...

Ն. Փաշինյանը Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի փրկիչն է

Ն. Փաշինյանը Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի փրկիչն է

Արդեն ապացուցված է, որ վարչապետը նախկին իշխանության հոգեզավակն է, ոչմիթիզականության երդվյալ հետևորդը: Ընդ որում, նրա գաղափարական հենքը, եթե այդպիսին, իհարկե, կա, ոչ մի կապ չունի իրական ազգայնականության հետ:

Ցավոք, այս մարդու հիմնական «գաղափարախոսությունը» բացահայտող լավագույն տեքստը հրապարակվել է ս.թ. սեպտեմբերի 18-ին և կոչվում է «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»...  Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են: Մի բան միայն հավելենք. Փաշինյանը և նրա խորհրդարանական մեծամասնությունը ապացուցում են, որ 2018 թվականի «հեղափոխությանը» նախկիններն առանձնապես չընդդիմացան, որովհետև հասկանում էին կամ հաստատ գիտեին՝ այսպես ազատվում են արցախյան խնդրի ցավոտ լուծումից, այսպես ազատվում են դավաճանի պիտակ ստանալուց: Կարծում ենք, որ Ս. Սարգսյանը չէր գնա լայնամասշտաբ պատերազմի ճանապարհով, ստիպված կլիներ ենթարկվել լավրովյան պլանին և կկորցներ 20 տարի պահած իշխանությունն էլ, հաղթողականի իմիջն էլ հետը:

Բայց նորը եկավ սխալվելու վճռականությամբ: Նորը եկավ Արևմուտքի աննախադեպ աջակցությամբ: Այո՛, Արևմուտքի աջակցությունն իսկապես աննախադեպ էր, որովհետև եթե համեմատենք արևմտյան առաջնորդների և կազմակերպությունների պահվածքը 2008-ին և 2018-ին, ակնհայտ կդառնա տարբերությունը: Արևմուտքը լռեց անգամ մարտիմեկյան գնդակահարությունից հետո՝ գերադասելով գործ ունենալ թույլ, ոչ լեգիտիմ Ս. Սարգսյանի հետ: Եվ պատճառն այն էր, որ ընդդիմության առաջնորդը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը, կառավարելի չէր, Հայաստանի շահի հաշվին ոչ մեկի պատվերը չէր կատարի: 2018-ին, սակայն, գտան սխալվելու վճռականություն ունեցողին

Ն. Փաշինյանը խոստումնալից էր նաև նրանով, որ հեղափոխությունը, այսինքն` համատարած դժգոհությունը նախկին իշխանությունից նրա համար ապահովել էր բացարձակ լեգիտիմություն: Եվ սա կարող էր նպաստել արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Բայց...

Բայց մարդը սխալվելու վճռականություն ուներ: Եվ վախեր: Նա վախենում էր դավաճանի պիտակից, վախենում էր աննախադեպությունը և պատահաբար գլխին ընկած իշխանությունը կորցնելուց, վախենում էր, որ Ռոբերտ Քոչարյանից պակաս վճռական կլինի, վախենում էր և է նախկիններից: 

Ու հիմա՝ այս օրհասական պահին, երկրում իշխանություն չկա: Հիմա հանգիստ ջարդել է երկրի ողնաշարը՝ գիտակցված կոտորածի տանելով բանակը: Որովհետև ինքը և իմքայլականները վախենում էին: 

Հիմա նա լեգիտիմացնում է հոկտեմբերի 27-ը և մարտի մեկը: Բոլոր իմաստներով աղետալի պատերազմը վերապրող ժողովուրդը դրանք այլևս ծանր հանցագործություն չի համարելու: Հիմա արդարացնում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, որոնք, այո՛, չէին լուծում արցախյան խնդիրը՝ քողարկվելով ոչմիթիզականությամբ, երկիրը 2 տասնամյակ ավերելով, բայց այսպիսի պարտության մեղքի տակ չեն ընկել: Բացի սրանից՝ նրանց օրոք երկրում գոնե ինչ-որ իշխանություն կար, վատ, կոռումպացված, բայց իշխանություն: 

Եվ հենց այսպես, սխալվելու վճռականությամբ, երկրի համար ծանրագույն ժամանակահատվածում իր անգործությամբ Ն. Փաշինյանը պատմության դատաստանից փրկում է նախկիններին:

Զարուհի Գաբրիելյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 37, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ