...

Հայաստանը գնում էր դեպի պայծառ ապագա, բայց ԳԱԻ-ն կանգնեցրեց

Հայաստանը գնում էր դեպի պայծառ ապագա, բայց ԳԱԻ-ն կանգնեցրեց

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար: Մամուլի հրապարակումների համաձայն՝ որոշումը եղել է Նիկոլ Փաշինյանինը։ Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր զարմացել են այս նշանակումից, ՔՊ-ականների շրջանակներում էլ տարակուսածների պակաս չկա։ Մինչդեռ սա հերթական օրինաչափ գործընթացն է։ Ինչո՞ւ.

Ա․ Հայաստանում վերջին տարիների բոլոր նշանակումները եղել են բացառապես Նիկոլ Փաշինյանի անձնական որոշման կամ քմահաճույքի տիրույթում։

Բ․ Վահե Ղազարյանը տևական ժամանակ բավական բարձրակարգ սպասարկում է իրականացրել Նիկոլ Փաշինյանի համար։ Ապացուցել է, որ հավատարիմ է անձնապես Փաշինյանին․ վերջինիս բոլոր հրահանգների իրականացումը եղել է այս մարդու սուրբ պարտականությունը։

Գ․ Վահե Ղազարյանն աշխատել է բավական ինտրիգային պայմաններում։ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, օրինակ, իրեն բնորոշ խարդավանքների գործիքակազմով փորձել է ամեն ինչ անել, որպեսզի Ղազարյանի ազգանունն անգամ հավակնորդների ցանկում չհայտնվի։ Փաշինյանը թույլատրել է, որ աջից ու ձախից թիմի ներսում հարվածեն Ղազարյանին, հետո վերջում կանգնել է նրա թեկնածության վրա՝ մեկ անգամ ևս ի ցույց դնելով, որ ինքն է ՔՊ-ում միակ հեղինակությունը։

Դ․ Քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ, որոնք տևական ժամանակ ոստիկանական համակարգի բարեփոխումներից էին խոսում, Վահե Ղազարյանին համարել են այդ բարեփոխումների հիմնական խոչընդոտը։ Իսկ Փաշինյանն իր այս որոշմամբ հեռուն է ուղարկել բարեփոխումների երազանքով հասարակության որոշ շերտերին կերակրող քաղակտիվիստներին։ Վերստին նույն մտայնությամբ՝ ինքն է որոշելու, թե ինչ է բարեփոխումը, երբ պետք է այն իրականացնել և ումով իրականացնել։ Հիմա էլ քաղակտիվիստները հայտնվել են հեռուսատեսային հայտնի հոլովակի իրավիճակում, երբ Հայաստանը որոշում է գնալ դեպի պայծառ ապագա, և «գաիշնիկը» հանկարծ կանգնեցնում է այդ ընթացքը։ Հիմա այդ ակտիվիստները կարող են ակտիվ պայքարել «գաիշնիկի» դեմ։ Նիկոլ Փաշինյանն էլ կհետևի մեծ խանդավառությամբ։

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ