...

«Համաշխարհային ազգի» առաջնորդ Վազգեն Մանուկյանի մեղկ թշվառությունը

«Համաշխարհային ազգի» առաջնորդ Վազգեն Մանուկյանի մեղկ թշվառությունը

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱԿԱՆ

Որ Վ. Մանուկյանը սպառված գործիչ է, դա վաղուց հասկացել են շատերը: Դրա լավագույն և անառարկելի ապացույցն ու վկան այն իրողությունն էր, որ վերջին տարիներին ԱԺՄ-ի կորիզը կազմող և իրենց առաջնորդից անբաժան թվացող 5-6 ճանաչված դեմքերը լքեցին նրան` ցույց տալով, որ նրա հետ այլևս որևէ հույս չեն կապում: Ավելին` նրանք լքեցին նաև միմյանց` ցուցադրելով «համաշխարհային ազգի» տեսաբանի և «ազգ կազմակերպության» ճարտարապետի գաղափարական սնանկությունը: 

Քաղաքական դիակ դառնալուց հետո, որքան էլ սեփական ամբիցիաները խեղդեն, Վ. Մանուկյանը չէր կարող չհասկանալ, որ անմնացորդ այս ֆիասկոյի պայմաններում հանրապետության նախագահ ընտրվելու իր հնարավորությունները 0-ի տիրույթում են: Ուստի և որպես թեկնածու նրա առաջադրվելու միակ բանական բացատրությունը պետք է փնտրել այլ նպատակ հետապնդելու մեջ: Ամեն ինչ մոռանալով՝ կարելի էր մտածել այսպես. Վ. Մանուկյանը որոշել է իր մնացած համեստ հնարավորություններով լումա ունենալ ներկա ապօրինի նախագահից և նրա վարչախմբի արկածախնդիր քաղաքականությունից միասնական ջանքերով ազատվելու գործում, ինչի համար և մտել է 16-ի միավորման մեջ: Բայց նախ մոռանալն անհնար է, իսկ մյուս կողմից` ամենաթարմ փաստերի շարանը բացառում է այդ հնարավորությունը: 

Վերջերս նախագահի յոթ թեկնածուներ դիմել են դատարան` Հայաստանի Հանրապետության 10 տարվա քաղաքացի լինելու և Հայաստանի Հանրապետությունում 10 տարվա մշտական բնակության մասին Քոչարյանին տրված բացահայտ կեղծ տեղեկանքները անվավեր ճանաչելու հայցով: Առավել քան բնական մի քայլ, քանզի ընտրությունները ժողովրդավարական, արդարացի և թափանցիկ լինելուց առաջ նախ պետք է օրինական լինեն: Մինչդեռ թեկնածուներից մեկը բացահայտ կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, արդեն երկրորդ անգամ խախտում է օրենքը, մասնավորապես այն պահանջները, որոնք նաև հստակ ամրագրված են գործող Սահմանադրության մեջ: Վ. Մանուկյանը հրաժարվել է ստորագրել դատարան ներկայացված հիշյալ հայցադիմումը: 

Որքան էլ բացահայտ և ակնառու, սակայն մի փաստի վրա եզրակացությունը պակաս համոզիչ է լինում, ուստի սրա հետ միասին հիշենք Վ. Մանուկյանի վերջին հինգ տարիների «քաղաքական կենսագրությունը» կազմող հիմնական դրվագները, ինչով և բացահայտվում է նրա իրական դերն ու դերակատարությունը նախագահական ընտրությունների ներկա գործընթացում: Իրականում նա աշխատում է Քոչարյանի օգտին: 

ա) 1998թ. արտահերթ նախագահական ընտրությունների առաջին փուլում նա 13% ձայն էր հավաքել: Նա կոչ չարեց իր ընտրողներին երկրորդ փուլում քվեարկել Կ. Դեմիրճյանի օգտին: Այդ դեպքում Քոչարյանի օգտին կատարված անգամ զանգվածային կեղծիքները բավարար չէին լինի, և նախագահ կդառնար Կ. Դեմիրճյանը: 

բ) Չմիացավ Սահմանադրական և Գերագույն դատարան տրված դիմումին, որը պահանջում էր նույն` Քոչարյանի կողմից ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա անվավեր ճանաչել ընտրությունները: 

գ) ԱԺՄ-ի վարչության պաշտոնական որոշմամբ վարչության անդամներից մեկին` Դ. Վարդանյանին գործուղեց Քոչարյանի մոտ որպես նախագահի վերահսկողական ծառայության պետ աշխատելու: 

դ) 1999-ի խորհրդարանական ընտրություններում, հաղթահարած չլինելով 5%-ի սահմանագիծը, գործարքի գնաց և արդեն իսկ մատուցած ծառայությունների, նաև որոշակի պարտավորությունների դիմաց 1.5-2% լրացուցիչ ձայն նվեր ստանալով, ապահովեց իր կազմակերպության ներկայությունը խորհրդարանում: 

ե) Վ. Մանուկյանը Նաիրի Հունանյանի ցուցակի այն «հեղինակավոր գործիչների» մեջ էր, որոնց նա 1999թ. հոկտեմբերի 27-ին, իր ոճիրը կատարելուց անմիջապես հետո փնտրում էր «խորհրդակցելու» համար, թե «հիմա ինչ պետք է անեն»: 

գ) Վ. Մանուկյանը առաջիններից մեկն էր, որ նույն ոճիրից անմիջապես հետո հրապարակ նետեց կազմակերպիչների բացառման, ահաբեկիչների միայնակ գործելու` «ռոմանտիկներ» լինելու գաղափարը: Հիշենք, որ սա նաև Ռ. Քոչարյանի «համոզմունքն» է: 

է) Ինչպես անցած երեք տարիներին, այնպես էլ այսօր, նա երբևէ չի խոսել հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար ներկա վարչախմբի գեթ քաղաքական պատասխանատվության մասին: 

ը) 16-ի շրջանակներում միշտ խոչընդոտել է միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարը` հայտարարելով, որ ինքը որևէ մեկի օգտին չի հանի իր թեկնածությունը: 

թ) Հայտարարում է, որ ինքը կշնորհավորի Քոչարյանին, եթե նա 51% ձայն «հավաքի» և ընտրվի (իսկ թե ինչպես կհավաքի, կարևոր չէ): 

ժ) Հայտարարում է, որ նախագահ կարող են ընտրվել միայն կա՛մ ինքը, կա՛մ Քոչարյանը: 

ժա) Քոչարյանից բացի նա երկրորդ թեկնածուն է, որի նախընտրական հանրահավաքները նախապատրաստելու համար տեղական իշխանության մարմինները հանձնարարություններ են ստանում: 

Փաստերի այս շարանը, մեղմ ասած, հուշում է, որ Վ. Մանուկյանը կա՛մ Քոչարյանի կողմից ներդրված, կա՛մ, որ ավելի հավանական և շատ ավելի անպատվաբեր է, ինքնակամ ական է ընդդիմադիր դաշտում: Իսկ նպատակը Վ. Մանուկյանի` մեզ ծանոթ քաղաքական պատկերացումներով ու բարոյական չափանիշներով արդարացված է. նախագահական ընտրություններում ևս մի էական ծառայություն մատուցել Քոչարյանի (ինչպես 1998-ին) և, որպես հատուցում, խորհրդարանական ընտրություններում նրա օգնությամբ «հաղթահարել» 5%-ը (ինչպես 1999թ.): Ամեն ինչից զատ, դա լավ դաս կլինի ԱԺՄ-ի խորտակված նավից փախած «առնետների» համար: Կապացուցի, որ ինքը և ԱԺՄ-ն դեռ գոյություն ունեն: Եվ կհաղթի իր ու իր երբեմնի զինակիցների մեջ ծայր առած, հավի ու ձվի անլուծելի պատմությանը շատ նման` «դուք ինձանով մարդ դարձաք»- «դու մեր շնորհիվ մարդ դարձար» խիստ գաղափարական բանավեճը: 

Ա. Հովսեփյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 266, Փետրվարի 4, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   480 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ