...

Ասք սահմանադրության և Քոչարյանի անհամատեղելիության մասին

Ասք սահմանադրության և Քոչարյանի անհամատեղելիության մասին

ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԵՎ ՉԸՆԴՈՒՆՎԱԾ

Մենք իսկապես ապրում ենք վիրտուալ մի երկրում, որի Սահմանադրությունը թղթի վրա է, իսկ իշխանությունը՝ լիարժեքորեն ուզուրպացված: 1999թ. հոկտեմբերի 27-ին սկսված գործընթացը համարյա ավարտված է: ԱԺ-ն ձեռնասուն է, պառլամենտից դուրս գործող քաղաքական ուժերը՝ տրոհված, ինտելեկտուալ նախկինները՝ քիչ, անհենարան և ամբիցիոզ: Իսկ հասարակությունն այժմ չի ուզում և չի էլ կարող որևէ կերպ ազդել երկրում կատարվող դեպքերի վրա:

Որպեսզի գտնենք չարիքի սկիզբը, վերադառնանք 1995թ. հուլիսի 5-ը: Եվ հիշենք, թե ինչով էր զբաղված հայաստանյան ընդդիմությունը Վ. Մանուկյանի գլխավորությամբ: Այն ամեն կերպ աշխատում էր տապալել հանրաքվեն, իսկ երբ չհասավ իր նպատակին, բարձրագոչ ու ինքնավստահ հայտարարեց՝ Սահմանադրությունը լեգիտիմ չէ: Նախկին ընդդիմադիր, «ազգային» ու «պետական» գործիչներից ոչ մեկն այսօր չի ուզում հասկանալ, թե ինչ դեստրուկտիվ դեր կատարեց այն ժամանակ և նույնը շարունակում է հիմա: Ուրեմն՝ 95-ից կիրառության դրվեց լեգիտիմ բառը, իսկ եղած-ընդունված Սահմանադրությունը անմիջապես արժանացավ ծայրաստիճան բացասական «գնահատականի»: Ի դեպ, փորձենք բացատրել «լեգիտիմություն» հասկացությունը: Սա ոչ թե իրավաբանական, այլ հոգեբանական երևույթ է: «Լեգիտիմ» լատիներեն նշանակում է «օրինական», «օրենքներին համապատասխան»: Սակայն հոգեբանները պնդում են, որ հասարակության կյանքում լեգիտիմը ընդունելին է, այսինքն իշխանությունը կամ հասարակական կյանքը կարող են հաստատվել հեղափոխական ճանապարհով և ընդունելի (լեգիտիմ) դառնալ հասարակության համար, և, հակառակը, օրինական ճանապարհով ընտրված իշխանությունը կարող է մերժվել «հպատակների» կողմից և վերածվել ոչ լեգիտիմի:

Հետևաբար 1995-ին հայկական դեստրուկտիվ ընդդիմության ջանքերով և՛ Հայաստանում, և՛ արտերկրում կասկածի տակ դրվեց երկրի հիմնական օրենքի օրինականությունը: Իսկ այն ժամանակվա իշխանությունն ու «իշխանամետ» լրատվամիջոցները գրեթե ոչինչ չարեցին նույն հասարակության գիտակցության մեջ Սահմանադրությունը արժեվորելու, լեգիտիմ դարձնելու համար: Եվ մենք ստացանք այն, ինչին ձգտում էինք: 1998-ին, Սահմանադրությունը կոպտորեն ոտնահարելով, իշխանությունն ուզուրպացրեց (բռնազավթեց) Ռ. Քոչարյանը: Ուրեմն ՀՀ նախագահի պաշտոնում նրա «աշխատանքն» անօրինական էր: Եվ ընդդիմության վերածված «նախկիններն» անմիջապես արձանագրեցին, թե նա լեգիտիմ չէ: Եվ ճիշտ էին: Սակայն նրանց ձայները մնացին անարձագանք: Ղարաբաղի նախկին նախագահը Հայաստանում դարձավ «անձեռնմխելի»: Նա բոլորովին չչարչարվեց անցած 3.5 տարում իր անօրինական կարգավիճակը լեգիտիմացնելու՝ հասարակության համար ընդունելի դարձնելու համար: Որովհետև հիանալի գիտեր, որ հասարակությունն իր հենարանը չէ, որ հասարակության իրավունքը՝ Սահմանադրությունը, Հայաստանում լոկ թղթի կտոր է: Ռ.Ք.-ն այլ հենարան ունի: Նրան սատարած ուժերի կիսագրագետ, քրեականացված հատվածը լավ գիտի իր գործը և կատարում է: Սրանց և իշխանության «գլուխ կանգնած» մարդու միջև կապն օրգանական է: Այսինքն միմյանց ցմահ պարտական են, ուրեմն՝ փոխադարձաբար պատանդ: Ո՞ւմ համար պետք է նա աշխատեր լեգիտիմ լինել: Դրսի՞: «Դրսին» առայժմ հաջողվում է գոհացնել՝ դեմոկրատ ձևանալով, իսկ ավելի շատ՝ Հայաստանը մաս-մաս ծախելով: Մեկ էլ ձևեր է թափում, թե ուզում է փոխել «ոչ լեգիտիմ», «բռնապետական» Սահմանադրությունը և դարձնել այն «դեմոկրատական»: Իսկ մենք վստահ ենք՝ Քոչարյանն ուզում է «օրինական» ճանապարհով երկարաձգել իր իշխանությունը, ավելացնել իր լիազորությունները: Իզուր (դեռ շատ միամիտ ենք): 3.5 տարում Հայաստանում ի՞նչն է օրինական եղել: Միայն 1999-ին՝ մայիսին, Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը օրինական ձայներ ստացան, ավելին՝ հոգեբանորեն լրիվ ընդունելի էին ընտրողների համար: Ու ոչնչացվեցին: Բնականաբար, ոչ լեգիտիմ միջոցով: Ու հասարակությունը լռեց: Մեր ինքն իրեն չընդունող հասարակությունը լռեց ու լեգիտիմացրեց սպանությունը: Ուրեմն Քոչարյանի ինչի՞ն է պետք Սահմանադրությունը: Ժամանակ է ձգելու, կատվի խաղ է տալու անօրինական սույն «իշխանավորը», ու հանդիսատեսն էլի մենք չենք լինելու, այլ՝ դուրսը: Իսկ մենք շարունակելու ենք մեր վիրտուալ գոյությունը, որովհետև մեզ էլ պետք չեն ո՛չ Սահմանադրություն, ո՛չ օրենք, ո՛չ ՀՀ նախագահ, ոչ էլ երկիր, որովհետև չենք սիրում այն, որովհետև մեզնից յուրաքանչյուրը չի սիրում ինքն իրեն, չի ուզում գտնել իր մարդկային կերպարանքն ու արժանապատվությունը, որովհետև մենք վաղուց արդեն վերածվել ենք անողնաշարների, որ միայն անճաշակ որկոր ունի: Մենք արժանի ենք սրան՝ ոչ լեգիտիմին: Իսկ Ռ.Ք.-ին Սահմանադրություն պետք չէ, նա խաղում է այլ «աշխարհի» օրենքով...

Լ. Ասատրյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 258, սեպտեմբերի 7, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   411 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ