...

Մնաց «Պետություն - ազգ - Փեթակը»

Մնաց «Պետություն - ազգ - Փեթակը»

Շտապեք, բան չմնաց

Դրսում էլ մունդառ եղանակ է: Հեչ չի նպաստում խաղաղության հաստատմանը: Խաչմերուկներում էլ ահավոր խցանումներ են, սկսած խաղաղության խաչմերուկից: Մանավանդ Փեթակի կողմերը: Մենակ տեսնեք, թե ինչ է կատարվում: Իսկականից ոնց որ մեղվի փեթակ լինի: Այնպիսի առևտուր է գնում, կարծես աշխարհի վերջն է: Մարդիկ պարզապես սրբում, տանում են ապրանքները: Վաճառողները չեն էլ հասցնում նոր ապրանք բերել: 

Մինչև տարվա վերջը մեր փեթակներում ամեն օր սև ուրբաթ է լինելու: Մենք մարդ գիտենք՝ երկու անգամ մեքենայով գնացել է, մի 2-3 տարվա չարազ, մսեղեն, բաստուրմա, հագուստ առել: Որ հարցնում ես՝ ինչի՞ համար, ասում է՝ դե, սաղ առնում են, ես էլ առնեմ: 

Ձոն հաղթանակի

Լավ, վերադառնանք մեր կճղակավորներին: Իշխանությունները վերջին տարիների ընթացքում առաջին անգամ վերջապես ռազմական հաղթանակ տարան: Համառ և դիրքային մարտերից հետո, իշխանական բանակը՝ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի և նրա համհարզ Արեն Մկրտչյանի իմաստուն առաջնորդությամբ, կարողացավ լռեցնել հակառակորդի բոլոր կրակակետերն Ալավերդիի համայնքապետարանում: 

Եվ հիմա Ալավերդիում արշալույսները խաղաղ են: Այ այսպես պետք է առաջ բրդել խաղաղության օրակարգը: Զոռբայությամբ և ուժով: Այլ տարբերակ չկա:

Երկուսդ էլ ճիշտ եք

Մեկ էլ շատ խորհրդանշական բանավեճ եղավ խորհրդարանում: Այդ բանավեճը, չակերտավոր, իհարկե, արտացոլում է մեր քաղաքական դաշտի ողջ էությունը:

Ուրեմն, բանավիճում են Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Քոչարյանը: Չմեռանք, սա էլ տեսանք:

Նիկոլ Փաշինյան. «Կարող ենք հետևել Հայաստանի նախկին շրջանի վիճակագրությանն ու ասել, որ քաղաքական գործիչները պադյեզդներում չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում»։

Լևոն Քոչարյան. «Կարող եմ խոսել, օրինակ, որ վարչապետի շարասյունը հղի կնոջ ա քցում ավտոյի տակ, լայաղ չի էլ անում մի հատ կանգնի»։

Նիկոլ Փաշինյան. «Իրավունք ունե՞ն Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի մասին խոսել նրանք, որոնք «Առագաստ» սրճարանում ծեծելով սպանել են ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանին»։

Ասեք, որ իրար լավ գտել են, ու իրար լավ լրացնում են: Որ ասում ենք՝ էս ընդդիմությունը իշխանության համար գտած բան է, նվեր, չեք հավատում: Իրար քրֆում են, բայց երկուսին էլ ձեռք է տալիս ունենալ նման «հակառակորդ»: Ընդդիմությունը լավ հարմարվել է իր աթոռներին, փողը ժամանակին ստանում է, քրֆելու լիմիտ բոլ-բոլ ունի, իշխանությանն էլ նման ամորֆ, գաղափարազուրկ ու կեղտի մեջ թաթախված ընդդիմությունն էլ լրիվ բավարար է: 

«Բա դու ո՞վ ես» կարգի բանավեճերից այն կողմ ոչ մի բան չեք լսի: Երկուսին էլ դա պետք չի: 

Թուլացիր և հաճույք ստացիր

Բայց մի դրվագի պետք է անդրադառնանք: Այդ բանավեճում Լևոն Քոչարյանը վարչապետին ասում է. լավ, բա դուք չե՞ք հոգնել, որ հինգ տարի (իրականում վեց տարի էր ասել, չգիտենք ինչի), անընդհատ նախկիններին եք հիշում, ինչ ասում ենք, նախկինից եք խոսում:

Լևոն Քոչարյանն է ասում: Էլ չգիտի, որ իր ընտանիքի անդամներից մեկը 10 տարի շարունակ մասնագիտացել էր նախկինների թեմայի վրա: Նախկին հանցավոր ռեժիմ, ՀՀՇ-ական ռևանշիստներ, թալանչի ռեժիմ, մթի ու ցրտի ռեժիմ... սա է եղել Ռոբերտ Քոչարյանի ֆիշկեն: Սա նրա ներմուծած բառապաշարն ու մշակույթն է եղել, որը հիմա Նիկոլ Փաշինյանը խելոք աշակերտի պես յուրացրել ու հաճույքով օգտագործում է նույն այդ Քոչարյանի ու իր կլանի դեմ: Ինչի՞ պիտի հոգնի դա ասելուց, ընդամենը 5 տարի է անցել: Մի 5 տարի էլ դեռ նախկինների թեման կխաղացնի: 

Այնպես որ, Լևոն Ռոբերտիչ, թուլացեք ու հաճույք ստացեք. ձեզ հետ խոսում են ձեր սիրած բառապաշարով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5210 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ