...

Պատասխանում են տեղակալների մակարդակով և կոծկում բանակում կատարվող հանցագործությունները

Պատասխանում են տեղակալների մակարդակով և կոծկում բանակում կատարվող հանցագործությունները

Մինչ հայրենի Կառավարության շենքում տևական ժամանակ շքեղ վերանորոգում է ընթանում, շենք ներսուդուրս են անում հետնամուտքով: Դժգոհությունների հարթակը նույնպես տեղափոխվել է հետնամուտք, որտեղ ևս բողոքողների պակաս չկա: Դժգոհող խմբերի մեջ առանձնանում են որդեկորույս մայրերը՝ վշտից ճերմակած, հիվանդություններից հաշմանդամ դարձած, բայց հավատները չկորցրած, որ արդարադատություն կլինի: Ծնողների հիմնական խմբին նոր անդամներ են ավելացել և, մեկը մեկին լրացնելով, սևազգեստ մայրերը ներկայացնում են իրենց բախտակից ծնողների պատմությունը: Քառօրյա պատերազմի հերոս, կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մայրը՝ Նարինե Մկրտչյանը, «ՉԻ» հետ զրույցում նշեց. «Մեղրիի Ագարակի զորամասում կիրակի օրով իմ որդու գլուխը կերան, որակումը տվեցին ինքնասպանություն, բայց մինչ օրս չեն կարողանում հիմնավորել, որ ինքնասպանություն է եղել: Դեպքի վայրը մաքրել, լվացել էին, հետքերը ոչնչացրել: Ներկայիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ Կառավարության համապատասխան հանձնաժողովը ուսումնասիրություններ կատարեց։ Բոլոր փաստերը տարան նրան, որ ոչ թե ինքնասպանություն է, այլ՝ սպանություն, ու մինչ օրս խաբում են, դռնեդուռ գցում, բայց ոչ մի հստակ պատասխան չեն տալիս: Մեզ ընդունում են տեղակալների մակարդակով, տալիս ոչինչ չասող պատասխաններ և թեթև ձեռքով կոծկում հանցագործությունը։ Որդիս՝ Անդրանիկ Մկրտչյանը ազգային հերոս էր, մեն-մենակ դիմագրավել էր թշնամուն և թշնամու 70 զինվորի վերացրել: Նման քաջը ինքնասպանություն կգործե՞ր: Իր զինվորների կյանքը խնայելով՝ մեն-մենակ դուրս է եկել թշնամու դեմ, գրավել հակառակորդի դիրքը, բայց իրեն ասվել էր՝ ինչո՞ւ ես դիրքը գրավել, քեզ ո՞վ թույլ տվեց: Իմ որդին վաշտ էր ղեկավարում, կայացած մարդ, սիրված հրամանատար, նախկինում ծառայել է հատուկ ջոկատում, խորքային հետախույզ էր: Ուժեղ, կամքի տեր երիտասարդ էր, կյանքը սիրող, իր զինվորին հարգող, բայց 2017 թվականի օգոստոսի 20-ին կտրեցին նրա կյանքի թելը, և ոչ մեկի պետքը չէ։ Ոչ պետությունը, ոչ Պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չարձագանքեցին ու գնահատական չտվեցին կատարվածին: Չասեցին՝ մեր ազգի հերոսն է, ի՞նչ կատարվեց: Զինվորը արժեք չունի էս պետության ու էս իշխանությունների համար»։ 

Մայիսի 6-ին սահմանամերձ Տավուշի «Մեհրաբներ» զորամասում սպանված զինծառայող, արմավիրցի Լևոն Թորոսյանի մոր ականջներում դեռ հնչում է որդու ձայնը: Որդու հետ հեռախոսազրույցի ժամանակ, հանկարծ որդին գոռացել է  «մա՛մ, մամ»: Մայրը համոզված է, որ դա հենց այդ պահն է եղել, երբ հարձակվել են որդու վրա ու սպանել:  

Արմինե Պողոսյանը նշում է. «Իմ որդուն սպանել են ինձ հետ խոսելու ժամանակ և որակել ինքնասպանություն: Ես իմ որդու սպանության մեջ մեղադրում եմ կապիտան Դավիթ Մկրտչյանին, որի պաշտոնը բարձրացրել են որդուս սպանությունից հետո: Երբ իմ հետ խոսելիս սկսեց բղավել՝ մամ, մամ, իմ հարցին պատասխան չեղավ, հետո ձայները հեռացան, մի քանի րոպե հետո նոր միայն հեռախոսը անջատվեց: Դրանից հետո մեզ հայտնեցին, որ որդիս ինքնասպան է եղել, բայց դիահերձարանում ամուսինս որդուս դիակի վրա տեսել է՝ սեռական օրգանները ամբողջովին արյունազեղ, մարմինը կապույտ, աչքի տակը կապտած։ Մահից հետո արմունկները քերծված են եղել, որովհետև նրա մարմինը  քարշ տալով տարել են մարտական հենակետ և բեմադրել՝ իբր տղաս գնդացրով կյանքին վերջ է տվել: Փորձագետը իր ձեռքով է գրել, որ դեպքից 6 ժամ հետո գնդացրից արնանման հեղուկ է թափվել, բայց եթե իմ տղան գնդացրով ինքն է կրակել իր վրա...բոլորս էլ գիտենք, որ գնդացիրը կրակելիս տաքանում է, և արյունը կմակարդվեր, բայց դեպքից վեց ժամ անց արյուն է եղել գնդացրի վրա: Սա չի՞ նշանակում, որ ինքնասպանությունը բեմադրել են: Լուսանկարներում էլ կան բազմաթիվ փաստեր, որոնք չեն համընկնում, կան բազմաթիվ փաստեր, որ սպանություն է կատարվել: Աննա Վարդապետյանը խոստացավ, որ վերաորակավորում կտա ինքնասպանություն որակմանը, բայց դեռևս ոչինչ չի արվել»։

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   25504 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ