Անդրանիկ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի օրերին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան է հաստատել: «Գասպարյանին հրապարակավ մեղադրել են, սակայն նրան չեն բանտարկել: Ինչո՞ւ»,- այս հարցի պատասխանը «Իրավունք»-ը փորձել է ստանալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից։ Վերջինս ի պատասխան հայտարարել է․ «Քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո թե՛ Օնիկ Գասպարյանը, թե՛ մյուս պատասխանատուները, որոնք այս կամ այն ձևով ազդել են պարտության վրա, կանգնելու են օրենքի առաջ»: Նա նաև հավելել է․ «Մենք չենք շտապում մարդկային ճակատագրերի հետ խաղալ, դրա համար ավելի լավ է մի փոքր ուշ, բայց հստակ, օրենքի ողջ խստությամբ պատիժների ենթարկվեն պատերազմի նման ելքը «ապահովելու» համար»:
Տեսնես հանձնաժողովը կարձանագրի՞, որ պարտության վրա «այս կամ այն ձևով» ամենամեծ ազդեցությունն ունեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թե՞ բոլորը մեղավոր դուրս կգան, և միակ անմեղը կմնա խեղճ վարչապետը։ Տեսնես այդ հանձնաժողովը ինչպե՞ս է փորձելու հիմնավորել Նիկոլ Փաշինյանի անմեղությունը։ Խոսքը, իհարկե, քաղաքական անմեղության մասին է։ Սրանք սոսկ հռետորական հարցադրումներ են, որովհետև ուղտին էլ հայտնի է, որ Քոչարյան Անդրանիկի հանձնաժողովի միակ գործառույթը Փաշինյանին թղթով անմեղ հռչակելն է։ Իսկ դրա համար պետք է այլոց մեղադրել «խայտառակ պլաններ» մշակելու մեջ, հետո հանրության գիտակցության մեջ արմատավորել, որ հենց այդ սխալ պլաններն են «սպասարկել» պարտությունը, մնացածն արդեն ինքնըստինքյան կլինի։ Ինչ վերաբերում է մարդկային ճակատագրերի հետ չխաղալու Աղազարյանի դատողությանը, ապա այստեղ էլ շատ են ուշացել ՔՊ-ականները։ Որ մարդկային ճակատագրերը կարևորող լինեին, պրիմիտիվ հայրենասիրությունը երեսներին քաշած չէին ապրի ու բոլորին համոզի, թե իրենք ոչ թե դավաճան են, այլ դավաճան ման եկող։
Գոհար Վեզիրյան