Խաղաղության նրբանցք. լավ իմաստով
Ի՞նչ կարող ենք ասել. շատ խոստումնալից տարի է սպասվում: Նկատի ունենք, որ մեզ լիքը նոր խոստումներ են սպասվում: Անցած տարին փակեցինք 147 խոստումով, այս տարի, երևի մի 20 տոկոս աճ կունենանք:
Այս տարի ամենաշատը խոստանալու են խաղաղություն: Հիմա Հայաստանի իշխանությունները լռվել են խաղաղության ինչ-որ նրբանցքում, որը տանում է դեպի փակուղի: Որ գուգլով փնտրեք, կգտնեք այդ փակուղին: Այն բանից հետո, երբ Ալիևը հստակ ներկայացրեց իր պահանջները, փակուղուց դուրս գալն ու խաղաղության խաչմերուկ ճամփա ընկնելը 20 տոկոսով էլ բարդացավ:
Հանրային ձյունը
Մանավանդ, որ շատ անսպասելի, հունվարի կեսերին ձյուն է եկել, ու ճանապարհների մի մասը փակ է: Հատկապես Սևանի ճամփեն, որտեղ ձյունը չմաքրելու հետևանքով մի 50 մեքենա վթարի է ենթարկվել, ջարդուխուրդ եղել: Նիկոլ Փաշինյանը լավ կանի, որ մի հատ գնա, էդ ձյուն մաքրող տեխնիկան էլ ստուգի: Իր էն իմացած ձևերով: Բիզը վերցնի, մեքենաների անիվներին բզի. որը ծակվեց, ուրեմն քաչալ է: Կամ լուցկին վառի, գցի բենզաբակ, եթե չվառվեց, ուրեմն, բենզինի հետ ջուր են խառնել: Կամ ձեռը մտցնի պտտվող կովշի մեջ... չէ, էս մեկը վտանգավոր է, կարող է, ձեռքը տանի, ավելի լավ է, դա հանձնարարի Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանին:
Բայց փաստենք, որ ընդամենը մի օր է առատ ձյուն տեղացել, ու միանգամից մեր ճանապարհները կոլապսի մեջ հայտնվեցին:
Այ, որ Սուրեն Պապիկյանը շարունակեր ՀՀ Ճանապարհների նախարար լինել, հաստատ նման վիճակ չէր ստեղծվի: Բայց նրան ուղարկեցին բանակ, արդյունքում համ ճանապարհները տուժեցին, համ էլ բանակը: Ճանապարհներին կոռուպցիան ավելացավ, բանակում՝ քրեական դեպքերը:
Բայց ելք կա. կա ելք: Ապագա կա, կա ապագա: Սուրեն Պապիկյանը իր համադասարանցիներին հերթով թող նշանակի Ճանշինների ղեկավարներ, համակուրսեցիներին՝ բեռնատարների վարորդներ, մանկապարտեզի իր դայակներին էլ՝ վերահսկողներ: Միանգամից սաղ տեղը կընկնի: Բան ենք ասում: Համակուրսեցիները, հենա, հզորացնում են բանակի կրթությունը: Դրա համար էլ տարվա սկզբից ընդամենը 2 զոհ ունենք: Քոչարյանի օրոք հաստատ ավելի շատ էր:
Հանրային անձայնը
Տարին սկսվեց նաև Դոգի «վախճանով»: Բայց ինչի՞ նաև: Էլ ո՞վ է «վախճանվել»: Հա, հիշեցինք, ցնցուղի ցնցող պատմությունից հետո պաշտոնանկ եղան մի շարք մարզպետներ: Ինչևէ, Վարդան Ղուկասյանը կուսակցություն ստեղծեց, դրանով «ժարիտ» արեց Երևանի ավագանու ընտրություններում, հետո էդ կուսակցությունում հանկարծ հիշեցին, որ Դոգը ՌԴ քաղաքացի է: Ու հանեցին «Հանրային ձայնից»: Ենթադրում ենք, դրա դիմաց Արտակ Գալստյանն ազատ կարձակվի:
Այ, որ Արմեն Աշոտյանն էլ կարողանա Սերժ Սարգսյանին հեռացնել ՀՀԿ-ից, էդ ժամանակ ինքն էլ ազատ կարձակվի: Իսկ քանի դեռ իշխանությունների հետ խաղերի մեջ չի մտել, պիտի նստի: Դե, կյանքն է այդպիսին. դու ինձ, ես քեզ սկզբունքն է գործում: Թե չէ Կոլումբիայի նախկին նախագահ, երաշխավորություն, բան. դրանք «ասնավանի» չեն: Մանավանդ, որ մեր իշխանությունները նախկին նախագահներից տրաքվում են: Սկսած 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրից, վերջացրած 2017 թվականի Լավրովի պլանը:
Այնպես որ, հանգիստ նստեք տեղներդ, հանգիստ նստեք տեղներդ, հանգիստ...