...

Բանտիկի գովազդ Քոչարյանս

Բանտիկի գովազդ Քոչարյանս

ՇԱԳՐԵՆԻ

Օրերս Ռուսաստանի հասարակական կարծիքի կենտրոնը մի հարցախույզ էր հրապարակել՝ տարբեր խնդիրների վերաբերյալ ռուսների դիրքորոշման մասին: Ու հետաքրքիր մի օրինաչափություն պարզվեց. բոլոր այն բնագավառներում, որտեղ նախագահ Պուտինը հետաքրքիր ինչ-որ բան է գտնում կամ կարևորում, այդ բոլոր բնագավառների նկատմամբ կտրուկ աճում է ռուս հասարակության հետաքրքրությունը: Եթե, ասենք, Պուտինը հայտարարում է, որ այս կամ այն երկրի հետ Ռուսաստանը բարիդրացիական հարաբերություններ պետք է սահմանի, անկախ տվյալ երկրի նկատմամբ նախկինում ունեցած վերաբերմունքից, Պուտինի հայտարարությունից հետո հասարակական կարծիքը տվյալ երկրի նկատմամբ դառնում է խիստ բարեհաճ: Սույն երևույթը, բնականաբար, Պուտինի բարձր ռեյտինգի արդյունք է. ռուս քաղաքացին վստահում է իր երկրի նախագահին, նախագահի խոսքը և կարծիքը ռուս քաղաքացու համար հավաստի են և ընդունելի:

Իհարկե, նման ժողովուրդ ունենալ ցանկացած նախագահ կնախանձեր ու առաջին հերթին մեր նախագահը, որի ռեյտինգը, ըստ պաշտոնական վիճակագրության, աննախադեպ է աճում, այնպես է աճում, որ դեմն առնել այլևս անհնար է. ռեյտինգն աճում է, իսկ հասարակության վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ, չգիտես ինչու, ռեգրես է ապրում:

Ի դեպ, մեզ թույլ տանք մի բացահայտ օրինաչափություն արձանագրել. բոլոր այն հարցերում, որտեղ նախագահ Քոչարյանը հետաքրքրություն է ցուցաբերում, հասարակության հետաքրքրությունն այդ հարցերի նկատմամբ կտրուկ ընկնում է. ավելին, հասարակությունը սկսում է ատել նախագահ Քոչարյանի հավանությանն արժանացած երևույթները: Հետաքրքիր մի զուգադիպությամբ որ գործարանն իր սուր մկրատով բացում է Քոչարյանը, ժողովուրդը մի տեսակ ներքին թշնամանք է զգում այդ գործարանի հանդեպ: Ու պատճառն այն չէ, որ հայ ժողովուրդը մառազմատիկ է. պարզապես, հասարակությունը ներքին բնազդով հասկանում է, որ կարմիր բանտիկով կտրված հերթական գործարանը հերթական բլեֆն է՝ ընդամենը մեկ-երկու ամսվա կյանք ունեցող բլեֆ: Եվ հասարակությունը չի սխալվում. վկան՝ Քոչարյանի մկրատով բացված գործարանները, որոնց մեծ մասն այսօր արդեն չի աշխատում, իսկ մյուսները, ինադի ընկած, շարունակում են հսկայական վնասով աշխատել:

Իսկ երբ հասարակությունն իմացավ, որ Քոչարյանը շատ է սիրում «Առագաստ» սրճարանը, այդ սրճարանը անմիջապես ժողովրդի աչքի գրողը դարձավ, և երբ այդ սրճարանում նախագահականի թռչունները Վրաստանի մի քաղաքացու զուգարանի պատերին տալով սպանեցին, այդ պահից «Առագաստ» սրճարանի տերերը նախանձում են ամենաքնձռոտ սրճարանի հաճախորդների թվին, քանզի հասարակությունն աշխատում է շրջանցել նախագահ Քոչարյանի հավանած սրճարանը: Էլ չենք խոսում Քոչարյանի սիրած ջազի մասին, որը լսելիս ժողովրդի «ֆազերը» քցում է:

Երբ Քոչարյանը սկսեց խոսել 44 հազար 48 աշխատատեղի մասին, շարքային հայ քաղաքացին սկսեց ատել աշխատատեղ հասկացությունն ընդհանրապես: Որովհետև շարքային հայ քաղաքացին հասկացավ 44 հազար ու ևս 48 աշխատատեղի ողջ զառանցանքը:

Այսպիսով, ինչի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի նախագահը, ինչից նա սկսում է խոսել, այդ «ինչը» անմիջապես դառնում է հասարակության համար ատելի: Դասական հայ բանաստեղծը կհարցներ՝ չգիտեմ, ինչո՞ւ է այդպես:

Իսկ մենք գիտենք. պատճառը Քոչարյանի լացացնող ռեյտինգն է, որը ժամ առ ժամ ընկնում է, պատճառը՝ նրա հանդեպ ժողովրդի անվստահությունն է, պատճառը՝ նրա, այսպես կոչված, նախագահական խոսքն է, որ գրոշի արժեք չունի և պատճառը նրա անձն է, որ հուսահատությունից ու տարակուսանքից բացի որևէ այլ բան չի հարուցում:

Իհարկե, պալատական վիճակագիր Պարույր Հայրիկյանը պնդում է, որ նախագահի ռեյտինգը սնդիկի սյան պես թռել է վերև, իսկ նախագահ Քոչարյանը վստահաբար այն կարծիքին է, թե չար ու թունավոր մարդիկ նախանձում են իր աճող «ռեյծինգին», բայց հասարակությունը հրաշալի արձագանքում է վերջինիս աճող «ռեյծինգին»՝ մերժելով այն ամենը, ինչի մասին խոսում և ինչը գովազդում է Քոչարյան Ռոբերտը:

Ու եթե ինչ-որ մի հասարակական կարծիքի կենտրոն որոշի Հայաստանում ևս նման հետազոտություն անցկացնել, ապա վերոնշյալ օրինաչափությունը պարզապես Գինեսի գրքում գրելու բան կդառնա, քանզի դժվար թե հնարավոր լինի գտնել ևս մեկ երկիր, որի նախագահի կարծիքը հավասարազոր լինի հակագովազդի:

Ի դեպ, եթե որոշ երկրներ կուզենան սեփական հասարակության աչքից ինչ-որ, խիստ արժեքավոր բան գցել, մենք կարող ենք մեր նախագահին պրակատով տալ. համոզված ենք, որ վերջինս կարդարացնի իր վրա դրված բարձր վստահությունն ու կկարողանա ցանկացած երևույթի համար իդեալական հակագովազդ ապահովել:

Իրականում, իհարկե, ամեն-ինչ շատ ավելի տխուր է, քան ողջ այս պատմությունը, երբ երկրիդ նախագահն այնքան անընդունելի է հասարակության համար, որ նույնիսկ բացառիկ այն դեպքերում, երբ Քոչարյանը չի ստում, ժողովուրդը նրան չի հավատում:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա Քոչարյանի հանդեպ այս համատարած անվստահության իրական պատճառն այն է, որ նա ընտրված նախագահ չէ: Ու ամեն ինչ պետք է սկսել հենց այդտեղից: Եվ դա հասկանալու համար հատուկ հասարակական կարծիքի կենտրոն հաստատ պետք չէ:

Նաիրա Կարապետյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 332, փետրվարի 5, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ