...

Տեղեկատվական քոչարյանիզացիա

Տեղեկատվական քոչարյանիզացիա

ՌԵՏՐՈ խորագրով ներկայացվող «Չորրորդ իշխանություն» թերթում 2001 թվականին տպագրված հոդվածն այն մասին է, թե ինչպես է առաջիկա ընտրություններում կրելու հայտ ներկայացրած Քոչարյանն իր պաշտոնավարման ժամանակ հայտ ներկայացրել և «կրել»։ 20-ամյա հոդվածից, միաժամանակ, ակնառու են այսօրվա լրատվադաշտի փչացման սկիզբն ու դրդապատճառները։

  • ՔՈՉԱՐԻ

2003-ի նախագահական ընտրությունների քարոզարշավը կարծես թե շուտ սկսվեց: Բոլոր ժամանակների նախագահամետ Միրզիկը ՌԱԿ օպերատիվ ժողով արեց ու հայտարարեց, որ 2003-ի նախագահի իրենց թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է: Մինչդեռ Քոչարյանը որևէ կերպ չարձագանքեց Միրզիկի վեհանձնությանն ու համառորեն նրան չի տալիս գիտության և կրթության նախարարի աթոռը: Չնայած, խիստ հավաստի աղբյուրները պնդում են, որ Միրզիկին նախարարի աթոռին նստեցնելու համար դրսի ռամկավարները, որ դարեդար աչքի են ընկել իրենց դասական ժլատությամբ, այս անգամ պատրաստ են նույնիսկ վճարել: Բայց գիտության և կրթության նախարարի տեղը դաշնակներինն է:

Սակայն դառնանք տեղեկատվական դաշտի քոչարյանիզացիային: Քոչարյանը հերթական նախագահական ընտրություններից շատ առաջ արդեն հայտարարեց, որ 2003-ին դնելու է իր թեկնածությունը: Իհարկե, սույն վաղաժամկետ հայտարարությունը նույնիսկ նրան սատարող դաշնակները իրար մեջ խոսելիս համարում են կատարյալ հիմարություն, բայց Քոչարյանն արդեն ասել է: Ուստի տեղեկատվական դաշտը սկսեց ճշտել իր մարտավարությունը: Շատ արագ «ԱՐ»-ից վտարվեց Մերուժան Տեր-Գուլանյանը. ճիշտ է, վերջինս խիստ զգուշավոր էր և երբեք էլ իշխանություններին «պադնոշկա» չի տվել, բայց Քոչարյանը որևէ երաշխիք չէր կարող ունենալ, որ Տեր-Գուլանյանը, լինելով նախկին հանցավորների շրջապատից, ինչ-որ մի պատասխանատու պահի իրեն չի քցի: Ուստիև՝ Մերուժան Տեր-Գուլանյանը փոխարինվեց Արմեն Դարբինյանի արհեստավարժ և միանգամայն կարիերիստ երիտասարդ կադրով: Եթե «ԱՐ»-ում առաջ էլ ազատ խոսքի խիստ պատահաբար կարելի էր հանդիպել, ապա վերջին երկու շաբաթում այդ հեռուստաընկերությունն այնքան սիրեց Քոչարյանին, որքան, երևի, չէր սիրել Քոչարյանի անձնական հեռուստաալիքը՝ Ազգային հեռուստատեսությունը: 

Բայց տեղեկատվական դաշտի քոչարյանիզացիան միայն «ԱՐ»-ով չի սահմանափակվում: Շատ արագ «լայթս» քոչարյանամետից «զըռ» քոչարյանամետ դարձավ նաև «Պրոմեթևսը», որի տեղեկատվական պատասխանատու Սաֆարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին քծնելու տևական պրոցեսում նախագահ սիրելու գործում խիստ արհեստավարժ է դարձել: Ու եթե «ԱՐ»-ը առայժմ դեռ փորձում է պահպանել քծնանքի վերին դոզան, ապա «Պրոմեթևսում» քծնանքը Քոչարյանի նկատմամբ մատուցվում է «կովային» դոզայով, որը շարքային հայ տեղեկատվական սպառողը համառորեն չի կարողանում մարսել, իսկ վերջինիս արտանետած հայհոյանքը ընդդիմության հասցեին՝ հավակնում է կտրել «Հայոց Աշխարհի»՝ արդար հայհոյանքով վաստակած մի կտոր հացը: 

«Արմենիա» TV-ի մասին խոսելը ժամանակի զուր վատնում է, քանզի վերջինիս տերերի՝ Սարգսյանների տոհմի համար, ընդդիմադիր հաղորդում է նաև եղանակի տեսությունը, եթե այն Քոչարյանի պաշտոնավարության յուրաքանչյուր օրը չէ, որ ավետում է արև ու մթնոլորտային կայուն ճնշում: Վերջին ժամանակներս ընդդիմությանը բացահայտ «քացու տակ գցելու» տեղեկատվական տեխնոլոգիա է մշակել նաև ժամանակին քիչ թե շատ անկախ թվացող «Շանթը»: Նեղանալ, երևի թե, պետք չէ. մարզային հեռուստատեսություն է, համ էլ՝ այս տարի պետությունից լրավճար է ստանալու: 

Ի դեպ, այս տարի մեր պետությունը որոշել է իր լրավճարներով շոյել հատկապես մարզային հեռուստաընկերություններին և թերթերին. ու դա միանգամայն հասկանալի է՝ մարզերում է, որ սոցիալական վիճակը շատ ավելի ծայրահեղ է, ուրեմն և սոված գյուղացուն տեղեկատվական մշակման ենթարկելու ու Քոչարյան նախագահի աճող ռեյտինգը գովերգելու համար պետք է, որ մարզային թերթերը և հեռուստաընկերությունները ժողովրդին շատ երկար բացատրեն, թե այսքան ուրախ կյանքը մեզ հատկապես ո՞վ է տվել: 

Երբ «Նովոյե Վրեմյան» «քցեց» իր հովանավոր Արկադի Վարդանյանին, որովհետև Սերժ Սարգսյանն ավելի լավ գին առաջարկեց, թերթի բոլոր աշխատակիցները մի արևոտ օր գնացին Արկադի Վարդանյանի մոտ ու հիշեցին, որ երեխաներ ունեն, համ էլ՝ շատ են վախենում. ուստի իրենք այլևս անցնում են Քոչարյանի կայուն ճամբարը: Վախը տրամաբանական զգացում է, բայց անտրամաբանականն այն է, որ սույն թերթը, վախից, իր յուրաքանչյուր համարում Քոչարյանից և Նաիրի Հունանյանից միասին է կերտում մեր օրերի նորօրյա հերոսներ: Նույնիսկ չի էլ մտածում նրանց առանձնացնել, որ այս կասկածամիտ ժողովուրդը այդքան շատ չկասկածի: 

«Հայոց Աշխարհի», «Ազգի» և «Գոլոսի» մասին խոհեմաբար լռում ենք, քանզի սույն քոչարյանիզացված զանգվածը այնքան է ինքն իրեն փչացնում, որ կողմնակի օգնության կարիք պարզապես չկա: 

Այսպիսով՝ 2003 թվականի նախագահական ընտրությունները կարելի է համարել սկսված: 

Նաիրա Կարապետյան 

«Չորրորդ իշխանություն», No 290, նոյեմբերի 2, 2001թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ