Սերժ Սարգսյանը գիրք է հրապարակել՝ «Բանակցային առաջնագծում»։ Բնականաբար, որևէ դատողություն չենք անի բովանդակության մասին, քանի որ սովոր չենք չկարդացած բանի մասին խոսելու։ Սակայն այս փաստը ստիպեց հիշել նախապատերազմական շրջանի երկու գրքերը։
Եվ այսպես, գրախանութ Երևանի կենտրոնում։ Կողք կողքի վաճառվում են Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի գրքերը։ Դրված են երևացող տեղում, պառկած են հավակնոտ ու համահունչ՝ իրար լրացնելով։ Խորհրդանշական փաստ էր, քանի որ այսպես ձեռք ձեռքի տված էլ մինչ օրս գործում են․․․
Հիմա ավելանում է երրորդը։ Համոզված եմ՝ շռնդալից շնորհանդես է լինելու, գովասանքի անթիվ խոսքեր։
Շռինդով սա չի զիջելու ո՛չ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին։
Հիշո՞ւմ եք՝ ինչպես էին գովերգում նորընտիր, խիստ ժողովրդական վարչապետի գրական տաղանդը։ Չե՞ք հիշում։ Երևի հիմա անհարմար է այն ժամանակվա հորթային հրճվանքը հիշելը։
Հիշո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի գրքի վերնագիրը։ Այո՛, ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ «Կյանք և ազատություն»։ Լավ վերնագիր է, բայց որևէ կապ չունի շապիկին նշված հեղինակի անվան հետ։ Որովհետև ազատության քոչարյանական ընկալումը որևէ կապ չունի ազատություն հասկացության հետ։ Նրա ազատության գագաթնակետը 2008 թ․ մարտի մեկն էր։
Կյանքը, պատերազմը ցույց տվեցին, որ Ն․ Փաշինյանն էլ կապ չունի գրական տաղանդի, ինտելեկտի, գրքի հետ։ Որովհետև բնավ նշանակություն չունի, թե քանի գիրք ես իբր կարդացել կամ նույնիսկ գրել։ Կարևորը կարդացածդ հասկանալն է։ Բայց ինչպե՞ս հասկանաս, եթե դա քո էությանը հակառակ է, եթե դա քեզ ձեռնտու չէ։
Ն․ Փաշինյանի «Հայկական ժամանակ» օրաթերթը մարդիկ իրար ձեռքից խլում էին, երբ լույս էին տեսնում Վանոյի հոդվածները Ավետիս Հարությունյան կեղծանվամբ։
Դրանցից քանի՞սն էր կարդացել այն ժամանակվա խմբագիրը, եթե կարդացել էր, քանի՞սն էր հասկացել։ Ոչ մեկը։ Որովհետև գյադաների ժամանակներից ամենագյադայականը ինքն է ստեղծել։
Ուրեմն գիրք եք տպում, որ ի՞նչ անեք։ Ավելի լավ է՝ տիկտոկում հանդես գաք։ Այնտեղ ավելի մեծ հնարավորություն կունենաք հանրության վրա ազդելու։ Այնտեղ հայոց լեզվի տաճարը չեք ապականի, որովհետև այնտեղ խոսքի կարիք չկա։
Իհարկե, հասկանում ենք՝ ինչու եք գիրք տպում, դրա վրա փող ծախսում։ Նախ այդ զբաղմունքը պատվաբեր եք համարում, երկրորդ՝ բավարարում եք ինտելեկտուալ երևալու ձեր վաղեմի պահանջմունքը, երրորդ՝ ձեր քաղաքական շրջապատին առիթ եք տալիս ձեր գործած սխալները սրբագրելու, ձեզ ներբողներ ձոնելու։ Զուր է, քանի որ գործն է անմահ։ Հիշում եք, չէ՞, Թումանյանն է գրել։
Զարուհի Գաբրիելյան
Հ․Գ․ Հին Չինաստանում Կոնֆուցիուսի ժամանակներում կրթությունը, գիր սովորելը պատիվ էր, քչերին էր հասու։ Ամեն տեղից վեր կացող գրել-կարդալու իրավունք չուներ։ Գուցե ճի՞շտ էին հին չինացիները։