...

Նապոլեոն Քյարամյանն ու Մահաթմա Աղազարյանը

Նապոլեոն Քյարամյանն ու Մահաթմա Աղազարյանը

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին ու հայտարարել, թե դա «անցնող և գալիք բարքերի բախումների, պառլամենտարիզմի, կառավարման ու կադրային համակարգի առողջացման և «զոռբայության» բախումների վառ դրսևորում էր», ու բոլոր ոլորտներում էլ կան «բոնապարտիզմի բարքերը նախընտրող դիմադրողներ»։

«Զոռբայություն դրսևորողն» ու «Բոնապարտը», հասկանալի է, Արգիշտի Քյարամյանն է։ Իսկապես էլ՝ եթե նա իր գեներալական կիտելով մտնի գունավոր մետաղների ընդունման կետ, մինչև կյանքի վերջը պարգևավճարների կարիք չի ունենա։ Իսկ ահա «պառլամենտարիզմի ու կառավարման համակարգի առողջացման խորհրդանիշը», պարզվում է, Հովիկ Աղազարյանն է։ Մարդ, որը Նիկոլ Փաշինյանին ճանաչելուց հետո է սկսել հավատալ Հիսուսին, բայց հայտարարել է, թե ուզում է հաջորդ խորհրդարանում է՛լ հայտնվել, որպեսզի հիպոթեկը մինչև վերջ մարի։

Բայց նկատենք, որ Արգիշտի Քյարամյանի դոշից կես ցենտներ մեդալ կախողն էլ, Հովիկ Աղազարյանին խորհրդարան տանողն էլ նույն մարդն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Այնպես որ՝ այստեղ «անցնող և գալիք բարքերի բախման» մասին խոսք լինել չի կարող, երկուսն էլ կրկնօրինակել են Նիկոլի բարքերը։ Պարզապես Արգիշտի Քյարամյանը «պատերին ծեփող», «բռնող-շինող» ու «պետք լինի՝ ուրիշ բան է՛լ թափ տվող» Նիկոլի բարքերն է կրկնօրինակել, իսկ Հովիկ Աղազարյանը՝ «ժողովրդի ծոցից ելած», «հիպոթեկով ապրող» ու «120 դրամանոց պեռաշկի վայելող» Նիկոլինը։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ