...

Նիկոլ Փաշինյանը համաձայն է և Լևոն Տեր-Պետրոսյանի, և Ռոբերտ Քոչարյանի հետ

Նիկոլ Փաշինյանը համաձայն է և Լևոն Տեր-Պետրոսյանի, և Ռոբերտ Քոչարյանի հետ

Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ պետք է բանակցող փոխվի, որպեսզի կարողանանք դուրս գալ այս իրավիճակից, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի կիսում այս տեսակետը՝ նշելով, որ ինչ բանակցող էլ գա, իրավիճակն այլևս անշրջելի է։ Իսկ ի՞նչ է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Նիկոլ Փաշինյանն այս իմաստով։

Սկզբում նա համաձայնում է Ռորբերտ Քոչարյանի հետ՝ նշելով․ «Իհարկե բանակցողի ֆիգուրը կարևոր է, և բանակցողի ֆիգուրը կարող է իրավիճակ փոխել։ Օրինակ 1998 թ․ բանակցողի փոփոխությունը աղետալի կերպով փոխեց իրավիճակը, և Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս մնաց»։ Փաշինյանի դիտարկմամբ, եթե այն ժամանակ ոչ թե ԼՂՀ-ն դուրս մնար բանակցային գործընթացից, այլ Հայաստանը, ապա հիմա Արցախի հարցը լուծված կլիներ։ Երկրորդ օրինակն է բերում բանակցողի կարևորության մասին։ Ասում է՝ «այդ բանակցողի դերակատարմամբ էր, որ 2007 թ․-ին Մադրիդյան սկզբունքներն ընդունելով, զրոյացրին 1991 թ․ Արցախի Անկախության հանրաքվեն, ավելին՝ զրոյացրին 1990 օգոստոսի 23-ի ընդունված ՀՀ Անկախության հռչակագիրն այդ մասով։ Ո՞նց կարող է կարևոր չլինել բանակցողի դերը»։ Նիկոլ Փաշինյանն այսպիսով մեկ անգամ ևս փաստում է, որ 1998 թ․ Տեր-Պետրոսյանի հեռացումն ու Քոչարյանի գալը աղետալի են եղել մեզ համար։ Նույնքան աղետալի են եղել դարձյալ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ հռչակված Մադրիդյան սկզբունքները։ 

Բանակցողի դերը կարևորող Փաշինյանը մյուս կողմից էլ Տեր-Պետրոսյանի հետ է համաձայն․ «Բանակցողի գործունեության արդյունքում կարող են ստեղծվել իրավիճակներ, որոնք, կներեք շատ կոպիտ չհնչի, ձևակերպվում են հայտնի հին հայկական առածով՝ մի հիմար քարը փոսը գցեց, 10 խելոք չկարեցան հանել։ Ենթադրում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ իրավիճակը նկատի ունի։ Հասկանո՞ւմ եք՝ պրոցես կա, որ գնում է։ Արագության տակ գնացքը ընթանում ա, և էդ գնացքն ընթանում ա դեպի ինչ-որ տեղ, պայմանականորեն ասենք՝ ընթանում է դեպի անդունդ։ Էդ գնացքը կանգնեցնելը հեշտ գործ չէ։ Կարող է բանակցողը խելոք լինել, հասկանալ, ինտելեկտուալ բավարար մակարդակ ունենալ, բայց էդ մեխանիզմը հնարավոր չլինի կանգնեցնել բազմաթիվ հանգամամնքների բերումով»,- նշում է նա։

Լրիվ մեր իրավիճակն է նկարագրում։ Գնացքը գնում է, գնում է դեպի անդունդ, և սա հեչ էլ պայմանական տեղորոշում չէ։ Շատ կոնկրետ է։ Հիմարի նույնականացմանը չանդրադառնանք։ Խելոքներն էլ թող քննարկեն՝ արևմո՞ւտքն է ճիշտ, թե՞ ՌԴ-ն։ Մեկ է՝ մեխանիզմը հանարավոր չի լինելու կանգնեցնել, որովհետև մեր շուրջը մեր կողմից այնպիսի հանգամանքներ են ձևակերպվել, որ ազդել են պետության մարմնի կարևորագույն օրգանի՝ ուղեղի բնականոն գործունեության վրա։ 

Ի՞նչ անել.

1․ Շարունակել մտածել բանակցողի փոփոխության մասին Քոչարյանն ու նրա հետևորդները տեսականորեն կարող են։ Բայց դա ժամավաճառություն է, և այս իմաստով անհասկանալի է, թե ի՞նչ խնդիր է լուծում Քոչարյանը՝ ժամանակը վատնելով։ Հրեշավոր եզրահանգումներից զերծ մնանք։ Շարունակենք հենվել հատման կետերի վրա։ 
2․ Հիմարը գլորել է քարը, խելոքները չեն կարողանում հանել։ Որպեսզի քարը գոնե տեղաշարժելու հնարավորություն ստեղծվի, հիմարը պետք է առնվազն արձանագրի իր հիմարությունը՝ օգնության կանչելով պայմանական խելոքներին։ Հիմարը դիմադրում է, բայց նրան կարելի է թուլացնել։ Գործիքակազմը բազմազան է, և պետք է փորձել։

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ