Ինքը «Օմեգա» բարից պատրաստվում է լայվ մտնել: Մտածում է, թե էսօր ինչի մասին խոսի: Հանում, սեղանին է շարում թղթապանակները: Վերցնում է դրանցից մեկը, շապիկին գրած է՝ MI-6: Բացում է, առաջին էջում Արմեն Սարգսյանի ֆոտոն է. «Ծը, սրա վախտը չի»:
Հաջորդ թղթապանակն է բացում, ԿԳԲ-ինն է, բացում է, Գառնիկ Իսագուլյանի ֆոտոներն են՝ ֆաս, անֆաս, վերևից, հետևից: «Վըխք»,- բացականչում է ու զզվանքով թղթապանակը մի կողմ շպրտում:
Մյուս թղթապանակի վրա աշխուժանում է. «Özellikle Aptallar için»: Բացում է, թերթում ու ժպտում. «Էս էն ա, ինչ որ պետք ա»,- հետո միացնում է Մոցարտի «Ռեքվիեմը», տխուր դեմք ընդունում ու լայվ մտնում:
«Ինչպես ասել էի, այսօր հերթական բացահայտումն եմ անելու: Պինդ բռնվեք: Դաժե չեք պատկերացնում, թե ինչեր եք իմանալու: Այսօր ես խոսելու եմ երկու դավաճան մարդկանց մասին, թվում է, թե նրանցից ոչինչ կախված չէ, բայց որ իմանաք, թե ինչ եմ իմացել: Խոսքը Ազգային Ժողովի երկու փոխխոսնակներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի մասին է:
Էն, որ սրանք առավոտից իրիկուն էշ-էշ դուրս են տալիս, չմտածեք հանկարծ, իրականում տենց միամիտ են ձևանում: Քոքված տպեր են: Եվ այսպես. գիտե՞ք, ինչ է նշանակում Լենա: Ահա առաջին փաստաթուղթը, որ դա ռուսական գետ է՝ հեռավոր Սիբիրում: Իսկ ի՞նչ է նշանակում Ալեն: Ահա և երկրորդ փաստաթուղթը. դա եղջերու է, որը բնակվում է որտե՞ղ, ճիշտ է՝ Սիբիրում: Այսինքն, այս երկուսին միավորողը Սիբիրն է: Արդյոք դա պատահակա՞ն է: Ո՛չ: Սիբիրը թյուրքական ցեղերի բնօրրանն է, այնտեղից են նրանք սկսել իրենց արշավը դեպի Շուշի: Ու հիմա Թուրքիան մտադիր է միավորել իր բոլոր ցեղերին՝ նախկին տարածքներով, այդ թվում՝ Սիբիրով:
Ջոկիք, չէ՞, ինչ եմ ակնարկում: Որ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը թուրք գործակալներ են և այդ անունները ստացել են թուրքական ռազվեդկից: Նայեք, Լենա ու Ալեն բառերը. երկուսն էլ չորս տառից են և ուշադրությո´ւն, դրանք նույն տառերն են: Ուղղակի մեկի անունը սկսում է «Լ»-ով, մյուսինը՝ «Ա»-ով: Իսկ գիտե՞ք, թե ինչի: Դրանք կոդավորված անուններ են: Լենայի անունը սկսվում է «Լ»-ով, այսինքն՝ Լենին: Ալենինը՝ «Ա»-ով, այսինքն՝ Աթաթուրք: Այսինքն, սրանց հատուկ ներդրել են խորհրդարանում, որ Հայաստանի վզին փաթաթեն հերթական Լենին-Աթաթուրք գաղտնի համաձայնությունները: Եթե սուտ եմ ասում, թող հերքեն:
Էլ չգիտեմ, էլ ուրիշ ի՞նչ փաստ եք ուզում, որ հավատաք: Եթե սա էլ չօգնի, ուրեմն՝ մեր ժողովուրդը ժեխ է, կամ՝ բոմժ, կամ էլ՝ մեջը հայի արյուն...»։
Բայց ինքը չի հասցնում ավարտել միտքը, քանի որ իր էջը Ցուկերբերգը բլոկում է, տեղը միացնում Նիկոլ Փաշինյանի լայվը: Վերջինս Ազգային վիճակագրական ծառայության զեկույցը թափահարելով, բացականչում է. «Հայաստանի պատմության մեջ այսքան դագաղ չի արտադրվել, սա աննախադեպ ցուցանիշ է, մեր սգո սրահներն այսօր տալիս են ՀՆԱ-ի 7 տոկոսը, ինչը բացառիկ նվաճում է: Ինչպես ասել է ամերիկացի հայտնի նկարիչ Ռաքուել Քենթը, Հայաստանը բաց գերեզման է երկնքի տակ: Հպարտ քաղաքացիներ ջան...», ... բայց իր աչքերը շուլալվում են, ամեն ինչ մշուշի մեջ է հայտնվում և ուշագնաց թրմփում է աթոռից:
Առայժմ չի կարողանում արթնանալ:
«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 2021