«Կոնցեպտուալ հարթակ», «Ռուս-թուրքական վանդակ», «Այլընտրանքային նախագծեր» ու էլի չգիտեմինչ։ Իսկ մեր ԱԳՆ-ն բողոքում է․ «Փաստերը վկայում են, որ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակումը նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է»։ Նախ ոչ թե ծրագրավորված, այլ ծրագրված, հետո՝ ո՞ւր է ձեր/մեր ծրագիրը։
Իսկ ծրագիրը, ծրագրելը բարդ աշխատանք է, նախ և առաջ ուղեղի աշխատանք։ Բարդ է, որովհետև ամենօրյա, ամենժամյա ջանք է պահանջում։ Ծրագիրը տեսլական չէ, երազանք չէ։ Ծրագիր կազմողը դրա իրականացման ուղին ու ժամանակացույցն էլ է կազմում՝ հաշվարկելով անգամ անկանխատեսելի վիճակները։
Գո՞հ եք։
Թուրքը ծրագրել է ու ծրագրելու է։ Թուրքը իր նպատակի համար աշխատում է, փող է ծախսում, շատ փող։
Մենք ի՞նչ ենք անում։
Մերոնք էլ ենք ծրագրում։ Օրինակ՝ 98-ին հայտնի ուժերը ծրագրված վերցրին իշխանությունը՝ մեկընդմիշտ խափանելով երկիրը պահելու միակ իրատեսական ծրագիրը, հետո ծրագրված լվացին ազգիս ուղեղը տեսլականներով՝ հընթացս ծրագրված հարստանալով երկրի հաշվին։ 2018-ին ծրագրված փոխվեց իշխանությունը։ Մնացածը մնաց նույնը՝ շատ կանխատեսելի արդյունքով։
Ստիպված ենք հիշեցնել․ ծրագրված իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, որովհետև շատ դուխով էին, խաղաղության փաստաթուղթ ստորագրող չէին։
Լավ, դուխով չստորագրող տղերք էին, կռիվ-պատերազմից չէին վախենում։ Պատերազմի ծրագիր ունեի՞ն՝ մտածված, մշակված, հաշվարկված։ Չունեին։ Մտածում էին՝ գեղցու շուստրիությամբ աշխարհին մի քիչ էլ ֆռռացնելու մասին։ Չստացվեց։ Տուժողն ո՞վ է։ Տուժողը Հայաստանն ու Արցախն են, տուժողը մենք ենք, որ ամեն նոր զոհի համար ցավից խելագարվում ենք։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը չեն տուժել և չեն տուժելու։ Որովհետև վաղուց պատրաստել են իրենց պատսպարանները «տաք երկրներում»։
Դաշնակցականները նույնպես չեն տուժելու Հայաստանի և Արցախի կորստից․ արտասահմաններում ողբալու, տեսլականներ պատմելու մի 50 տարվա նյութ կունենան, կապրեն։
Սրանց հանգիստ թողնենք, որովհետև որևէ ակնկալիք չունենք։ Մյուսներն ո՞ւր են։
Խոսքս «հարթակներով» պտտվողների մասին չէ։ Քանի որ նրանց մի մասը ընդդիմության ֆինանսներով է գոյատևում, մյուսը՝ իշխանության։ Այն ընդդիմության և իշխանության, որոնք պետական ծրագիր չունեին, չունեն և չեն ունենալու։
Ավելին՝ այս «հարթակները» ամեն ինչ կանեն՝ իրատեսական կարծիքը լռեցնելու, ջնջելու համար։
Հասկանում ենք՝ դժվար է, բայց ճանապարհ պետք է գտնել, եթե ուզում ենք ապրել։
Զարուհի Գաբրիելյան