...

Աննա Վարդապետյանը շեֆի ասածը բառացի է հասկացել ու ձեռքերը լվացել մեր գործից

Աննա Վարդապետյանը շեֆի ասածը բառացի է հասկացել ու ձեռքերը լվացել մեր գործից

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են բացահայտել ու պատասխանատվության ենթարկել իրենց որդիների գործերը կոծկած պաշտոնյաներին: 

Այս անգամ ծնողները հավաքվել են Դեմիրճյան փողոցում։ Որդեկորույս մայրերը որոշել են իրենց բողոքը ներկայացնել ԱԺ պատգամավորներին: Մինչդեռ պատգամավորներից ոմանք, չնկատելու տալով ծնողներին, անցան նրանց կողքով և հայտնվեցին անձեռնմխելի տարածքում՝ Ազգային ժողովի բակում: Մի քանիսն էլ հավուր պատշաճի ոտքները կախ գցեցին, ականջի պոչով լսեցին ծնողների բողոքն ու շտապելը պատճառաբանելով՝ անցան առաջ: 

«ՉԻ» հետ զրույցում որդեկորույս ծնողները նշեցին. «Եկել ենք այստեղ պատգամավորներին հիշեցնելու իրենց խոսքերը և հարցնելու՝ ինչո՞ւ տեր չեք կանգնում ձեր պոպուլիստական հայտարարություններին, որոնք վերաբերում են մեր սպանված երեխաներին: Գևորգ Պապոյա՛ն, արդարության մասին Ձեր հարցին ի պատասխան՝ այն ժամանակ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ բանակում խաղաղ պայմաններում սպանված տղաների քրգործերը իր հետ «օժիտ» է տանելու գլխավոր դատախազություն, իսկ ընտրվելուց անմիջապես հետո մոռացավ պատկերավոր նկարագրած իր խոստումը: Մոռացավ նաև այն, որ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովի 150 էջանոց խորհրդակցական եզրակացությանը՝ խոստացավ վերաորակավորում տալ մեր տղաների հինգ գործերով «ինքնասպանություն» որակմանը: Նա Ազգային ժողովի բարձրագույն ամբիոնից հայտարարեց. «Նախաքննությունը ունեցել է բացթողում, սակայն այս հարցը կունենա պատասխան. չի լինի վերք, որը տարիներ շարունակ արնահոսում է»»։ 

Ծնողների խոսքերով՝ գլխավոր դատախազ դառնալուց առաջ իրենց որդիների արյունը շահարկելը ուղղակի ստորություն էր: «Մենք պատգամավորներից պահանջում ենք, որ հարց ուղղեն գլխավոր դատախազին մեր երեխեքի քրեական գործերի մասին, որոնք այդպես էլ մնացել են խորհրդարանի պատերի ներսում: Ո՞ւր մնացին Աննա Վարդապետյանի ամպագոռգոռ հայտարարությունները: Մեկ ու կես տարի անց էլ մենք չենք ստանում հարցերի պատասխանը: Թեև Տիգրան Օհանջանյանի և Վալերի Մուրադյանի քրգործերով ստացվել են Եվրոպական դատարանի վճիռները, սակայն Հայաստանի արդարադատությունը ոչ մի քննություն չի իրականացնում այդ ուղղությամբ: 2022 թ օգոստոսի 29-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ձեր որդիների գործով ստեղծված հանձնաժողովը լուծարում եմ, ձեռքերս լվանում եմ և այդ գործառույթը հանձնում եմ գլխավոր դատախազին, որը գործերն ուսումնասիրում է։ Անգամ մեր գործերով փաստաբան Արայիկ Պապիկյանը ավելացնելու ոչինչ չունեցավ՝ մտածելով, որ հարցը լուծում է ստանալու: Սակայն պարզվեց, որ այս իշխանությունները նախորդներից ոչնչով չեն տարբերվում, և Աննա Վարդապետյանն էլ իր շեֆի խոսքերը բառացի հասկանալով՝ ձեռքերը լվաց մեր գործից»։

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   528 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ