել հույսերը: Որտե՞ղ են արժեք տեսել, երբ հեղափոխության օրերին որևէ արժեքավոր տեքստ անգամ չի արտասանվել, որևէ ռեալիստական ծրագիր չի ներկայացվել: Այդ հեղափոխությունը մեկ նպատակ ուներ՝ Սերժ Սարգսյանին, նախկիններին իշխանությունից զրկել: Վերջ: Ուրիշ բան չկար: Անգամ դըմփ-դըմփն էր պլագիատ: Թխել էին ֆուտբոլային մի թիմից): 

Համոզված ենք, որ առաջին հերթին պետք է քննարկել երկիրը պատերազմին հասցնելու խնդիրը, վերլուծել պատճառները, գտնել ստեղծված վիճակից դուրս գալու իրական ուղիները: Բայց սա ձեռնտու չէ ո՛չ ապիկար իշխանությանը, ո՛չ էլ ընդդիմությանը: Այդ պարագայում երկու կողմերն էլ կսնանկանան և կոչնչանան:

Գրիգոր Խաչիկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2021    

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ