Հունվարի 20-ին տեղեկացանք, որ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի դեպքով աշխատանքից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, նրա տեղակալը, կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալը թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետը և մի շարք զինվորականներ:
Մեզ հայտնի դարձավ, որ աշխատանքից չեն ազատվել գնդի անմիջական հրամանատար, գնդապետ Արգամ Գևորգյանը և կորպուսի բարոյահոգեբանական գծով հրամանատարի տեղակալ (զամպալիտ), գնդապետ Էդուարդ Հովհաննիսյանը, մինչդեռ առաջին հերթին նրանք պետք է գլխավորեին աշխատանքից ազատվողների ցուցակը և պատասխանատվություն կրեին զորամասում տեղի ունեցածի համար: Սակայն, ինչպես պարզվում է, վերջիններս Պաշտպանության նախարարությունում ազդեցիկ հովանավորներ ունեն ու հենց նրանց շնորհիվ էլ կարող են խուսափել պատժից: Գնդապետ Էդուարդ Հովհաննիսյանը, օրինակ, ՊՆ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մհեր Շիրինյանի սանիկն է (մեր հրապարակումներից մեկում անդրադարձել ենք Շիրինյանի անօրինական գործունեությանը, Մ.Ծ.), և նրան պատասխանատվության ենթարկելը այնքան էլ դյուրին գործ չէ: Գնդի հրամանատար Արգամ Գևորգյանի պաշտոնից ազատման հրամայականը ևս օրակարգից հանված է, քանի որ նա Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է և նրա շնորհիվ մշտապես չոր է դուրս գալիս ցանկացած իրավիճակից: Մասնավորապես 2021-ին վարչապետի որոշմամբ Արգամ Գևորգյանը ազատվել էր Մեղրիի զորամասի հրամանատարի պաշտոնից, քանի որ, որպես զինվորական իրավունք չունենալով խառնվել ներքաղաքական իրադարձություններին, փորձել էր ազդել Մեղրու քաղաքապետի ընտրությունների վրա: Նրա դեմ քրգործ էր հարուցվել, որը սակայն կարճվել էր Սուրեն Պապիկյանի գործուն աջակցությամբ, և դարձյալ նրա շնորհիվ Գևորգյանը նշանակվել էր Վարդենիսի զորամասի հրամանատար: Հատկանշականն այն է, որ Արգամ Գևորգյանը հեռու է փորձառու և իրավիճակին տիրապետող սպա համարվելուց, նրա հոբբին զորամասում կերուխումն է, քեֆ-ուրախությունը: Վարդենիսի մյուս զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Կարեն Նավասարդյանի ընկերակցությամբ նրա քեֆերը մշտական բնույթ են կրում:
Այսպիսի սպայի ղեկավարությամբ պարզ է, թե զորամասում «բեսպրեդելն» ինչ չափերի կարող է հասնել։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ 15 զինվորի ողբերգական դեպքից առաջ դաժան ծեծի էր ենթարկվել գումարտակի հրամանատարը, և ոչ ոք դրա համար պատասխանատվություն չէր կրել:
Մելանյա Ծառուկյան