Մի՛ զարմացեք ԱԳՆ անգրագետ հայտարարություններից: Որովհետև սա Հայաստանի ԱԳՆ-ն է: Հայաստանն այն երկիրն է, որի բնակչությունը վերջերս իր քվեն տվեց անտրամաբանական իշխանությանը և նույնքան անտրամաբանական ընդդիմությանը: Մի՛ զարմացեք, որ այդ ԱԳՆ-ն իր հայտարարությունն անում է միայն մեկ նպատակով՝ հետ չմնալ ՀՅԴ Հայ դատի արտասահմանյան գրասենյակներից: Մի՛ զարմացեք, որովհետև հայդատականությունը ձե՛ր ընտրությունն է:
Բնակչության մանր պրագմատիզմը, այսինքն՝ քվեն թվացյալ ուժեղին տալու շահագրգռությունը երկիրը տանում է դեպի հերթական աղետ:
Պատերազմից հետո կարծում էինք, որ վերլուծական միտքը կսթափվի, և մենք կկարողանանք ըմբռնել սեփական սխալները, ճիշտ տեսնել իրականությունը: Սխալվեցինք: Լրջանալու պահը չկա և չի լինելու:
Նիկոլ Փաշինյանի գրպանային քարոզիչներն ամեն ինչ արել են և անում են պատերազմն արդարացնելու համար: Նրանք մաշկից դուրս են գալիս ապացուցելու համար, որ աղետն անխուսափելի էր, որ Ն. Փաշինյանը դավաճան չէ: Ավելին, նրանցից ոմանք չարախնդում են, թե տեսաք, բա որ ասում էինք՝ հողերը տալուց հետո Ադրբեջանի ախորժակն ավելանալու է: Այս մարդիկ, ի դեպ, կարգին կթություն են ստացել, հրապարակախոս են, պատմաբան են, տաքսու վարորդ կամ կոշկակար չեն: Այս մարդիկ շատ լավ են հասկանում, որ պատերազմն անխուսափելի չէր, որ կարելի էր խնդիրը լուծել բանակցություններով, առանց հազարավոր զոհերի, առանց Հայաստանը խայտառակ պարտության տանելու: Եվ եթե չլիներ ջախջախիչ պարտությունը, Ադրբեջանն այսքան չէր լկտիանա: Ուրեմն ո՞րն է սուտ ասելու նպատակը: Ոչ մի արտառոց բան չկա: Մանր պրագմատիզմն է: Տղերքը փող են ստանում այս ախմախություններն ասելու համար:
Պատերազմից անմիջապես հետո փողոց դուրս եկած ընդդիմությունն իրականում անգնահատելի ծառայություն մատուցեց Նիկոլ Փաշիյանին՝ կենտրոնանալով պարտության, կապիտուլյացիայի վրա: Պատերազմից խուսափելու, խնդիրը փոխզիջումներով լուծելու գաղափարը մոռացվեց հենց սրանց բարձրացրած կակաֆոնիայի մեջ:
Հիմա կասեք՝ պատմություն է, անցավ, գնաց: Կասեք՝ պետք է մտածել ապագայի մասին: Բայց եթե մենք չենք կարողանում ճիշտ գնահատել անցյալը, տեսնել մեր իսկ աղետալի սխալները, ուրեմն ապագայի հեռանկարը տեսնելու ենք նույն կերպ, այսինքն՝ խեղված, ծուռ, անիրական:
Եզրակացնենք: Մեր ԱԳՆ-ն չի գործելու կամ գործելու է ի վնաս Հայաստանի, քանի դեռ հայդատականության, ոչմիթիզականության ախտը չենք հաղթահարել: Քանի դեռ չենք հասկացել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը ներքաշեց խայտառակ պատերազմի հորձանուտը, որովհետև չէր ուզում դավաճան կոչվել: Քանի դեռ չենք հասկացել, որ այսօրվա ընդդիմությունը՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ն և այլք, նույնքան պատասխանատու են աղետի համար, որքան ներկա անմեղսունակները:
Զարուհի Գաբրիելյան