...

Ինչո՞ւ է Վազգեն Մանուկյանը մենակ

Ինչո՞ւ է Վազգեն Մանուկյանը մենակ

1990-ականներին հիմնական քաղաքական ընդդիմադիր ուժը համարվում էր Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն: Բավական հայտնի դեմքեր էին հավաքվել նրա թիմում, որոնք ղարաբաղյան շարժման բովով էին անցել: Հիմա որ Վազգեն Մանուկյանին դայաղ են տվել, թե ինքն է մեր փրկիչը, մեկը չեղավ հարցնի. պրն Մանուկյան, որ ներկայանում եք որպես ԱԺՄ նախագահ, իսկ ձեզանից բացի, ո՞վ կա այդ կուսակցությունում: Եվ կպարզվի՝ ոչ ոք: ԱԺՄ-ն վաղուց վերածվել է մարդ-կուսակցության, ինչպիսիք հիմա լիքն են Հայաստանում: Բա որ ինքը նույնիսկ մի կուսակցություն չի կարողացել պահել, նրան ինչպե՞ս կարելի է կուսակցություն վստահել: Ո՞ւր են Դավիթ Վարդանյանը, Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը, Սեյրան Ավագյանը և շատ ուրիշներ: 

Չկան, որովհետև, ինչպես Վազգեն Մանուկյանը, այնպես էլ՝ նրա թիմակիցները, 1998 թվականի հեղաշրջումից հետո գործարքի գնացին քոչարյանական իշխանության հետ: Ամեն մեկը մի կտոր լափ ստացավ, անմիջապես մոռացան ժողովրդավարություն, օրինականություն, պետություն հասկացությունները, որոնց համար նրանք իբր տարիներ շարունակ պայքարում էին: Նրանցից մեկն էլ Սեյրան Ավագյանն էր, որի մասին է «ՉԻ» ռետրո-հրապարակումը:

Քաղաքական թզուկների բազմացումը

Ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել, թե ով է Սեյրան Ավագյանը. մարդ, որը ողջ կյանքն ապրեց Վազգեն Մանուկյանի ձեռքի տակ, իսկ ամենավերջում նրանից գողացավ կուսակցության կնիքը: Համաշխարհային գրականությանը հատկապես հոգեհարազատ է սագագողությունը, սակայն Սեյրան Ավագյանը համաշխարհային պրակտիկան հարստացրեց նաև կնիքագողությամբ: Եվ այս մարդը, որի անունն անգամ մտաբերելը հատուկ ճիգեր է պահանջում, օրերս մարզերից մեկում, նացիստի պես բռունցքը խփելով մարզի կլուբի միակ գրասեղանին, հայր Քոչարյանի նախընտրական քարոզարշավն էր անում՝ «Հաղթելու ենք, չկասկածեք, նախագահական ընտրություններում մենք հաղթելու ենք» գոռգոռալով:

Հարց է ծագում՝ այդ ովքե՞ր են հաղթելու նախագահական ընտրություններում և այդ ինչի՞ վրա չպետք է կասկածեն կլուբի անդամները: Հանկարծ չմտածեք, թե քաղաքական մինի դրսևորում Ավագյանը որոշել է նախագահական ընտրություններում առաջադրել իր անզուգական թեկնածությունը. նա միանգամից ասաց, որ իրենց կուսակցությունը թեկնածու չի առաջադրելու: Ուրեմն այդ ովքե՞ր են «հաղթողները»: Պարզվում է՝ Սեյրան Ավագյանը, երբ ասում է հաղթելու ենք՝ նկատի ունի, որ առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու է Ռոբերտ Քոչարյանը: Դե, ինչպես «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում, երբ Մուրադն ասում էր ես՝ ուրեմն Արուսն էլ հետն էր: 

Հայտնի չէ, թե ի՞նչ է խոստացել Քոչարյանը քաղաքական մինի դրսևորում Սեյրան Ավագյանին, սակայն վերջինս մեկ ամիս առաջ նախագահական նստավայր էր ներկայացել ռացիոնալիզատորական առաջարկով՝ ստիպել պոպուլիստ որևէ մի պատգամավորի՝ Սեյրան Ավագյանի կուսակցությանը, որի անունը, կներեք, մոռացել ենք, անդամակցելու համար: Ասում են՝ Քոչարյանը խոստացել է պոպուլիստ մի պատգամավոր կցել Սեյրանի կուսակցությանը, սակայն խորհրդարանի հատուկենտ պոպուլիստներն արդեն զբաղված են ու իրենց վաճառել են այլ՝ առավել լուրջ կուսակցությունների: Ինչպես տեսնում եք, Սեյրան Ավագյանն իր միակ համախոհ Սեմյոն Բաղդասարյանի հետ մնում է բորդյուրին: Եվ նույնիսկ մարզային գրասեղանի վրա բռնցքահարելն ու Քոչարյանին գովերգելը չի օգնելու, որ ԱԺՄ-ի սույն թերմացքը հայտնվի խորհրդարանում: 

Ինչ-որ մեկը պատկերացնո՞ւմ է Հայաստանի բանական մի քաղաքացու, որն իր ձայնը կտա Սեյրան Ավագյանին: Պատկերացնել, իհարկե, հնարավոր չէ: Եվ նույնիսկ Օսմանյան Թուրքիայի մեծ մասնագետ Ֆիլարետ Բերիկյանը լքեց Սեյրան Ավագյանին, նրա գրկից նախընտրելով Անդրանիկ Մարգարյանի և Տիգրան Թորոսյանի հանրապետական գիրկը:

Ընդհանրապես, ստիպված ենք արձանագրել, որ Քոչարյանի ինտրիգային բնազդը բթացել է. եթե բթացած չլիներ, նա, իր ստեփանակերտյան «զակալկայով» պիտի հասկանար, որ եթե իր քարոզչությանը կամավոր լծվել է այնպիսի մի քաղաքական անհասկանալի դրսևորում, ինչպիսին Սեյրան Ավագյանն է՝ իր անպատկերացնելիորեն անհեթեթ կուսակցությամբ, դա Քոչարյանի համար այնպիսի հակաքարոզչություն է, որ նմանը չի կարող երբևէ ապահովել որևէ ընդդիմադիր մամուլ, կամ բոլոր ընդդիմադիրները միասին: Իսկ եթե Քոչարյանը չի հրաժարվում անգամ Սեյրան Ավագյանի ծառայություններից և թույլ է տալիս, որ վերջինս իր պատկերն առած ընկնի մարզից մարզ, ուրեմն Քոչարյանի վիճակն իսկապես վատ է, և նրան չի փրկի անգամ Հայաստանի բոլոր մարզերում իր կուսակցություն ժողովրդի հետ նախընտրական թամաշաներ կազմակերպելը: 

Ի դեպ՝ Քոչարյանի կուսակցության մասին: Ասում են՝ նախագահական նստավայրում պետականամետ մտքի տիտանները տևական ժամանակ է աշխատում են Քոչարյանի նախընտրական նոր կարգախոսի վրա: Թե այս անգամ ի՞նչ ապուշություն կհրամցվի հասարակությանը՝ հայտնի չէ, բայց որ Քոչարյանը որոշել է հրաժարվել իր կուսակցությունը ժողովուրդն է հռչակագրից՝ դա միանշանակ է: Քանզի նման կարգախոսով ինքը 98 թվականից սկսած այնքան է խաբել «իր կուսակցությանը», որ նմանվել է հանրահայտ սինյոր Պապագատտոյին՝ ստեփանակերտյան ակցենտով: 

Բայց մեր պատմությունը քաղաքական մինի դրսևորումների մասին էր, որոնցից մեկը՝ Սեյրան Ավագյանը, բռունցքներով ու անկեղծ քծնանքով իր համար տեղ վաստակեց Ռուբեն Միրզախանյանի և Պարույր Հայրիկյանի կողքին: Իհարկե, նա չի կարող Միրզախանյան Ռուբիկ դառնալ, բայց եթե Սեյրան Ավագյանը որոշել է իր բախտը կապել Ռոբերտ Քոչարյանի հետ, մենք պարտավոր ենք հարգել ՀՀ նշյալ քաղաքացու բնական ընտրությունը: 

Իհարկե, Սեյրան Ավագյանը խորհրդարանում չի հայտնվի, ինչքան էլ բռունցքները խփի հանրապետության բոլոր մարզերի սեղաններին ու Քոչարյանի պատվին կենացներ ասի, բայց եթե Քոչարյանին հաջողվի հերթական անգամ զավթել նախագահի աթոռը, ապա հնարավոր է, որ Սեյրան Ավագյանը նշանակվի նախագահական նստավայրի բանկետնի զալի վարիչ, պայմանով, որ յուրաքանչյուր բանկետից հետո սեղանին մնացած ուտելիքի 25 տոկոսը մնալու է իրեն: 

Չնայած, պետք է կանխատեսել, որ Սեյրան Ավագյանի սխրանքը կրկնելու ցանկություն քաղաքական այլ մինի դուրսպրծուկներ ևս կունենան: Ուստի մենք խոստանում ենք նրանց բոլորին անդրադառնալ ճյուղ առ ճյուղ, որպեսզի մեր հասարակությունն իմանա, թե ովքեր են նրանք, քաղաքական այդ դուրսպրծուկները, որ հանուն Քոչարյանի մեր հարազատ մարզերի կլուբների միակ ու անփոխարինելի գրասեղաններն են վարի տալիս: Հասարակությունն իրավունք ունի իմանալու և ճանաչելու հայրենի դուրսպրծուկներին: 

Նաիրա Կարապետյան

«Չորրորդ իշխանություն», No 347, մարտի 29, 2002 թ.,

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ