Օրերս խորհրդարանում Նիկոլ Փաշինյան - Լևոն Քոչարյան լեզվակռվի ժամանակ վարչապետն ակնարկեց, թե նախկինները Եռաբլուրի տարածքներ են ձեռք բերել: Կամ յուրացրել: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր այդ մեղադրանքին, քարտեզ հրապարակել և գրել. «Եռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է: Եթե չզլանաք, կարող եք շրջել այդտեղ և ինքներդ համոզվել, թե ինչքան հեռու է Տոյոտան գերեզմաններից, և ինչքան շինություններ, խանութներ կան դրանց միջև»:
Տոյոտա ասելով՝ Լևոն Քոչարյանը նկատի ունի «Տոյոտա» ավտոսրահը, որը գտնվում է Իսակովի պողոտայում:
Գուցե Փաշինյանը մանիպուլյացիա է արել, իսկ գուցե նա բնավ նկատի չի ունեցել հենց «Տոյոտա» ավտոսրահը: Առանց այդ ավտոսրահի էլ Քոչարյանների ընտանիքը տասնյակ անշարժ գույք ունի Երևանում: Ու այս առթիվ որոշեցինք մի հատ թարմացնել մեր բոլորիս հիշողությունները, տեսնել, թե ինչ ունեցվածքով է Քոչարյանների ընտանիքը Հայաստանում սկսել իր կյանքը: Ու հիշեցնենք, որ Հայաստան գալուն պես Քոչարյանը 10 տարի շարունակ «նախկին թալանչի իշխանությունների» երգն էր երգում:
Ներկայացնում ենք 21 տարվա վաղեմության մի հրապարակում՝ նախկին իշխանությունների հայտարարագրված ունեցվածքի մասին:
«Առաջին անգամ հրապարակված Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց կապակցված անձանց եկամուտների ու գույքի հայտարարագրերը հազիվ թե արդարացնեն հույսերը, թե գույքի և եկամուտների պարտադիր հայտարարագրումը արդյունավետ հակակոռուպցիոն միջոց կդառնա:
Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարագրել է 148 քառակուսի մետր մակերեսով բնակելի տարածք և 3,2 մլն դրամ աշխատավարձ (ամսական մոտ 500 ԱՄՆ դոլար): Հասարակական, արտադրական, շենքեր, հողամասեր, տնամերձեր, այլ տեսակի անշարժ գույք, ինչպես նաև որևէ փոխադրամիջոց նախագահը չունի: Չունի նաև արտարժույթով արտահայտված եկամուտ:
Առաջին տիկին Բելլա Քոչարյանն ունի 1 միավոր բնակելի տարածք՝ 56 քառակուսի մետր մակերեսով: Այլ եկամուտներ չեն նշված: Նշված չի նաև, թե որտեղ են գտնվում Քոչարյան ամուսինների բնակարանները: Նախագահի դուստրը նշել է 71 հազար 550 դրամ եկամուտ (հավանաբար ուսանողական կրթաթոշակն է): Արտարժույթով արտահայտված եկամուտ նախագահի ընտանիքում ունի միայն որդին՝ Սեդրակ Քոչարյանը. 2 677 դոլար: Որդին նաև միակն է, որ ավտոմեքենա է հայտարարագրել՝ 1999 թվականի թողարկման ՎԱԶ 2106:
Կառավարության անդամներից պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարագրել է ամենացածր տարեկան եկամուտներից մեկը՝ 1 միլիոն 680 հազար դրամ (ամսական մոտ 250 ԱՄՆ դոլար): Ըստ հայտարարագրի, Սարգսյանը, բացի աշխատավարձից այլ եկամուտներ չունի: Ունի մեկ բնակարան և 1992 թվականի ճապոնական ավտոմեքենա:
Ուժային մյուս նախարարը՝ ազգային անվտանգության գերատեսչությունը ղեկավարող Կառլոս Պետրոսյանը, անցած տարի ունեցել է 3 միլիոն 400 հազար դրամի եկամուտ: Երևանում կառուցված նրա առանձնատունը, որի լուսանկարը տպագրել էր «Առավոտ» թերթը, պաշտոնապես պատկանում է նախարարի կնոջը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը որպես գույք հայտարարագրել է 1 բնակարան՝ 77,9 քառ մետր տարածքով, 3 տնամերձ հողամաս, 1 գյուղատնտեսական հողամաս: Միակ եկամուտը աշխատավարձն է, որը կազմել է տարվա ընթացքում 2 մլն 465 հազար դրամ: Վարչապետի ընտանքից Սուսաննա Մարգարյանը՝ ըստ երևույթին, նրա կինը, ևս ունի մեկ բնակարան 63 քառ մետր տարածքով: Աշխատավարձով արտահայտված եկամուտ չունի, բայց հայտարարագրել է 10 հազար դոլար: Սա միակ դեպքը չէ, երբ բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքներում զարմանալիորեն տիկնայք ավելի հարուստ են, քան ամուսինները:
Հայտարարագրերում չեն նշվում ոչ աշխատավարձային և դրան հավասարեցված եկամուտների աղբյուրները: Այդպիսի եկամուտներից ամենաբարձրը ունեցել է գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանի կինը՝ 100 հազար ԱՄՆ դոլար: Իսկ նախարարն ինքը անշարժ գույք կամ որևէ փոխադրամիջոց չի հայտարարագրել:
Տրասպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, որը նաև խոշոր գործարար է, բացի աշխատավարձից, հայտարարարել է նաև 51 հազար դոլարի եկամուտ, «Մերսեդես-Բենց» մակնիշի 2000 թվականի արտադրության ավտոմեքենա:
Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ընտանիքի բոլոր անդամները մեքենաներ ունեն: Որդին ունի 3 մեքենա, կինը՝ նաև 26 հազար դոլար: Բայց ինքը՝ զինդատախազը, ըստ հայտարարագրի, փոխադրամիջոց չունի, և բացի աշխատավարձից էլ այլ եկամուտ անցած տարի չի ունեցել», 04.06.2002թ.: