Ռետրո բաժնի այս թողարկմամբ ուզում ենք հիշեցնել առաջիկա ընտրություններին մասնակցելու և «կրելու» հայտ ներկայացրած Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները ՀՀ Սահմանադրության հետ դեռևս 2001 թվականի դրությամբ՝ չմոռանալով շեշտել, որ այժմ նույն անձը «Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը խախտելու մեջ մեղադրանքով ամբաստանյալի կարգավիճակում է։
ՌԵՏՐՈ-ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Իսկ Ռոբերտ Քոչարյանը չի կարող հետևել Սահմանադրության պահպանմանը: Որովհետև խախտել է այն բազմիցս: Եվ նրա գոյությունը ՀՀ նախագահի աթոռին ապօրինի է և վտանգավոր: Իսկ գործող Սահմանադրության գոյությունն ավելի է սարսափեցնում նույն Ռ. Քոչարյանին, քանի որ 2003-ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ էլ հենց Հայաստանի գլխավոր օրենքն է լինելու հիմնական ախոյանը:
«Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:
Այս հստակ պահանջն է արձանագրված մեր երկրի Սահմանադրության 50-րդ հոդվածում: Այս պահանջը Ռ. Քոչարյանի կենսագրությունը «բավարարել» չի կարող, որովհետև նա միայն 1997 թվականից է բնակվում այստեղ: Բնական է, որ պետության հիմնական օրենքը ոտնահարելով՝ իշխանությունը զավթելուց հետո սեփական օգտագործման սահմանադրություն ունենալը դառնալու էր վերջնական նպատակին հասնելու անկյունաքարերից մեկը: Իսկ հիմնական նպատակը մեկն է՝ պահպանել զավթածը:
Բազմիցս ենք ասել և հիմա կրկնում ենք. Ռ. Քոչարյանն ու իր վարչախումբը «մտահոգված են» միայն անձնական շահերով, իշխանությունը նրանց անհրաժեշտ է Հայաստանում ցմահ «ամրապնդվելու» և սեփական տնտեսական խնդիրները լուծելու համար: 3.5 տարի է, ինչ մեր երկրում հետևողականորեն քայքայվում են պետականության բոլոր սաղմերը: Եվ հիմա պատրաստվում են փոխել 1995թ. օրինական նախագահի օրոք ընդունված օրինական Սահմանադրությունը: Նախագահի պաշտոնն ապօրինաբար զբաղեցնող Ռ. Քոչարյանն իրեն սատարող հայտնի ու անհայտ ուժերին դեռ 1998-ին սպառնացել էր, որ կկատարի նաև այս քայլը: Իսկ այդ ուժերի բաղկացուցիչ մասն են 1995-ին Լևոն Տեր-Պետրոսյանին ընդդիմադիր այն գործիչները, որոնք կանխավ հայհոյում էին մեր Սահմանադրությունը և կանխավ այն հայտարարում ոչ լեգիտիմ: Սրանք, անշուշտ, իրենց «մոտիվներն» ունեին, որոնցից հիմնականը Վազգեն Մանուկյանի նախագահ դառնալու հավերժական մարմաջն էր և դաշնակների բնազդական ատելությունը հայոց նոր պետության և նրա ընտրյալ նախագահի հանդեպ: Եվ այս աղմկարար- ամբոխավարական քարոզչության իներցիան՝ ընդդեմ ՀՀ Սահմանադրության, հիանալի օգտագործեցին 1998-ի հեղաշրջումը կազմակերպելիս և օգտագործում են այժմ՝ Հայաստանում վերջնականապես բռնատիրական կարգեր հաստատելու համար:
Իսկ ինչների՞ն է պետք Սահմանադրությունն ընդհանրապես, եթե այդ փաստաթուղթը նրանք, մեղմ ասած, բանի տեղ չեն դնում: Պետք է, որովհետև որոշել են բոլորիս ցմահ լռեցնել, պետք է, որովհետև կանգնած են կարևորագույն հարցեր լուծելու առջև: Հարցեր, որոնք կարող են հասարակական ապատիան փոխել հասարակական բուռն ընդվզման: Դրանցից մեկը՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը, Ռ. Քոչարյանի իշխանության գալու միակ փաստարկն էր: Ինչպիսի լուծում է բոլորիս սպասվում նրա «պետականամետ» գործունեության պատճառով, արդեն ակնհայտ է: Պետականության հիմքերի խարխլումը, արտաքին կոմպլեմենտար քաղաքականությունն ու հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը երկիրը, ուրեմն մեզ՝ բոլորիս ծուղակն են գցել: Այս ամենի տրամաբանական շարունակությունը կարող են դառնալ պատերազմը, Ղարաբաղի հանձնումը, Հայաստանի ինքնիշխանության կորուստը երկրի հարավում՝ Մեղրիում:
Եվ ուրեմն եզրակացնենք, որ ՀՀ Սահմանադրությունը խանգարում է այսօրվա ապօրինի իշխանություններին և երևի թե վերջին խոչընդոտն է նրանց համար այս երկիրը վերջնականապես մանր խանության վերածելու ճանապարհին: Եվ պատճառը մեկն է. օտարի համար պետություն հասկացությունը միշտ էլ մնում է օտար և անհասկանալի: Որովհետև նորմալ պետության օրինական ղեկավարը չի հայհոյում իր նախորդին, հարգում է պետականության ավանդույթներն ու ժառանգականությունը: Ու չի ձգտում ինքնահաստատվել՝ ձեռք բարձրացնելով երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության վրա: Նույնիսկ անցումային փուլում գտնվող Ռուսաստանում մենք ականատես ենք բոլորովին տարբեր գործընթացների: Ելցինյան Սահմանադրության հանդեպ նույնպես վերաբերմունքը միանշանակ չէր: Շատերն էին դժգոհ, շատերն էին սպասում, որ նոր նախագահը՝ Վ. Պուտինը, խորհրդային գենսեկներին բնորոշ տրամաբանությամբ կսկսի երկրում տիրող իրավիճակի բոլոր մեղքերը բարդել իր նախորդի վրա: Ու հիասթափվեցին: Որովհետև Պուտինը, ի տարբերություն Քոչարյանի, իշխանության եկավ օրինական ճանապարհով, Պուտինն իրականում կարճ ժամանակում կարողացավ շահել Ռուսաստանի բնակչության մեծամասնության համակրանքը: Դժվար է հեռվից դատել, բայց նրա պահվածքի մի քանի էական առանձնահատկություններ ցույց են տալիս, որ այդ մարդու համար իսկապես թանկ են իր պետության շահերը, որ նա օտար չէ իր ժողովրդին և չի զբաղվելու էժան բամբասանքներով: Այսպես Պուտինը.
ա) անգամ փորձ չարեց նախորդների հետ համեմատվելու,
բ) երկրի առաջ ծառացած հարցերը սկսեց լուծել առանց ավելորդ «ազգային» գաղափարախոսական ճառերի,
գ) փոփոխություններ բերեց պետության կառավարման համակարգում՝ հին նոմենկլատուրային աշխատողներին զրկելով ռեալ իշխանական լծակներից, բայց առանց «խռովելու» ու հայհոյելու,
դ) բոլոր պատեհ առիթներն օգտագործեց ՌԴ առաջին նախագահի հանդեպ իր խորին ակնածանքը դրսևորելու համար:
Իսկ 2001թ. դեկտեմբերի 12-ին ևս մեկ քայլ կատարեց՝ զանազան «պետականամետ» գործիչների լռեցնելու ուղղությամբ: ՌԴ գործող նախագահը, որին ըստ ամենայնի առաջիկայում պաշտոնանկության վտանգը չի սպառնում և որն ընդունելի, լեգիտիմ է լինելու իր ժողովրդի համար դեռ երկար ժամանակ, կտրուկ հերքեց գործող Սահմանադրությունը փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտությունն այս պահին: Նա նաև ընդգծեց, որ ամեն պարագայում նախագահի իշխանությունը երկարաձգելու նպատակով իրականացվելիք փոփոխությունն ամեն պարագայում չի վերաբերի գործող նախագահին:
Այս անգամ էլ Վ. Պուտինը ցույց տվեց բոլորին, որ թույլ չի տա խարխլել ռուսական պետության հիմքերը, թույլ չի տա, որ կտրվի պետական իշխանության ժառանգականության թելը: Մեկ դիտարկում ևս. Ռուսաստանի նախագահը պարբերաբար հանդիպում է նաև ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահի՝ Մ. Գորբաչովի հետ, չի խորշում նրա խորհուրդներից, չի վախենում պետական կառավարման մեծ փորձ ունեցող վառ անհատների գոյությունից իր կողքին: Ինչո՞ւ: Որովհետև հիանալի գիտակցում է օրինական իշխանության արժեքը և լավ գիտի, թե ինչ վիճակում է իր ռեյտինգն իրականում: Եվ ռուսական պարույրհայրիկյանների կարիքը բնավ չունի:
Ստացվեց Քոչարյանի հակապատկերը: Ստացվեց, որ մեր նախկին գավառական պարտկոմը շատ է տարբեր նրանց նախկին ռուս չեկիստից: Եվ այս ամենի հիմքում (բացի անձնական հատկանիշներից, որ չենք ուզում քննարկել) ընկած է ամենաէականը. Հայաստանում գործում է ապօրինի իշխանություն, որը, բնականաբար, «ստիպված է» իր գոյությունն արդարացնել ապօրինի միջոցներով, «ստիպված է» ստել ու հայհոյել, անընդհատ դիմել կեղծիքների, քաղաքական ու տնտեսական ահաբեկումների: Քոչարյանի զենքը միայն խարդավանքն է, որովհետև նրա ընտրությունն ապօրինի է թե՛ գործող Սահմանադրությամբ, թե՛ ընտրությունների ժամանակ «հավաքած» ձայների քանակությամբ, թե՛ հասարակության մեջ ունեցած լեգիտիմության իրական ցուցանիշով: Կրկնում ենք՝ այլ կերպ վարվել սրանք չեն կարող, իսկ հեռանալ չեն ուզում: Ու «անարյուն» չեն հեռանա, մինչև չկործանեն Հայաստան պետությունը:
Հ.Գ. Կուզենայինք, որ սա լիներ մեր «սուբյեկտիվ» ու «թունավոր» կարծիքը: Եվ Ռ. Քոչարյանի իշխանությունից գոհ լիներ մեր բնակչության գոնե 30%-ը՝ ներառյալ չինովնիկների «հզոր» բանակը: Բայց...
Լ. Ասատրյան
«Չորրորդ իշխանություն», No 315, դեկտեմբերի 18, 2001թ.