ԹՈՒՐՔԱՆՊԱՍՏ
1998-ի անվտանգության խորհրդի հայտնի նիստից հետո այն ժամանակ դեռ ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հասկացրեց, որ ինքը եկել է, որ Ղարաբաղի հարցում պարտվողական գործընթացներին վերջ տա: Ասաց ու ապացուցելու համար, որ ինքն իսկապես վճռական է տրամադրված՝ միանգամից կերավ երկու կոնֆետ: Իհարկե, նրա, նաև Վազգեն Սարգսյանի հաղթական տրամադրությունը տպավորիչ էր. եթե Լևոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի համար առաջարկում էր ավելի վատ տարբերակ, իսկ Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, նրանց հետ էլ՝ Սերժ Սարգսյանն առաջարկում էին միանգամից, մեկ փաթեթով լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը և այն դարձնել կա՛մ Հայաստանի մաս, կա՛մ անկախ, բնական էր, որ պիտի հեղաշրջում տեղի ունենար: Ավելին, նրանք ակնարկում էին, թե ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հետ ունեն որոշ պայմանավորվածություններ և մնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռանա:
Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե հեռացավ, դաշտը թողնելով «հաղթականներին», քանզի նրան ևս պիտի որ հետաքրքիր լիներ, թե այդ ինչպե՞ս են վճռականները լուծելու Ղարաբաղի հարցը:
Իսկ 98-ից անցել է 4 տարի, և այդ չորս տարվա ընթացքում Ղարաբաղի հարցում մենք ունեցանք հետևյալ պարտությունները.
պարտություն առաջին՝ Ղարաբաղը բանակցությունների սուբյեկտից վերածվեց բանակցությունների օբյեկտի՝ դուրս մղվելով բանակցային գործընթացից. մինչդեռ «պարտվողական» Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Ղարաբաղը բանակցությունների սուբյեկտ էր.
պարտություն երկրորդ՝ «հաղթական» Քոչարյանը Ստամբուլում ստորագրեց հանրահայտ խարտիան, որով Հայաստանը պարտավորվեց հարգել ցանկացած երկրի տարածքային ամբողջականությունը և որտեղ ոչ մի խոսք չկար ազգերի ինքնորոշման մասին.
պարտություն երրորդ՝ չնայած «հաղթական» Քոչարյանի համառ հերքումներին, արդեն նույնիսկ ամենավերջին տկարամիտի համար պարզ է, որ Քոչարյանի «փայլուն» արտաքին քաղաքականության արդյունքում բանակցություններում սակարկման առարկա է դարձել Հայաստանի ինքնիշխանությունը, և դրա վերջին ապացույցն էր Ալիևի հայտարարությունը, թե Քի-Վեսթում և Փարիզում բանակցությունները գնացել է Մեղրիով Ադրբեջանին Նախիջևանի հետ կապող կամուրջ տրամադրելու մասին: Ի դեպ, Ալիևի սույն հայտարարությունից հետո Քոչարյանի մամուլի խոսնակը նրբորեն ակնարկեց, որ ծերուկը խելքը թռցրել է, բայց տեսնես ի՞նչն էր թռցրել Ֆրանսիայի արտգործնախարարը, որ մուննաթ եկավ Ալիևի վրա, թե ի՞նչ իրավունք ուներ վերջինս գաղտնազերծելու փարիզյան և քիվեսթյան բանակցությունները: Նկատենք, որ Ֆրանսիայի արտգործնախարարը չասաց, թե ծերուկը խելքը թռցրել է, այլ ընդամենը ջղայնացավ, որ բանակցային գաղտնիքը գաղտնազերծվել է: Իսկ որ Մեղրիի տարբերակ եղել է, և Քոչարյանը կողմ է եղել այդ տարբերակին՝ դրա մասին բազմիցս ասել է նաև նախկին վարչապետ Արամ Սարգսյանը՝ վերջերս էլ հայտարարելով, որ Քոչարյանը ոչ միայն կողմ էր այդ տարբերակին և փորձել է համոզել իրեն, այլև այնքան է հավանել այդ տարբերակը, որ Արամ Սարգսյանի մոտ տպավորություն է ստեղծվել, թե Քոչարյանը սիրահարվել է Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու գաղափարին:
և պարտություն ամենավերջին ու վերջնական՝ ԱՄՆ պետդեպարտամենտը անցած շաբաթ հայտարարություն ընդունեց, ուր շատ ընկալելի լեզվով ասված էր, որ Ամերիկան ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս: Եթե ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը մի քիչ երկար լիներ, ասենք, մի քանի նախադասություն, մեր արտգործնախարարության անգլիագետ գիտունները իսկույն կհայտարարեին, թե թարգմանությունն է վատ կատարվել, և մենք էլ սխալ ենք հասկացել, քանզի այդ անտեր անգլերենում ամեն բառը մի քանի նշանակություն ունի, ինչպես ասենք՝ Օսկանյանի հանրահայտ «օքուփայթը»: Ի դժբախտություն մեր դիվանագետների, ամերիկացիների հայտարարությունը հակիրճ էր և թարգմանության ընդամենը մեկ տարբերակ էր ենթադրում:
Նշյալ հայտարարությունը նշանակում էր, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի՝ Ամերիկայի համար Հայաստան-Ադրբեջան բանակցություններն այլևս ավարտված են, և այդ երկիրը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Ուստի ողջ այս պատմությունից հետո մի տեսակ անհարմար էլ է հարցնելը, թե ի՞նչ եղավ «հաղթական» Քոչարյանի անկախ կամ՝ հեչի պես՝ Հայաստանի կազմում գտնվող Ղարաբաղը: Արդյունքում՝ ողջ այս պատմությունից մեկ տրամաբանական եզրակացություն է դուրս գալիս՝ Քոչարյանին Ղարաբաղի բլեֆը պետք էր ընդամենը Հայաստանում իշխանափոխություն կատարելու և նախագահի աթոռը զավթելու համար:
Ի դեպ, 13 ընդդիմադիր կուսակցությունները Քոչարյանի կողմից կատարած պետական դավաճանությունների ցուցակ են կազմել, մինչդեռ մոռացել են նրա կատարած ամենամեծ հանցագործությունը. այդ մարդը 1998-ին, անվտանգության խորհրդի նիստում հայտարարել և պնդել է, որ ինքը Ղարաբաղի համար կարող է ապահովել անկախության կարգավիճակ, որի համար էլ առաջին նախագահը իշխանությունը զիջել է նրան: Եվ այդ հայտարարությունից ընդամենը մի քանի ամիս անց արդեն պարզ էր, որ նպատակը եղել է մեկը՝ զավթել իշխանությունը: Ուստի, այսօր 13 ընդդիմադիրները կարող են Քոչարյանին պարզապես հարցնել՝ ո՞ւր է անկախ, կամ՝ Հայաստանի կազմում գտնվող Ղարաբաղը. եթե կա՝ նա պարտավոր է այդ Ղարաբաղի տեղը բոլորիս ցույց տալ, իսկ եթե չկա՝ ուրեմն նա իսկապես պետական հանցագործություն է կատարել, քանզի իշխանությունը զավթելու համար ստահոդ հայտարարություններ է արել:
Մինչդեռ 98-ի իշխանափոխությամբ մենք կորցրեցինք, ու կարծես թե, անվերադարձ, Ղարաբաղի հարցը տրամաբանության սահմաններում լուծելու հայանպաստ տարբերակը: Բնականաբար, Քոչարյանի մեղքով. և դա, թերևս, նրա կողմից կատարված ամենամեծ պետական դավաճանությունն է:
Նաիրա Կարապետյան
Հ. Գ. Ի դեպ, հատուկ քոչարյանական շրջապատի համար մի ոչ հայանպաստ հայտարարություն էլ մենք անենք. մեր ունեցած խիստ հավաստի տեղեկություններով, մոտ ժամանակներս ԱՄՆ պետդեպարտամենտը հերթական կոշտ հայտարարությունն է անելու: Այս մեկը, սակայն, կապված Քոչարյանի տնտեսական «հրաշքների» հետ:
«Չորրորդ իշխանություն», թիվ 372, հունիս 28, 2002 թ.