...

Նիկոլ Փաշինյանի երազը

Նիկոլ Փաշինյանի երազը

Որոշում է քաղաք դուրս գալ, տեսնի՝ ինչ կա, չկա, մի քիչ շփվի մարդկանց հետ: Նստում է իր զրահահեծանիվը ու Պռոշյան մտնում: Նրան հետևում են 9-րդ բանակային կորպուսն ու ԱԱԾ 4-րդ ստորաբաժանումը: Պռոշյանով իջնելիս զարմանում է, թե ինչքան նոր սննդի օբյեկտներ են բացվել: Իրար կողքի գործում են «ՀՅԴ» խորովածանոցը, «ԱՓՇ» շաուրմայանոցը, «Հաց և Իշխանյաններ» ձկան խանութը: 

Հասնում է Դեմիրճյան: Այնտեղ մայթին մի խումբ փողկապավոր ջահելներ են կանգնած: Մոտենում է նրանց. «Բարև տղերք»: Ի պատասխան երիտասարդները սկսում են ծափահարել: «Լա՞վ եք»,- հարցնում է ինքը: Ջահելներն ավելի ուժգին են ծափահարում: «Ո՞նց ա, գո՞հ եք իշխանություններից»,- ու ծափահարությունները վերածվում են օվացիայի: 

Միայն մի հոգի՝ թափով տղա, ծափ չի տալիս: «Բա դու ինչի՞ չես ծափահարում»,- հարցնում ինքը: Թափով տղան գլուխը բարձրացնում է և ասում. «Եմուտ գլուխ իմ ընդ փապարս լերանց. իջի ես ի խորս երկրի, տեսի զնիգս նորա, զի էին որպէս աղխք յաւիտենից. և ելցեն յապականութենէ կեանք իմ»:

Ինքը զայրանում է. «Էդ ի՞նչ ձև ես հետս խոսում, ո՞նց ես եկել, ստեղ կանգնել ընդհանրապես, որտեղի՞ց ես եկել, ո՞վ ես, դու էդքան չկաս, որ ես դաժե վրեդ նայեմ»,- արհամարհական հայացք է գցում նրա վրա ու շարունակում ճամփան:

Բաղրամյան պողոտա է մտնում, տեսնում է՝ Ալեն Սիմոնյանը ընդդիմության տեղադրած հարթակի վրա «Միրզայի» է պարում, լրագրողներն էլ շուրջը հավաքված, շախ են տալիս ու շաբաշ անում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով կամ մինչև 2 միլիոն դրամ: Ինքը մատը տնկում է ու քթի տակ ասում. «Հիվանդ ա, արա»: 

Հասնում է գիտությունների ակադեմիայի շենքի մոտ, նայում է, դեմը Արարատ լեռն է, լրիվ ճերմակ, ու չգիտես ինչու, սարից լույսեր են ճառագում: Ինքը հիշում է, որ սարի լանջին հարևան երկրի ռազմաբազան է, բայց դրա լույսերը գիշերն են երևում, իսկ հիմա՝ ցերեկով: «Էս ո՞նց ա սենց հնարավոր»,- հարցնում է Մանե Գևորգյանին: «Շեֆ ջան, էս Մասիս սարը չի, էս ԲՀԿ-ի նախընտրական տորթն է»,- պարզաբանում է մամլո խոսնակը ու պարզաբանումը հրապարակում իր ֆեյսբուքյան էջում: 

Նախագահական նստավայրի մոտ գլուխը բարձրացնում է, տեսնում է՝ Արմեն Սարգսյանը պատուհանից նայում է: Բայց հենց Արմեն Սարգսյանը նկատում է իրեն, անմիջապես պատուհանը ժալյուզիներով փակում է: «Պահ, պադումաեշ»,- ասում է ինքը ու հասնելով ՍԴ շենքի մոտ, տեսնում է՝ պատուհանի առաջ Հրայր Թովմասյանն է կանգնած: Բայց երբ Հրայր Թովմասյանը նկատում է իրեն, պատուհանի ժալյուզիները մինչև վերջ է բացում: «Հլը էս ազգակործան պատուհանին նայի, է՜»,- մատ է թափ տալիս ինքը:

Հասնում է օպերա: Տեսնում է՝ Թատերական հրապարակում Ռոբերտ Քոչարյանը մի փոքրիկ արկղ դեմը դրած, բարեգործական ստորագրահավաք է անցկացնում, իսկ Ազատության հրապարակում Գագիկ Ծառուկյանի անվան սամբոյի առաջնությունն է ընթանում, որի հաղթող է ճանաչվում Միքայել Մելքումյանը, և Գագիկ Ծառուկյանը նրան սպիտակ պիվա է նվիրում:

Ի վերջո հասնում է գործի տեղ, ուզում է մտնել Կառավարության շենք, բայց շենքի պահակը չի թողնում: «Էս ի՞նչ հաշիվ ա»,- նայում է Մանե Գևորգյանին: «Շեֆ ջան, կառավարության բոլոր շենքերը վաճառվել են, որ էդ փողերով Երևանից դուրս քաղաքական քաղաք կառուցվի»,- պարզաբանում է մամլո խոսնակը: «Բա հիմա ստեղ ի՞նչ ա»,- հարցնում է ինքը: «Հիմա այս շենքը գնել է «ԱրմՊրոյեկտ» ընկերությունը»: «Էդ ո՞ւմն ա»: «Ո՞նց, ումն ա, Միշիկինը, էլ ո՞ւմը»,- անվրդով պատասխանում է Մանեն: 

Արթնանում է «ԱրմՊրոյեկտի» շենքում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ