...

Սև շաբաթվա գորշ երանգները


Այս շաբաթը սև էր: Բայց ոչ իր ուրբաթով: Այլ եղանակով: Սև երկինքը, իր տեղումներով, թույլ չտվեց, որպեսզի Մոսկվայից ժամանի Միսթեր Իքսը: Այսինքն, այն մարդը, հանուն որի ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվեց մանդատը վայր դնել: Թեպետ Նիկոլ Փաշինյանը խնդրել էր, հորդորել, բայց...  նա գիշերը 2:45 րոպեին, շեշտում ենք, 2:45-ին, այլ ոչ թե 2:44-ին, հեռախոսազանգ է ստացել Մոսկվայից: Իր մանկական դպրոցական ուսանողական ընկերը սպառնացել է նեղանալ, եթե առանց իրեն տեսնելու վարչապետի հրապարակավ խնդրանքը կատարի: Աղազարյանը պետք է նույնը օրը երեկոյան ասեր:

 Արդեն վեցերորդ երեկոն է ավարտվում, իսկ մոսկովյան ընկերը դեռ չկա:

Կողքից էլ շախ են տալիս, ոգևորում Հովիկ Աղազարյանին, որ հանկարծ մանդատը չդնի: Իսկ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Tribune.am-ի հարցմանը ի պատասխան նշել էր, որ «Պատգամավորին պարտադրել մանդատը վայր դնել ինչպես այն ժամանակ էր հակասահմանադրական, այնպես էլ հիմա»:

Փոխանակ Հովիկ Աղազարյանը ոգևորվեր Առաջին նախագահի մեկնաբանությունից, ընդհակառակը, ահավոր ծանր տարավ, քիչ էր մնում ինֆարկտ ստանար. «Լևոն Տեր-Պետրոսյանը՝ սև հանճարը, իմ համար էն մարդը չի, որ իր խոսքը իմ համար արժեք ունենա»։ Ինչ ուզում եք ասեք, բայց նախկին դաշնակ չի լինում:

Բոլոր դեպքերում, լավ կլիներ, որ Հովիկ Աղազարյանի ընկերը շուտ գար Երևան: Թե չէ ԱԺ ՀՀ եզակի լեգիտիմ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակելու է նրան ճնշել՝ ուրիշ իմաստով:

Պտտվիր, պտտվիր, կարուսել

Սև էր շաբաթը նաև հայկական բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար: Պարզվեց, որ երբ հայկական առաջին արբանյակը թռել է, դրա հետ մեկտեղ նաև առանձնապես խոշոր չափերի գումարներ են թռել: Թե կոնկրետ որտեղ են հիմա ճախրում այդ գումարները, փորձելու է պարզել ՀՀ դատախազությունը:

ԲԴԽ-ից դեպի ԲԴՍՄ

Էլ ավելի մռայլ ամպեր են կուտակվում ԲԴԽ-ի գլխին, որտեղ որպես անդամ իշխող խմբակցության կողմից ներկայացվել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը: Եթե Հովիկ Աղազարյանին մանդատից զրկեիք, տանեիք ԲԴԽ, թերևս քաղհասարակությունն այդքան չէր զայրանա, որքան Սիրունյանի դեպքում:

Սիրունյանը հայտնի է որպես մի մարդ, որն ամեն աստծո օր սոցիալական ցանցերում հայհոյանքներ է տարածում, անպարկեշտ արտահայտություններ անում, ամենագռեհիկ, փողոցային բառապաշարով վիրավորում մարդկանց... էլ չենք ասում այն մասին, թե ինչպիսի անթաքույց ատելություն է տածում արցախցիների հանդեպ:

Այնպես որ, կխնդրեինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքով, որտեղ օրվա մեծ մասն է անցկացնում պրն Սիրունյանը, մի հատ գրություն ուղարկեր և խնդրեր, որ հանի թեկնածությունը:

Որ լծակ ունենար, հո չէր հորդորի...

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտնել է, որ խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավոր Գեղամ Նազարյանին առաջարկվել է դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Գեղամ Նազարյանը համաձայնել է։

Պատճառը, ինչպես նշված է հայտարարության մեջ, վերջին շրջանում պատգամավորի դիրքորոշումների տարբերությունն է խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։

Թե հատկապես որ տարբերությունների մասին է խոսքը, չի նշվում, բայց մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ «Հայաստան» խմբակցությունը Գեղամ Նազարյանին առաջարկել է դուրս գալ խմբակցությունից, այլ ոչ թե մանդատը վայր դնել: Ի տարբերություն իշխող ուժի, որտեղ պատգամավորներին պարտադրում, ստիպում, կամ, ծայրահեղ դեպքում խնդրում, հորդորում են, որ ոչ թե խմբակցությունից դուրս գան, այլ մանդատը վայր դնեն: Ստացվում է, որ «Հայաստան» խմբակցությունը, երբ չի կարողանում ՔՊ-ի պես չորով «հորդորի», հորդորում է օրենքներին և սահմանադրական նորմերին համապատասխան:

Որ լծակ ունենար, հո չէր հորդորի...

ՎԱՐԿԱՆԻՇ

   741 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ