...

Շեդևրների բոլուկը

Շեդևրների բոլուկը

Դեկտեմբերի 3-ին «Մոսկվա՞, թե՞ Վաշինգտոն․ Հայաստանի ընտրությունը» քննարկման ժամանակ Նաիրա Զոհրաբյանը պնդեց, որ Սարգսյան- Նալբանդյան դիվանագիտությունը շեդևր էր, այսինքն՝ գլուխգործոց։ Շնորհակալություն Նաիրա Զոհրաբյանին «շեդևր» բառի համար։

Դիտարկելով ՀՀ դիվանագիտական «հաղթանակները» 1998 թ․-ից հետո՝ կարող ենք ասել, որ շեդևրների շարքն են լրացնում նաև Քոչարյան-Օսկանյան և Փաշինյան-Մնացականյան, իսկ այժմ արդեն Փաշինյան-Միրզոյան զույգերը։ 

Իհարկե, աննախադեպը Փաշինյան բաղադրիչով զուգադրություններն են։ Բայց մյուսներն էլ իրավունք ունեն շեդևր, այսինքն՝ գլուխգործոց կոչվելու։

Սեղմ հիշեցնենք, թե ինչ էին հակադրում 97-98 թթ․ արցախյան խնդրի փուլային կարգավորման հակառակորդները։ Նրանք՝ Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը, համոզում էին հայ հասարակությանը, որ ոչ մի թիզ հող չեն զիջելու, որ փուլային տարբերակը վատն է, քանի որ դրանով հետաձգվում է Արցախի անկախության խնդիրը։ Ավելին, խաղաղ կարգավորման կողմնակիցներն այն ժամանակ և դրանից 20 տարի անց էլ հայտարարվում էին ամենաքիչը պարտվողական։ 

Ահա, ուրեմն «պարտվողականները» հեռացան, իսկ սրանք 20 տարի մեկը մեկից գլուխգործոց «լուծումներ» էին գտնում, ավելի ճիշտ բանակցությունների հնարավորությունն օգտագործում էին սեփական իշխանությունն ամրապնդելու համար, սակայն համառորեն «չէին նկատում», թե ինչպես է օր օրի թուլանում Հայաստանը։ Այս հանգամանքը չէին նկատում նաև այսօրվա բոցաշունչ բանախոսները, որոնց մտքի մարգարիտները կարող են զարդարել ցանկացած անտիուտոպիայի էջերը։

Հայաստանը թուլանում էր, իսկ շեդևր նախագահներն ու դիվանագետները շարունակում էին ժամանակ ձգել։ 

Հազարերորդ անգամ ստիպված ենք հիշեցնել 1998-ի հրեշավոր արտահայտություններից մեկը՝ «Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու։ Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» (Վ. Սարգսյան)։

Ահա սա՛ էր մինչև 2020-ի պատերազմը եղած շեդևրալ բանակցությունների հիմքում։

Կարծում ենք՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը համոզված էին, որ երբ պատերազմ սկսվի, «հարկադրված կլինեն» զիջելու, կզիջեն արագ, և դա նույնպես կներկայացնեն իբրև դիվանագիտական հաղթանակ, ազգափրկիչ առաքելություն։ Կարծում ենք նաև, որ նրանք անողջախոհությամբ շա՜տ են զիջում Նիկոլ Փաշինյանին և ամենասարսափելի երազում անգամ չէին պատկերացնում, թե ինչ աղետ է բերելու պատերազմը։ Թեպետ գուցե հիմա էլ չեն պատկերացնում։

Ուրեմն շեդևրալ բանակցություններն ընդամենը ձգձգում էին հարցի լուծումը՝ անդառնալի հարվածներ հասցնելով Հայաստանին և Արցախին։

Նիկոլ Փաշինյանը, եթե բացառենք դավաճանության վարկածը, գնաց աննախադեպ արկածախնդրության։ Այսինքն՝ լայնամասշտաբ պատերազմ բերեց երկրի գլխին՝ իսպառ ոչնչացնելով ամեն ինչ՝ սկսած մարդկային հազարավոր կյանքերից, վերջացրած հայոց բանակով և Հայաստանի ինքնիշխանությամբ։

Ու հիմա գիտե՞ք՝ ինչ է անում։ Հիմա փորձում է գնալ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ճանապարհով, այսինքն՝ շուստրիություն է անում, ստորագրել- չստորագրելու խաղ է խաղում, մե՛կ արևմտամետ է, մե՛կ ռուսամետ։ Թե ինչ է լինելու սրա՛ հետևանքը, դժվար չէ պատկերացնել, եթե, իհարկե, չեք կորցրել սթափ մտածելու կարողությունը։

Զարուհի Գաբրիելյան

Հ․Գ․ Որպես «լիկբեզ» (անգրագիտության վերացում)՝ առաջարկում ենք կրկին կարդալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1998 թ․ հունվարի 8-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Բայց պետք է կարդալ ուշադիր, բառ առ բառ։ Կարդացե՛ք և նայե՛ք հայելու մեջ, որ տեսնեք ձեր շեդևրալ կերպարները։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ