...

Պարտակում են խմբակային հանցագործությունը - 1

Պարտակում են խմբակային հանցագործությունը - 1

(Հարցի պատմություն)

Եթե ուշադիր հետևեք վերջին ամիսների հայաստանյան քաղաքական իրականությանը, ապա կտեսնեք, որ խամաճիկների այս թատրոնն ունի մեկ նպատակ՝ պարտակել խմբակային հանցագործությունը: 

Պատերազմից անմիջապես հետո հասարակության մի մասը գոնե սկսել էր բարձրաձայն մտածել՝ վերագնահատելով մեր պետության անցյալը: Աղետը, թվում էր, պետք է նոր տեսանկյուն բացեր պատերազմի և խաղաղության խնդիրը վերլուծելու, ըմբռնելու համար: Ավագ և միջին տարիքի մարդիկ հիշում էին 1997-98 թվականները և խոստովանում, որ հենց այն ժամանակ կորցրինք մեր երկրի և ազգի առջև դրված կարևորագույն հարցը լուծելու հնարավորությունը: Իսկ երիտասարդները մեզ՝ ավագներիս, հարցնում էին, թե ինչու իրենց ճիշտ չենք ներկայացրել անցյալը: Հարցի մեջ հանդիմանանք կար: Եվ նրանք ճիշտ են: Ավագները 23 տարի ստել են: 

1. Պատերազմի և հաղթանակի տարիները կոչել են «ցրտի և մթի»: Հայաստանի անկախության առաջին շրջանը ներկայացրել են այնպես, որ ջնջեն այն ժամանակվա իշխանության ձեռքբերումները՝ պետական ինստիտուտների կայացում, բանակի ստեղծում, դիվանագիտական ծանրագույն, բայց փայլուն աշխատանք: Հաղթանակը վերագրել են մի խումբ մարդկանց, ձեզ համոզել են, որ, օրինակ, ՀՀ առաջին նախագահը տեղյակ չէր Շուշիի գրավման գործողությունից, նույնիսկ դեմ էր դրան: Ավելին, այսօր էլ են պնդում, որ 1994 թվականին կնքված զինադադարը պարտության սկիզբն էր: Ձեզ ներշնչել են, որ այն ժամանակվա իշխանությունը թույլ չտվեց հասնել և գրավել Բաքուն և այնտեղ «չայ խմել»: Այս հակատրամաբանական պնդումը, սակայն, որևէ կապ չունի իրականության հետ, և պնդման հեղինակները դա շատ լավ գիտեն: Հայաստանը 94-ին արդեն հյուծված էր պատերազմից, և պետք էր ճիշտ ժամանակին կանգ առնել, կանխել երկրի քայքայումը:

2. Ձեզ մատուցել են միֆեր՝ համաշխարհային ազգից սկսած մինչև Կուր-արաքսյան պետություն, Սևրի դաշնագրից մինչև մեր բացառիկ ազգի դեմ կազմակերպված միջազգային դավադրություն: Ոչմիթիզականությունը, հայդատականությունը 98-ից հետո դարձել էին իշխող գաղափարախոսություն, որով երկրի կառավարիչները կոծկում էին սեփական մեղքերը:

3. 98-ից հետո իշխանության եկած Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը, հաղթողական կեցվածք ընդունած, երկրի ներսում ներկայանում էին որպես ոչ մի թիզ չզիջողներ, դրսում խոսում էին փոխզիջումներից, այնինչ ձգձգում էին արցախյան խնդրի լուծումը՝ Հայաստանն ու Արցախը դնելով շատ ավելի վատ պայմանների մեջ: Այնուամենայնիվ, նշենք, որ ո՛չ Ռ. Քոչարյանը, ո՛չ Ս. Սարգսյանը չհրաժարվեցին բանակցություններից: Արցախյան խնդիրը իշխանությունը պահելու միջոց էր և մեծացնում էր նրանց կարևորությունը միջազգային հարթակներում:

4. Ն. Փաշինյանն իշխանության եկավ՝ շատ լավ իմանալով, որ Արցախի հարցի լուծումը պահանջելու է «ցավոտ փոխզիջումներ»: 2018 թ. հեղափոխությանը հաջորդած միջազգային, հատկապես արևմտյան հիացական արձագանքը նրան «համոզեց», որ ինքն աննախադեպ է և կարող է հրաժարվել բանակցություններից: Ն. Փաշինյանի անգործությունը, անհեռատեսությունը, ազգային փրկչի լուսապսակից չզրկվելու մոլագարությունը թանկ գին ունեցան: 

Մի խոսքով, այսօր աղմկող ուժերի լիդերներից ոչ մեկը չի ուզում կրել դավաճանի խարանը: Ահա սա է աղմուկի գլխավոր պատճառներից մեկը: Նրանք պարտակում են խմբակային հանցագործությունը Հայաստանի և Արցախի դեմ: 

Գրիգոր Խաչիկյան     

«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2021               

ՎԱՐԿԱՆԻՇ

   1777 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ