...

Ռետրո. Ղարաբաղի հանձնման արարողությունը սկսված է

Ռետրո. Ղարաբաղի հանձնման արարողությունը սկսված է

ՂԱՐԱԲԱՂԸ Ո՞ՒՄՆ Է 

Տարիներ հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը անգլերեն լեզվով կգրի իր հուշերը, Ժակ Շիրակից ստացած լեգիոներական մեդալը կվերագրի քաղաքագիտական իր հանճարին: Նա կհիշի, թե ինչպես էր Ֆրանսիայի հայ համայնքը փուչիկներ թափ տալիս իր գալստյան առթիվ ու վերստին կհամոզվի, որ ինքը վոին է: Իհարկե, դա կլինի այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը կստորագրի Ղարաբաղը դե յուրե Ադրբեջանի կազմում թողնելու բարաթը, որի համար Ժակ Շիրակը նրան ու Ալիևին կներկայացնի խաղաղության Նոբելյան մրցանակի: Բայց իր հուշերում Ռոբերտ Քոչարյանը կգրի, որ խաղաղության Նոբելյան մրցանակ ինքը ստացել է ոչ թե Ղարաբաղը ծախելու, այլ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: 

Իսկ այսօր Քոչարյանին բավարարող շրջապատին թվում է, թե իրենց շեֆին վերտալյոտով իջեցրել են Փարիզի Էնվալիդների հրապարակ, որովհետև նա հայ դեմոկրատիայի հայրն է, որից շատ բան ունեն սովորելու ֆրանսիացիներն ու մնացած վայրենաբարո եվրոպացիները: Մինչդեռ փուչիկները, դրոշակներն ու սալյուտը, որ տրաքացնում էին Քոչարյանի ոտքերի տակ, նաև՝ պետական ճաշը հենց այնպես չի արվել: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանն իր դաբրոն տվել է ընդհանուր պետության գաղափարին, դրա համար էլ հենց նույն օրն առավոտյան Շիրակը զանգել ու աչքալուսանք է տվել Ալիևին, իսկ երեկոյան մեր վոինի դոշին է խփել Ֆրանսիայի բարձրագույն պարգևը: Հանուն Ղարաբաղի հարցի լուծման՝ գերտերությունները խաղաղության Նոբելյան մրցանակն էլ չեն խնայի: Իսկ Ղարաբաղը տալուց հետո Քոչարյանը հանգիստ խղճով կարող է և նախագահ չաշխատել. Նոբելյան մրցանակը մեկ միլիոն դոլար է, դրան գումարած սեփական քրտինքով աշխատած միլիոնները ու վաղվա օրվա մասին անհանգստանալու կարիք չի լինի: Վաղվա օրը կլինի կուշտ ու ապահով: 

Այսօր պետական քարոզչական մեքենան փորձում է աղբարկղին կռթնած ամենավերջին բոմժին էլ համոզել, որ մենք հզոր ենք, որ մեր բոմժը հզոր է, որովհետև հզոր նախագահ ունենք՝ մի ամբողջ վոին, որի պատվին Փարիզում վերտալյոտներ են թռցնում:

Իսկ Ղարաբա՞ղը՝ կհարցնի մեր վիճակի ողջ հզորությունը չգիտակցող մեկը: Ղարաբաղը ի՞նչ՝ կպատասխանի մեր վիճակի ողջ հզորությունը գիտակցող մյուսը: Մի՞թե այն պահը, երբ մեր վոինն արժանացավ Ֆրանսիայի բարձրագույն պարգևին, յուրաքանչյուրիս հոգին տաք թրթիռով չի լցնում, կամ մի՞թե այն ակնթարթը, երբ ֆրանսահայ մեր եղբայրներն ու քույրերը մեր վոինի հետևից բրինձ ու ցորեն էին շաղ տալիս, մի Ղարաբաղ չարժե: 

Ի վերջո՝ ի՞նչ տարբերություն, թե ով կստորագրի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու խաղաղության պայմանագիրը: Ինչո՞ւ դա չանի մեկը, որը ոչ միայն նախագահ է, այլև նախագահ-վոին, նախագահ-պոլիգլոտ, նախագահ-բասկետբոլիստ ու վերջապես նախագահ-ղարաբաղի: 

Ղարաբաղի հանձնման առաջին քայլն արված է՝ դա Ֆրանսիայի բարձրագույն պարգևն է ու Շիրակի բարձր ընդունելությունը: Ի դեպ, Ժակ Շիրակը չմոռացավ հիշեցնել, որ այսուհետ շատ բան կախված է Քոչարյանի վճռականությունից: Մեր պատգամավորներին ընկալելի բառապաշարով ասած՝ Շիրակը քֆուր է դրել:

Իսկ մնացածը տեխնիկայի հարց է, որը հրաշալի գիտեր նույնիսկ այնպիսի մի սագագող, ինչպիսին Պանիկովսկին էր:

Նաիրա Կարապետյան

«Չորրորդ իշխանություն», No 155, փետրվարի 22, 2001թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   4721 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ