Այսօր Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձն է։ Այս առիթով հնչել են և դեռ մինչև օրվա ավարտը կհնչեն բազմաթիվ պաշտոնական ուղերձներ, շնորհավորանքներ քաղաքական ուժերի ներկայացուցիչների և անհատների կողմից։ Եռաբլուրը սովորականից էլ ավելի մարդաշատ է դեռ վաղ առավոտից։ Ամենայն Հայոց կաթողիկոսն էլ է Եռաբլուրում։ Ի դեպ՝ վերջինս Եռաբլուր է եկել հոգևոր դասի ուղեկցությամբ՝ իշխանական վերնախավից առանձին։ Սոցիալական ցանցերում գրառումների մեծամասնությունը օրվա խորհրդի մասին է։ Բազմաթիվ օգտատերեր էլ սկսել են կիսվել զոհված տղաների նկարներով՝ ընդգծելով, որ այսօր հենց տղաների օրն է, և մենք՝ ապրողներս, պարտավոր ենք վերանայել մեր վերաբերմունքն ու մոտեցումները դեպի բանակն ու զինվորը։
Եռաբլուր այցելած ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Քովիդով պայմանավորված չեղարկվել է ԶՈՒ 30-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի անցկացումը։ Վարչապետը, ինչպես նաև մի շարք պաշտոնյաներ, վարակվել են Քովիդով։ Վարչապետը ինքնամեկուսացած է, բայց ուղերձ հղել է՝ վերստին նշելով․ «Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված: Բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը մեր առաջնահերթությունն է»։
Բանակի օրվա առիթով ուղերձ է հղել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որն ի տարբերություն Նիկոլի՝ հատուկ շեշտադրել է վիրավորների և գերիների առկայությունը։ «Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին...Բոլորիդ հետ միասին անհամբեր սպասում եմ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը նրանց՝ հայրենիք վերադարձնելու և անհետ կորածների արագ հայտնաբերման ուղղությամբ»,- նշել է նախագահը:
Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ իր ֆեյսբուքյան էջում զինվորականի հետ նկար է տեղադրել և ստատուսով շնորհավորել է Հայոց բանակի տոնը։ «Այս օրը հավասարապես բոլորինս է՝ սահմանին կանգնած զինվորինը, ծնողինը, Արցախի ազատագրման և պաշտպանության համար իր կյանքը չխնայած հերոս տղերքինը և յուրաքանչյուր այն հայինը, ով հայ զինվորի համար աղոթք է հղում առ Աստված»,- նշել է Ծառուկյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել օրվա առթիվ։ «Դժվար չէ հասկանալ այն մարդկանց ապրումները, որոնք ներդրում են ունեցել արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստեղծված և քայլ առ քայլ կայացած մեր բանակի ճակատագրի մեջ»,- նշել է Քոչարյանն ու հավելել, թե բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք։ «Լիահույս եմ, որ բանակը, ի վերջո, դարձյալ կուղղի մեջքը և կդառնա մեր ժողովրդի անվտանգության լիարժեք երաշխավորը»,- եզրափակել է Քոչարյանը։
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մասնավորապես նշել է. «Հայրենյաց պաշտպանների շարքում առանձնահատուկ է Բանակը, որն ունի փառապանծ մարտական ուղի։ Թշնամու ոտնձգություններին արժանի հակահարված տալով՝ Բանակը մեզ տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն»։ Բալասանյանը առանձնացրել է նահատակներին, առանձնահատուկ երախտագիտությամբ խոսել նրանց մայրերի անսահման համբերության և նվիրումի մասին։ «Հատկապես այսօր մեր գնահատանքն ենք հայտնում նրանց, ովքեր իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը։ Մաղթում եմ բոլորիդ Հայոց երկրի սահմանների անառիկ պահպանություն»,- եզրափակել է Բալասանյանը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ևս կարևորել է ԶՈՒ հոբելյանը։ «Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտնում զինված ուժերի ծառայողներին և շնորհակալություն հայտնում Հայաստանին ռազմական գործակցության, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար: Ուժ և տոկունություն ենք մաղթում նրանց ընտանիքներին և սատարողներին»,- նշված է դեսպանատան հայտարարությունում։
Հայոց բանակի մասին կարելի է խոսել ու գրել երկար՝ թվարկել լավն ու վատը, արժեքավորն ու անպիտանը, ի վերջո՝ սևն ու սպիտակը։ Բայց այսօր այդ օրը չէ։ Այսօր լռելյայն խորհելու, նահատակների հիշատակը խնկարկելու օր է։ Շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին, վերադարձ բոլոր գերիներին։ Համբերություն և կյանքը շարունակելու համառություն բոլոր-բոլորին, որոնք կորցրել են զավակներին, սիրելիներին, հայրերին ու եղբայրներին։
Գոհար Վեզիրյան