...

Կացարանը վարձակալած փոքրիկ տնակ է եղել

Կացարանը վարձակալած փոքրիկ տնակ է եղել

Պարզվում է՝ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել ԶՈՒ տարբեր մարտական դիրքեր ու ստորաբաժանումներ։ «Ես այն ժամանակ հստակ հանձնարարական եմ տվել, որ կոմպրոմիսներ չեն լինելու: Նույնիսկ վիզուալ եթե պատշաճ իրավիճակում չէ ծառայությունը, կարգապահությունը, պետք է հետևի կոնկրետ պատասխանատվություն»,- այսօր հայտարարել է Փաշինյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում տեղի ունեցած հրդեհին, որի հետևանքով 15 զինվոր է մահացել:

«ՉԻ» տեղեկություններով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանը սեպտեմբերյան պատերազմից հետո այլևս այն վիճակում չի եղել, որ ծառայի իր նպատակին։ Դրա փոխարեն այդ գյուղում ապրող մի կին վարձակալական հիմունքներով տրամադրել է իր տունը։ Տունը՝ մեծ հասկացություն է․ 30-40 քառակուսի մետրանոց տան մեջ զինվորներն ապրել են տասնյակներով։ Ցրտաշունչ ձմռանը դիմակայելու համար օգտագործել են այն վառարանները, որոնց համար որպես «կպչան» ծառայել է բենզինը։ Նախնական վարկածի համաձայն՝ վաշտի հրամանատարը բենզինով փորձել է վառել վառարանը։ Հինգ լիտրանոց բենիզինի տարան բռնկվել է, և նա ինքնապաշտպանության բնազդով այն ձեռքից ցած է գցել։ Իսկ վառարանի կողքին դրված են եղել սալյարկայով այլ տարաներ՝ դարձյալ կրակը թեժացնելու նպատակով։ Բռնկված հրդեհը մարելու համար դրսում մնացածները սկսել են քանդել տան պատը, որպեսզի դուրս բերեն ներսում մնացածներին։ Պլանը ոչ միայն չի աշխատել, այլև դեռ մի բան էլ թարս է աշխատել։  

Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը եղե՞լ է այս «կացարանում»։ Դեկտեմբերի 31-ին նա կարողացե՞լ է գեթ մի քանի րոպե անցկացնել Գեղարքունիքի մարզում գտնվող այդ տնակում և ճառել բենզինի օգտագործման անթույլատրելիության մասին։ Կամ՝ անգամ այդ վարձակալած տարածքը ապահովված եղե՞լ է այնպիսի վառարանով, որի օգտագործման համար բենզին անհրաժեշտ չի եղել։ Սեպտեմբերից հետո ամիսներ են անցել, մի՞թե հնարավոր չի եղել 100 քառակուսի մետրանոց մի նորմալ քարե շենք կառուցել, և այն ծառայեցնել որպես կացարան։ Փո՞ղ չի եղել, ժամանա՞կ չի եղել, թե՞ դրա անհրաժեշտությունը չի եղել։ Ավելի շուտ՝ ժամանակ չի եղել՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր, հետո Ամանոր էր, հետո ռեբրենդինգային ասուլիսին էր երկար պատրաստվում։ Հիմա էլ աշխատանքային բնականոն հունի մեջ է՝ անհոդաբաշխ տեքստերով մեղավորներ է նշանակում ու ազատում գործից՝ մի ողջ կորպուս անտերության մատնելով։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   8155 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ