...

Հրամանատարների կողմից զինվորների հանդեպ ինքնադատաստանը շարունակում է կոծկվել

Հրամանատարների կողմից զինվորների հանդեպ ինքնադատաստանը շարունակում է կոծկվել

«ՉԻ»-ը իր նախորդ հրապարակումներից մեկում ներկայացրել էր հունվարի 18-ին ՊՆ զորամասում ողջակիզված 15 զինվորի ողբերգական դեպքի առնչությամբ աշխատանքից ազատված բարձրաստիճան զինվորականների ցանկը: Ուշադրություն էինք հրավիրել այն հանգամանքի վրա, որ պաշտոնից չեն ազատվել կատարվածի համար անմիջական պատասխանատուները՝ բրիգադի հրամանատար, գնդապետ Արգամ Գևորգյանը և կորպուսի հրամանատարի՝ բարոյահոգեբանական գծով տեղակալ (զամպալիտ), գնդապետ Էդուարդ Հովհաննիսյանը, որոնք առաջնահերթ պատասխանատու էին կատարվածի համար: Նշել էինք, որ վերջիններս Պաշտպանության նախարարությունում ազդեցիկ հովանավորներ ունեն ու հենց նրանց շնորհիվ էլ կարողանում են խուսափել պատժից: Գնդապետ Էդուարդ Հովհաննիսյանը, օրինակ, ՊՆ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մհեր Շիրինյանի սանիկն է, իսկ Արգամ Գևորգյանի պաշտոնից ազատման հրամայականը ևս օրակարգից հանված է, քանի որ նա Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է և նրա շնորհիվ մշտապես չոր է դուրս գալիս ցանկացած իրավիճակից: 

Մենք տեղեկություն ստացանք, որ երեք օր առաջ գնդապետ Արգամ Գևորգյանին ազատել են բրիգադի հրամանատարի պաշտոնից: Պարզվում է՝ վերջինս, լինելով ոչ սթափ վիճակում (մեր աղբյուրների պնդմամբ՝ նա հազվադեպ է սթափ լինում. Մ.Ծ.), դաժան ծեծի է ենթարկել ժամկետային զինծառայողի: Ստացած հարվածներից զինվորի դեմքն ամբողջությամբ ուռել է, աչքերի տակ կապտուկներ են գոյացել, ականջները՝ պայթել-խլացել: Ականատեսների հավաստմամբ՝ Գևորգյանի հրամանատար դառնալուց հետո նմանատիպ դեպքերն այս զորամասում հաճախակի բնույթ են կրում: Զինվորներից մեկին էլ նա չորս օր շարունակ պահել է ընդունարանում, պարբերաբար ծեծի ենթարկել, իսկ զինվորը այդպես էլ գոնե իր հարցերին պատասխան չի ստացել, թե ինչո՞ւ է նման դաժան վերաբերմունքի արժանանում: Մինչդեռ նրա մեղքը եղել է այն, որ տանեցիներին տեղեկացրել է զորամասում տիրող վիճակի մասին և լուսանկարներ է ուղարկել հարազատներին։

Բրիգադի շտաբի պետ Տարոն Քոչարյանը ևս անմասն չի մնացել ժամկետային զինծառայողին դատաստանի ենթարկելուց: Նշենք, որ նա՝ որպես ԴՈՒՑ-ի գումարտակի հրամանատար, Ջերմուկի՝ 2021 թվականի նոյեմբերի դեպքերի ժամանակ տեսնելով, որ ադրբեջանցիները հարձակվում են, իր գումարտակի հետ փախուստի է դիմել՝ նույնիսկ չփորձելով դիմագրավել թշնամուն: Իսկ բանակի հրամանատարությունը նրա այդ պահվածքի համար երևի որպես «պարգև»՝ պաշտոնի բարձրացում է կատարել: Պաշտոնանկ եղած գնդապետ Ռ.Հ-ի փոխարեն նրան նշանակել են կորպուսի շտաբի պետ:

Ի դեպ, հրամանատարների կողմից զինվորներին ծեծելու փաստի վրա աչք է փակում հրամանատարի՝ բարոյահոգեբանական գծով տեղակալ, փոխգնդապետ Դավիթ Առաքելյանը: Տեղյակ լինելով կատարվածի մասին՝ նա գործին ընթացք չի տվել, մինչդեռ պարտավոր էր եթե ոչ մարդկայնորեն, ապա գոնե ի պաշտոնե պաշտպանել զինվորներին հրամանատարների անօրինական գործողություններից: Արգամ Գևորգյանի՝ բրիգադի հրամանատարի պաշտոնից ազատվելու փաստին նպաստել է նաև այն հանգամանքը, որ վերադասի կողմից կատարված ստուգումների արդյունքում բացահայտվել է, որ վերջինս, համաձայնության գալով շտաբի պետ Տարոն Քոչարյանի հետ, զինվորների անօրինական տեղափոխություններ է կատարել, ձևակերպել ժամկետային զինվորների անօրինական արձակուրդներ: Անօրինական տեղեկանքներ են տրվել բազմաթիվ կամավորների, որոնք երբևէ դիրք չեն բարձրացել: Ի դեպ, կամավորներից մեկը, ստացած զենքը թշնամու կողմն ուղղելու փոխարեն փորձարկել է Վարդենիսի բնակիչների վրա: Նշենք, որ հունվարի 18-ին կատարված աղետալի ողբերգությունից հետո զորամասից երեք զենք է անհետացել, ինչի համար ևս ոչ ոք պատասխանատվություն չի կրել: Մեզ հայտնի դարձավ նաև, որ բրիգադի հրամանատար, գնդապետ Արգամ Գևորգյանի կողմից բազմաթիվ ապօրինի գործողությունների առթիվ քրգործ չի հարուցվել, կատարվել է միայն պաշտոնի իջեցում: Տարոն Քոչարյանը շարունակում է պաշտոնավարել: 

Սուրեն Պապիկյանի հովանավորյալները այս անգամ էլ սպրդեցին պատասխանատվությունից: Իսկ քանի դեռ հովանավորները գործում են իրենց ԽԾԲ կանոններով, «բեսպրեդելը» բանակում շարունակելու է կոծկվել ու կյանքեր խլել:

Մելանյա Ծառուկյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ