...

Ինտրիգներ իշխանության ներսում

Ինտրիգներ իշխանության ներսում

«Սեփական թիմի ներսում սև ցուցակներ կազմող և թիմակիցների դեմ դավեր նյութող՝ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հերթական «զոհը» ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն է»,- տեղեկացրել է «Ժողովուրդ» օրաթերթը: Ըստ լրատվամիջոցի՝ Քոչարյանին մտերիմ մի քանի ՔՊ-ական պատգամավորներ նախապատրաստվում են դեկտեմբերի 9-ին։ Այդ օրը պետք է քննարկվի Ներքին գործերի նախարարության ստեղծման հարցը: «Այդ օրը Վահե Ղազարյանի համար այնքան էլ հանգիստ չի լինելու, քանի որ որոշ ՔՊ-ականներ որոշել են քննադատել նրա գործունեությունը։ ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանի թևն ամեն ինչ անում է, որպեսզի Վահե Ղազարյանը ներքին գործերի նախարար չդառնա»,- հավելել է թերթը։ 

Կարմիր կովն իր քաշին չի փոխում, Անդրանիկ Քոչարյանն էլ՝ իր բնույթը։ Անհանգիստ է։ Մանկուց երազել է, որ ինքը մի օր ուժային կառույցի սուպերնախարար կարող է աշխատել։ Հիմա ամենամոտն է իր երազանքին, ու հանկարծ հայտնվում է Նիկոլ Փաշինյանի «զեմլյակը», որին վերջինս կարծես թե վստահում է։ Եվ ուրեմն՝ պետք է նախ ինտրիգներ հյուսելով սասանել այդ վստահությունը, հետո շարունակել համառ ընթացքը դեպի երազանքը։ Բայց պլան Բ էլ կա։ Քոչարյանին հեղափոխության առաջին փուլում հաջողվեց ոստիկանապետ նշանակել։ Մի դժգույն ու անդեմ արարածի, որին ինքն էր հրահանգում՝ ինչպես աշխատել։ Ոստիկանապետը Անդրանիկ Քոչարյանի մոտ մանկլավիկ էր աշխատում։ Այս ստատուսը Քոչարյանը կարծես թե ավելի սիրեց։ Հիմա իր մարդը չի, ու ինքն էլ կորցրել է սրա-նրա նկատմամբ քրեական գործեր պատվիրելու իրավունքի վերահսկողությունը։ Պետք է վերականգնել այս իրավունքը։ Իսկ սրա համար ինտրիգներ են պետք։ Քոչարյան Անդրանիկի սիրելի մեթոդը կյանքի բոլոր իրավիճակների համար։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1494 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ