ՀԵՂԱՇՐՋԻԿ
Գեներալ Կլաուզևիցը, իհարկե, իմպերիալիստ էր: Իմպերիալիստը` իմպերիալիստ էր, բայց մեկ-մեկ էլ խելոք բաներ էր ասում: Օրինակ, ասում էր, որ պատերազմը նույն ներքին քաղաքականության շարունակությունն է, բայց այլ մեթոդներով:
Միտքը, իհարկե, պլատոնյան չէ, բայց չմոռանանք, որ պրուսական գեներալն առաջինն էր, որ արտահայտեց այն: Գեներալը խելացի մարդ էր և նրա հետ անտեղի վիճել խորհուրդ չի տրվում: Այսպիսով, համաձայնենք, որ Կլաուզևիցը ճիշտ էր: Իսկ քաղաքականության մեջ միշտ լինում են շահողներ: Ուրեմն պատերազմում էլ են լինում շահողներ: Եվ խոսքն ամենևին էլ հաղթողների մասին չէ: Վերջիվերջո ցանկացած պատերազմում հաղթողներ չեն լինում: Այլ հարց է, որ ցանկացած պատերազմից առաջ կողմերից մեկը ժողովրդի արյան հաշվին ցանկանում է լուծել իր անձնական խնդիրները:
Իհարկե, լավ կլիներ այս առումով մի քանի օրինակ բերել հայոց պատմությունից, բայց ես արդեն լսում եմ Սիլվա Բարունակովնայի վրդովված մեղադրանքները իմ` սրբապղծիս մասին: Այդ իսկ պատճառով ես չեմ պատմի, թե ինչու արաբական նվաճումներից հետո Մամիկոնյան իշխաններն իրար ետևից անօգուտ ապստամբություններ էին կազմակերպում, նախօրոք պարտված սցենարով, ամեն անգամ իրենց ետևից քարշ տալով հերթական Բուղայի զորքերը: Պատմելուց հետո էլ զգուշավոր չեմ ասի, որ իմ կարծիքով պատճառն ընդամենը ապագա անկախ Հայաստանի ապագա գահի համար վեճն էր Բագրատունյաց տերերի հետ: Եվ բնականաբար, միայն Սիլվա Բարունակովնայի խաթեր չեմ պատմի, թե ինչու դաշնակցական Հայաստանը հրահրեց 1920թ. թուրքական ագրեսիան: Իսկ պատմելուց հետո զգուշավոր չեմ ասի, որ դաշնակցականներն ընդամենը վախենում էին իշխանությունը կորցնելուց: Կրկնեմ, որ այս ամենը չեմ ասի խնայելով Սիլվա Կապուտիկյանի հայրենասիրական զգացումները:
Այ, ինչի մասին կարելի է անվտանգ խոսել, այն է, թե ինչու հանկարծ ռուսաց ցարը մի օր թարս ոտքին զարթնեց և հանկարծ սկսեց պատերազմել Ճապոնիայի դեմ: Թարս ոտքը հեղափոխության վտանգն էր: Ցարի ապաշնորհ քաղաքականությունը կարճ ժամանակով միավորեց և՛ աջերին, և՛ ձախերին, և՛ նույնիսկ միապետականների մի մասին: Երկրի տնտեսական ենթակառուցվածքը փլուզված էր, ժողովրդի ընչազրկությունը հասել էր գագաթնակետին: Ցարական շրջապատի այլասերումը, ռասպուտինովշչինան, քաղաքական սպանությունները, պերմանենտ հալածանքները երկիրը կանգնեցրին հեղափոխության եզրին:
Եվ ցարը որոշեց սկսել «փոքրիկ հաղթական պետերազմ»: Ժողովրդին կոչ արեցին համախմբվել կայսեր շուրջ, իսկ դժգոհներին հիշեցրին, որ Պրեոբրաժենսկի գնդի գնդապետ Նիկոլայ Ռոմանովը երկրի գլխավոր հրամանատարն է և նրա դեմ ցանկացած ոտնձգություն ձեռնտու է ճապոնացիներին: Այս ամենի արդյունքն էր ջախջախիչ պարտությունը, քանի որ «պետական մեքենան փտած էր, գեներալները՝ ապաշնորհ»: Դա ես չեմ ասում, այլ ընկեր Լենինը: Այնուամենայնիվ պատերազմի ծածկադմփոցով հնարավոր եղավ ճնշել հեղափոխությունը: Այս փորձն այնքան դուր եկավ ցարին, որ 1917թ. երբ նորից հասունանում էր հեղափոխությունը, ցարը որոշեց գերմանացիներին հանձնել Ռիգան: Նորից հնչեց «ով մեզ հետ չէ՝ թշնամու լրտեսն է» կարգախոսը, նորից հոլովվում էր գերագույն գլխավորի անունը: Բայց այս անգամ դեպքերը զարգացան այլ սցենարով: «Մի գեղեցիկ օր ցարը զարթնեց և ասաց. «Սա խռովություն է»: Ոստիկանապետը պատասխանեց. «Սա հեղափոխություն է, Ձերդ մեծություն»:
Վահան Հովհաննիսյանը իր ողջ աջ սոցիալիստական էությամբ խորհուրդ կտար այս ցնծագին նոտայով ավարտել հոդվածը. պարտադիր նշելով, որ հեղափոխության լույսը մեր խավար երկրի վրա ծագեց փետրվարի 4-ին՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի: Բայց քանի որ մենք Վահան Հովհաննիսյանը չենք, շարունակենք՝ ասելով, որ ժամանակավոր կառավարությունը ընդամենը 6 ամսում հասցրեց երկիրը կոլապսել: Եվ նորից սկսեցին խոսել համախմբվածության մասին: Այս անգամ պլանավորվում էր թշնամուն հանձնել Պետրոգրադը:
Հոկտեմբերյան հեղափոխությունը ավելի շուտ պայթեց: 1914-1920թթ. Ռուսաստանում զոհվեց մոտ 15 մլն մարդ` երկրի բնակչության յուրաքանչյուր տասներորդը... Միլիոնավոր ճակատագրեր խեղվեցին, հարյուր հազարավորները բռնեցին պանդխտության ուղին: Եղբայրը զենք բարձրացրեց եղբոր վրա: Տիֆ: Սով: Եվ այս ամենը միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը որոշեց ներքին քաղաքականությունը շարունակել ոչ տրադիցիոն եղանակով, կոչ անելով թալանված և թշվառ ժողովրդին համախմբվել գլխավոր հրամանատարի շուրջ:
Նիկոլայ Իվանով
(փաստաբան)
«Չորրորդ իշխանություն», թիվ 298, նոյեմբերի 16, 2001 թ.