Հա, էդ հետաքրքիր էր, Լևոն Քոչարյանի առաջին պատգամավորական օրը: Ուշագրավ զրույց ունեցավ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ: Ասում է. էդ ոստիկանները վայրագությունների են դիմում, նախ ծեծի են ենթարկում քաղաքացիներին, ապա այդ նույն ոստիկանների կեղծ ցուցմունքների հիման վրա կալանավորում են նրանց։
Հա էլի, խայտառակություն է: Ո՞վ է նման բան տեսել: Էն էլ 21-րդ դարում: Ո՞նց ով է տեսել. մենք ենք տեսել: 2000-ականներին: Լևոն Քոչարյանն այն ժամանակ առանձնապես չէր հետաքրքրվում ոստիկանական բեսպրեդելով, երևի այն պատճառով, որ այդ բեսպրեդելի գերագույն գլխավոր հեղինակն իր շատ հարազատ մարդկանցից մեկն էր: Ռոբերտ էր անունը:
Հիմա հլը չորս ոստիկանի ցուցմունքով են ընդդիմադիրների դեմ գործ սարքում, իսկ այն ժամանակ ամեն ակտիվիստին մի հատ ոստիկանի ցուցմունք էր հասնում:
Հա, բա, էդ ռոբերտական ոստիկանները վայրագությունների էին դիմում, նախ ծեծի էին ենթարկում քաղաքացիներին, ապա այդ նույն ոստիկանների կեղծ ցուցմունքների հիման վրա կալանավորում էին նրանց: Ինչ-որ նույն տեքստը ստացվեց. ինչ այն ժամանակ, ինչ հիմա:
Ընդհակառակը, Լևոն Քոչարյանը պետք է շնորհակալություն հայտնի այս իշխանություններին, թե ինչքան լավ են յուրացրել ավագ Քոչարյանի մեթոդները: Պետք է հպարտանա, որ այդպիսի լավ ուսուցիչ ունեն, ոչ թե մուննաթ գա:
Հիշում ենք, որ 2007թ. հոկտեմբերի 23-ին մի 10 հոգով հանրահավաքի իրազեկման անշառ քայլերթ էին անում, դրին, բոլորին այլանդակ ծեծի ենթարկեցին, հետո հավաքեցին, տարան քաղմասերում նույնը շարունակեցին: Ռոբերտի հրամանով:
Մի հատ էդ ժամանակների հոդվածներից մեկը նորից հրապարակենք, Լևոն Քոչարյանը թող կարդա, հետո գնա, ասի. այ հեր, էս ինչե՞ր ես արել:
«Այսօր առավոտյան Կենտրոն և Նորք-Մարաշի ոստիկանության քննչական խումբը մեղադրանք է առաջադրել հոկտեմբերի 23-ի խաղաղ քայլերթի մասնակիցներից 5-ի նկատմամբ, ովքեր մինչ օրս կասկածյալի կարգավիճակում էին:
Բոլոր 5-ի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու ստորագրությունը:
Պետրոս Մակեյանը և նրա որդիները այս գործով կասկածյալի կարգավիճակում են, թեև Տիգրան և Կարեն Մակեյանները տուժել են հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Մասնավորապես, Կարենի աչքերը վնասվել են ոստիկանների օգտագործած արցունքաբեր գազից, ինչը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ, իսկ Տիգրանն արդեն երկու օր է հիվանդանոցում է` գլխին ստացած հարվածների պատճառով:
«Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից, Ազգային ժողովրդավարական միության մամուլի պատասխանատու Գոհար Վեզիրյանը, ով հոկտեմբերի 23-ին իր մասնագիտական պարտականությունները կատարելիս ենթարկվել էր բռնությունների, երկու օր է հրավիրվում է հարցաքննության, սակայն` ոչ որպես տուժող:
«Ես երկու օրն էլ կանչվում եմ գործով որպես վկա և մանրամասն ցուցմունք եմ տալիս դեպքերի առնչությամբ, թե ես` որպես լրագրող, ի՞նչ եմ տեսել, ի՞նչ խոսակցություններ եմ լսել, և ընդհանրապես` ի՞նչ է կատարվել ինձ հետ», - ասաց Գոհար Վեզիրյանը: - «Առաջադրվել է մանրամասն նկարագրել այն «կարմիր բերետավորներին» ու քաղաքացիական համազգեստով տղամարդուն, որը հարվածել է ինձ, ինչի արդյունքում ես վնասվածք եմ ստացել», 30.10.2007թ.:
Այսքանը: Բա որ սկսենք ներկայացնել այն գործերը, իսկ դրանք հարյուրներով են, երբ իշխանությունները մարդկանց հանդեպ վարվել են այնպես, ինչպես հիմա Լևոն Քոչարյանի հետ են վարվել:
Դրա համար ենք ասում. այս ընդդիմությունն ինչ խոսում է, միշտ հակադարձելու ու հիշեցնելու բան կա: