ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Մի րոպե, մի րոպե, ի՞նչ Աշոտյան: Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունից հետո հայոց աշխարհում սաղ իրար է խառնվել: Մի հատ փորձենք հասկանալ՝ ով ում բարեկամն է, ով ով է, ով ումից ինչ է ուզում: Մարդու գլուխ է պտտվում՝ 5 րոպե ֆեյսբուք մտնելով:
Որ ի մի ենք բերում, ստացվում է հետևյալ պատկերը.
Ուրեմն, «Իմ քայլում» հասկացել են, որ Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի հոգևոր հայրը չէ և եկել այն եզրահանգման, որ նա Վազգեն Մանուկյանի հոգևոր եղբայրն է, որի հետ միասին «Ղարաբաղ» կոմիտեով սկսել են զբաղվել Ղարաբաղի հարցով, բայց փոխանակ Բաքուն գրավեին, իրար հետ հաշիվներ են մաքրել, բայց հիմա «քյաստըմ» են տալիս: Ու ըստ Քյոհնա կտակարանի, Տեր-Պետրոսյանը 98-ին Ղարաբաղի հարցը գցել է Քոչարյանի ջեբը, սա՝ Սերժ Սարգսյանի ջեբը, հետո երեքով՝ Նիկոլ Փաշինյանի ջեբը: Սա էլ մինչև հիմա մարդ է ման գալիս, որ էդ հարցը գցի նրա ջեբը, էն էլ հարմար թեկնածու չի գտնում:
Ու մինչ Քոչարյանը կարմիր լույսի տակ կանգնած սպասում է, թե երբ պիտի կանաչը վառվի, Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ կարմիր գծեր է անցնում ու Նիկոլի համար կանաչ լույսի շանս է տալիս: Քոչարյանականները դրանից շատ են ջղայնանում, բայց նիկոլականներն ասում են, որ մեծ հաշվով Ռոբերտն էլ է Լևոնի հոգեզավակը: Ու ԺԵԿ-ին հարցում են անում, տեսնեն՝ վերջին 10 տարում Նիկոլը ում հոգեզավակն է եղել, Քոչարյանը՝ ում:
Արևմտամետ ուժերը սկսում են ջնջել Տեր-Պետրոսյանի մասին՝ վերջին երկու տարում իրենց բոլոր շնորհավորական ուղերձները և Առաջին նախագահի ելույթներից մեջբերումները, բլոկ անել ՀԱԿ-ի անդամներին, ՀԱԿ անդամները՝ իմքայլականներին, իմքայլականները՝ քոչարյանականներին, քոչարյանականները՝ արևմտամետներին, իսկ սերժականները՝ սորոսականներին: Մենակ Արմեն Սարգսյանն է, որ որևէ առարկություն չունի այս կաշ-կալամաշի առթիվ: Մի բան արդեն պարզ է, որ այս ամենի համար պատասխանատուն Պուտինն է, բրիտանական Մի-6 հետախուզական ծառայությունը ու Լեդի Գագայի էն չարաբաստիկ կլիպը:
Հ.Գ. Մի հարցի պատասխան, այնուամենայնիվ, մենք դեռ չունենք. վերջը Քոչարյանն անցա՞վ փողոցը: